Հունվարի 28-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովի հետ, ով Հայաստանի Հանրապետություն էր ժամանել ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռուսական կողմից` ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՌԴ Հարավային զինվորական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկը և այլոք:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցերի գրեթե ամբողջ ծավալը` ռազմական և ռազմատեխնիկական ուղղություններով, ինչպես նաև նախանշվել են հեռանկարային քայլերը:
ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ Գյումրի` ՌԴ 102-րդ ռազմակայան այցելության ընթացքում ստուգել է զորախմբի օբյեկտները, նյութատեխնիկական բազան, ենթակառույցները, սոցիալ-կենցաղային պայմանները:
Կարդացեք նաև
ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ հայ-ռուսական համագործակցությունը և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման կարևոր գործոններ են:
Վիգեն Սարգսյանը հայտնել է նաև, որ հայկական կողմը պատրաստ է շարունակելու Սիրիայում մարդասիրական օգնության ցուցաբերման առաքելությունը և մոտակա օրերին պատրաստ կլինի առաքման հայկական օգնության հերթական խմբաքանակը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն