Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վրիպակի զոհը

Հունվար 29,2017 18:34
dasagrqer

Զարմիկ Սարգսյանը դասագրքերում վրիպակներ է գտել, նաև վրիպակներ է հորինել և բարձրագոչ թնդյուններով աղմուկ է բարձրացրել: Ըստ ստորագրության` ուսուցիչ և ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ:

Այս անձնավորությունը երևի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ կոչումը շփոթել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ լինելու հետ, որովհետև կոչումն այսօր ուժի մեջ է, իսկ անդամ լինելը` ոչ, քանի որ ԽՍՀՄ-ի հետ մեկտեղ այդ միությունը ևս վերացավ:

Այս ուսուցիչը, առանց իրեն հաշիվ տալու, գրում է. «Հայրենիքիս հետ» բանաստեղծության մեջ Թումանյանը «Աստված» բառը մեծատառով է գրել, դասագրքում (162 էջ) այն, չգիտես ինչու, դարձել է փոքրատառ»: Խոսքը հանրակրթական դպրոցի 8-րդ դասարանի «Գրականություն» դասագրքի մասին է:

Դասագիրք կազմող յուրաքանչյուր հեղինակի համար ելակետային սկզբնաղբյուրը տվյալ գրողի երկերի ժողովածուի վերջին գիտական հրատարակությունն է, գիտականի բացակայության դեպքում` հնարավորինս ամբողջականը և որակյալը:

Ահա, բաց ես անում Թումանյանի գիտական 10-հատորյա ժողովածուի 1-ին հատորը (ԳԱ հրատարակչություն, 1988, էջ 269) և տեսնում ես, որ նշված բառը գրված է փոքրատառ: Այսինքն` ուսուցիչը չարամտորեն զրպարտել է դասագիրքը կազմողին, ինչը պատժելի արարք է:

Այս ուսուցիչը գրում է. «Նույն ոճով «օ~» ձայնարկության բացականչական նշանն անհայտացել է Ե. Չարենցի «Մեռած պոետին»-ում (223 էջ)»: Նույն ջանասիրությամբ բացում ես Չարենցի գիտական 6-հատորյա ժողովածուի 4-րդ հատորը (ԳԱ հրատարակչություն, 1968, էջ 50-51) և տեսնում ես, որ նշված «օ»-ն, որ օգտագործվել է չորս անգամ, ոչ մի տեղ չի կրում բացականչական նշան: Այսինքն`այս ուսուցիչը դասագիրքը կազմողին չարամտորեն զրպարտել է երկրորդ անգամ, ինչը, կրկնում ենք, պատժելի արարք է:

Այս ուսուցիչը գրում է. «Մեկ էջ այն կողմ` «Աքասիաներու շուքին տակ». այստեղ էլ հակառակն է. առաջին տողում ավելացել է ը. «Ծաղիկներն հովը թերթերը կթափե»…»: Բաց ես անում Մեծարենցի «Երկերի լիակատար ժողովածու»-ն (ԳԱ հրատարակչություն, 1981, էջ 42) և տեսնում, որ Զարմիկ Սարգսյանի հիշատակած առաջին տողը այլ է. «Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե»:

Ի՞նչ նպատակով է այս շփոթն ստեղծել ուսուցիչը, մի՞թե այսպես աչքի չափով, ոչ բնագրային իմացություններով է ուսուցանում իր աշակերտներին: Անհրաժեշտ է ստուգել, որովհետև այս փաստերով նա ակնհայտորեն կորցնում է մասնագիտական վստահությունը…

Ինչ վերաբերում է այս և այլ դասագրքերում նրա նկատած բնագրային աննշան տարբերություններին, ապա պարզ երևում է, որ դրանք ակնհայտ վրիպակներ են: Իհարկե, անցանկալի է վրիպակը, հաջորդ հրատարակություններում  դրանք կուղղվեն, բայց մի՞թե վրիպակն առիթ է` չարամիտ հերյուրանքներ տարածելու դասագրքերի հասցեին: Խոսքը հատկապես 7-9-րդ դասարանների «Գրականություն» դասագրքերի մասին է, որոնք այնքան սիրով ընդունվել են դպրոցում: Կարծես վրիպակն առիթ է դարձրել նենգ հարձակումների և իր համար իսկ վիրավորական ու ամոթալի արտահայտությունների համար: Մինչդեռ այդ դասագրքերը սիրով են ընդունվել դպրոցում, սիրով են դրանցով սովորեցնում ուսուցիչները և սովորում աշակերտները: Այդ են վկայում մեթոդիստների և վաստակաշատ ուսուցիչների մշտադիտարկումները, ինչպես նաև դասագրքերին նվիրված առանձին գրախոսություններ:

Սրբագրիչի աչքը շատ անհրաժեշտ է, բայց ուսուցչի առաքելությունը շատ ու շատ ավելին է… Լավ ուսուցիչը վրիպակը տեղնուտեղը կուղղի և աշակերտին չի տրամադրի դասագրքի դեմ: Ուրեմն, ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ Զարմիկ Սարգսյան, դատելուց առաջ մտածեք, որ կարող եք նաև դատվել կամ` այդ ինչո՞ւ քո աչքի գերանը չես տեսնում, իսկ ուրիշի աչքի շյուղը տեսնում ես …

Կարինե Ափոյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031