Լրահոս
Օրվա լրահոսը

Կա հարստության մի չափ, որից ավելին վտանգավոր է կյանքի համար

Հունվար 29,2017 14:30

Գաղտնիք չէ, որ ժամանակի կտրվածքով մարդկային կյանքն ակնթարթ է և միաժամանակ չափազանց զարմանալի է, որ այդ ակնթարթի պարագայում մարդիկ չեն խնայում իրար ու նույնիսկ մի քանի գրոշի համար կարող են իրար կոկորդ  կրծել: Մարդ Աստծո, մի՞թե չես հասկանում, որ ընդամենը թիթեռի չափ կյանք ունես և քեզ պահում ես այնպես, կարծես հավերժ ես և անմահության դափնին քեզ է շնորհված: Դու չես հասկանում անգամ, որ քո ծնունդը արդարացված է լոկ մի առաքելությամբ. պետք է լինես խոնարհ, ստեղծես արժեքներ, դրանք ավելացնես եղածներին և հանգիստ խղճով կնքես մահկանացուդ:

Սա է լույս աշխարհ եկող յուրաքանչյուր մարդու առաքելությունը: Մի փորձեք այլ առաքելություններ շնորհել ձեզ, քանզի դրա իրավունքը վերապահված է միայն Տիրոջը: Եթե սխալվում և անգամ նման բան ես անցկացնում քո մտքով, դա արդեն մեծ հանդգնություն է Տիրոջ նկատմամբ, քանզի եթե Տերը որոշել է քեզ արարել որպես մարդ, այլ ոչ թե՝ ճիճու, մողես կամ գորտ, դա բնավ չի նշանակում, որ դու արտոնյալ ես ու լիովին անկախ և ազատ ես՝ քեզ շնորհներ ու տիտղոսներ պարգևելու և դրանք իրացնելու կտրվածքով: Մի մոռացիր, որ դու ընդամենը կատարածու ես և պարտավոր ես անել այն, ինչով քեզ լիազորել է Տերը ու ոչինչ ավելին: Զգոն եղիր և մշտապես հիշիր, որ որևէ մեկը երբևէ իրավունք չունի վնասելու ուրիշներին և նրանց հաշվին ինչ-որ բաներ ունենալու՝ ձեռք գցելու, քանզի Տերն է արարել բոլորին և ինքն է տնօրինում երկրի վրա մարդկային բազմության կառավարումը:

Այն, ինչը կատարվում է Տիրոջ կամքից անկախ, կատարողն ինքն է պատասխանատու դառնում իր արարքների համար՝ դրանցից բխող բոլոր հետևանքներով: Այ, սա է, որ շատերը չեն գիտակցում և իրենց տեր կարծելով, վերազանցում են իրենց լիազորությունները, չհասկանալով, եթե ուրիշ ոչինչ, ապա կատարած քայլերի համար պետք է պատասխան տան Տիրոջը, իսկ Տերը արդար է և դրանց վերաբերում է միմիայն ճշմարտության շնչով: Իհարկե, Տերը մեծահոգի է, բարի, կամեցող, բայց երբեք թույլ չի տա, որ որևէ մեկն իրեն լավ զգա՝ մյուսի հաշվին, քանզի բոլորը իր զավակներն են, իսկ հայրը միշտ էլ հավասարապես է սիրում իր զավակներին: Հարկավոր է միայն, որ մարդիկ առաջնորդվեն այս բանաձևով և ոչ մեկի ոտքը քարին չի դիպչի ու բոլորը կապրեն խաղաղ և երջանիկ: Իսկ նորմալ կյանք ասվածը հենց սա է, սրանից ավելին՝ ուղղակի չի լինում:

Կյանքը ապացուցել է, որ մարդ արարածը ագահ կենսաբանական էակ է և մշտապես մոռանալով վերը նշված կանոնները, շարունակաբար փորձում է ուրիշներից խլել, հարստանալ նրանց հաշվին ու անխտիր փորձում է բոլորին ընկղմելով տիղմի մեջ, ինքը մնա ջրի երեսին և անվերջ հարստանա ու փորձի ձեռք բերել մարդկության թիվ մեկ ունևորի տիտղոսը: Այո, միջին հաշվով մարդ արարածն այսպիսին է: Ցավոք, այդ ճանապարհին մարդն ամեն ինչ մտածում է, բացի մի բանից. լավ, այս ամենն ինչի՞ համար է անում, իր ինչի՞ն է պետք, քանի որ կրկնում եմ, ինքն ընդամենը թիթեռի չափ կյանք ունի: Զարմանալի է. միայն այս հարցում է, որ նրա զգոնությունը չի աշխատում, իսկ մնացած հարցերում՝ նա ի հնարավորին զգոն է գործում: Իսկ ասվածը, մեկ բառով, ոչ այլ ինչ է, քան ագահություն: Ակնհայտ է, որ ագահությունը կործանարար է և դա կարելի է հիմնավորել շատ պարզ օրինակի վրա:

Եթե մարդն  ագահություն անի և չափից ավելի ուտի կամ խմի, ապա նրա օրգանիզմը ֆիզիկապես չի մարսի և նրան փրկելը կդառնա համարյա անհնարին, այլ խոսքով ագահությունը կկործանի նրան: Հիշենք, որ այսպես է ամեն հարցում. կան չգրված չափեր՝ սահմաններ, որոնք գերազանցելու դեպքում, անպայման կկործանվենք, քանզի դրանք արվում են անմաքուր՝ ուրիշների հաշվին: Ավելի պարզ ասած, ուրիշի դժբախտության վրա երջանկություն կառուցողը՝ եթե ոչ վաղը, ապա մյուս օրը հաստատ կործանվելու է: Յուրաքանչյուրս պետք է ապրենք այս բանաձևով, քանզի պետք է մշտապես զգոն լինենք, գիտակցենք, ինչու ոչ, նաև վախենանք, որ նորմայից շեղումը կործանարար է:

Մարդկության սկզբից մինչև այսօր, ոչ մի մեծահարուստ չի անմահացել և եթե մի հնարքով նրանց մի քանի վայրկյանով հարություն առնելու հնարավորություն տրվեր, ապա բոլորը միաբերան կասեին, որ իրենց դժբախտությունների հիմնական պատճառը անօրինական կուտակած հարստությունն է, և որ հարստության չափը ոչ մի աղերս չունի երջանկության հետ ու եթե հրաշք լիներ և իրենք երկրորդ անգամ ծնվեին, ապա ամեն ինչի կձգտեին, բացի կեղտոտ ճանապարհներով հարստություն կուտակելուց: Նման ճանապարհով կուտակած հարստությունը մշտապես նեղացող օղակի նման սեղմել է իրենց պարանոցը, թույլ չտալով լիարժեք շնչել: Ահա, թե ինչպիսին է թալանով ստեղծած հարստությունը և ինչեր կարող է անել այն…

Մարդիկ, ձեր իսկ ձեռքով մի կործանեք ձեզ …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031