Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ դեպքերում երեխան դիտավորյալ վատ արարք է անում, միայն թե՝ անտարբերության մեջ չմնա

Հունվար 30,2017 12:30

Կան մայրեր, տեսակետներ, որ հակված են այն կարծիքին, թե երեխային պետք չէ շատ գրկել, համբուրել: Հոգեբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդուն օրվա ընթացքում մոտավորապես պետք է 12 անգամ գոնե գրկել: Միայն այդ պայմաններում է, որ մարդու մոտ այդ պահանջը բավարարվում է եւ մարդը կարողանում է լիարժեք աշխատել իր հասունության ու աճի վրա:

«Փսիլայֆ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Լիլիթ Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց, որ ֆիզիկական շփումը վաղ մանկության փուլից սկսած երեխայի համար շատ կարեւոր է, որը չի վերաբերում փաղաքշական գրգիռ հաղորդող սեռական օրգաններին, շուրթերին. «Իհարկե, սա չի կարելի, բայց ֆիզիկական հպումների մեջ, որն այդքան կարեւոր է, մտնում է գրկելը, կրծքին սեղմելը, դրանք ամենակարեւորն են հոգեկանի զարգացման համար, որոնց բացակայությունը բերում է ստիմուլացիաների քաղցի: Երեխան, իր վաղ զարգացման փուլից սկսած, պետք է բավարարի այդ քաղցը»:
Հոգեբանը նշեց մեկ ուսումնասիրության մասին, թե ինչպես մի խումբ երեխաների պահելով մանկատանը, տրվել է միայն սնունդ, տաքություն եւ հագուստ եւ երեխաներ, որոնք պահվել են տանը՝ ծնողական ընտանիքում, որի ֆիզիկական շփումները սահմանափակված չեն եղել եւ ամենամաքսիմալին են հասցված եղել:

Արդյունքում՝ մեծ տարբերություն է եղել ինտելեկտի եւ հոգեբանական առանձնահատկություններում. «Այն երեխաները, որոնք ֆիզիկական շփում չեն ստանում, կարող են ծայրահեղ դեպքում նույնիսկ մահանալ, քանի որ ֆիզիկական շփումը նրանց ամենակարեւորագույն կենսագործունեության պահանջն է»:

Երբ երեխային գրկում, գլուխը շոյում, գրկախառնվում, սեղմում ես, ըստ հոգեբանի, նշանակում է, որ ես քո կողքին եմ, ես քեզ պաշտպանում եմ, դու ինձ համար կարեւոր ես, դու հրաշք ես, դու ամենալավն ես: Ենթագիտակցորեն երեխայի մոտ ձեւավորվում է իր լինելության ճանաչում, որ մենք քեզ ճանաչում ենք, դու կաս, գոյություն ունես եւ սրանով երեխան սնվում է: «Երեխան ֆիզիկական հպումների հետ զուգահեռ՝ կարիք ունի անպայման հոգեբանական քաղցի, եւ ծնողը, մերձավոր հարազատները երեխային բառերով էլ ասեն, որ դու լավն ես, հրաշք ես, մենք քեզ շատ ենք սիրում, երեխան դրանով է զգում իր լինելությունը»:

Լիլիթ Խաչատրյանի խոսքերով՝ երեխաներ էլ կան, որ հակված են նույնիսկ չարություն անելու, վատ բառեր լսելու, այնքան ծեծվելու, որ դրանից էլ են կախվածության մեջ մտնում, բայց սա էլ իրենց ապրեցնում է ենթագիտակցորեն, որը իրենց հոգեկանի համար ավելի կարեւոր է, քան ծնողի կողմից անտարբերությունը դեպի իր անձը. «Երեխան ծնողի հետ շփման, հաղորդակցման, հույզեր ստանալու կարիք ունի, շատ դեպքերում կարող է դիտավորյալ անել վատ արարք, որ միայն թե անտարբերության մեջ չմնա, ամենաանտանելի բանը անտարբերությունն է եւ չզարմանաք, որ երեխան ձեզ հասցնի ծայրահեղ զայրույթի: Պետք է վերաբերմունքը գիտակցորեն փոխել եւ խրախուսել երեխային, որից հետո աստիճանաբար բացասական վարքը փոխվում է դրականի»:
Հոգեբանը նշեց նաեւ, որ մանկական մուլտֆիլմ դիտելը, հեքիաթ կարդալն ու նույն հեքիաթի սյուժեն բեմականացնելը երեխա-ծնող հարաբերություններում եւս կարեւոր են. «Ծնողների եւ երեխաների համատեղ գործողությունները, որի միջոցով բավարարվում է երեխայի հոգեբանական քաղցը եւ երեխան դառնում է ինքնավստահ, հավասարակշռված եւ ներդաշնակ»:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

28.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031