Լրահոս
Օրվա լրահոսը

Ու՞մ կմիանա Գագիկ Ծառուկյանը

Հունվար 29,2017 12:00

Ինչպես ենթադրվում էր, Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն: Այսինքն, քոռփոշման չթողեց իր վերադարձը խնդրողներին և ընդառաջ գնաց նրանց: Ինչպես սպասվում էր, Ծառուկյանի վերադարձով զգալիորեն մեղմվեց Սեյրան Օհանյանի , Օսկանյանի ու Վիկտոր Դալլաքյանի շուրջ առաջացած աղմուկը, և հիմա արդեն մեր քաղաքական գուշակները փորձում են գուշակել, թե ովքեր կմիանան Ծառուկյանին, ավելի ճիշտ՝ Ծառուկյանն ու՞մ կթողնի, որ իրեն միանան:

Ծառուկյանն իր վերադարձի հայտարարության մեջ նշել է, որ մտադիր է ընտրություններին մասնակցել լայն դաշինքով և չի բացառել քաղաքական որևէ ուժի մասնակցությունն այդ դաշինքին: Այս «լայն դաշինքի» առկայությունը լուրջ հույսերով համակեց քաղաքական ուժերից շատերին, և Ծառուկյանի հայտարարությունից հետո, ինչպեսև սպասվում էր, նրանցից շատերը փորձեցին իրենց պատկերացնել Ծառուկյանի խոստացած լայն դաշինքի մեջ:

Չնայած Ծառուկյանն իր հայտարարության մեջ խոստացավ, որ իր նախատեսած լայն դաշինքի դռները բաց են բոլորի համար, այդուհանդերձ, բոլորիս համար պարզ է, որ Ծառուկյանի նախատեսած դաշինքի դռները քաղաքական ուժերից ու գործիչներից շատերի համար փակ են լինելու՝ այն պարզ պատճառով, որ նրանցից շատերը կցանկանան ընդգրկվել Ծառուկյանի խոստացած «լայն դաշինքի» մեջ, բայց հնարավորություն չեն ունենալու, որովհետև ցանկացողներն այնքան շատ են լինելու, որ եթե Ծառուկյանը նրանց բոլորին իր դաշինքում ընդգրկի, իր դաշինքում իր ու ԲՀԿ-ականների համար տեղ չի մնա: Այսուհանդերձ, Ծառուկյանի «լայն դաշինքի» մեջ ընդգրկվել ցանկացողների պահվածքից ու տրամադրությունից զգացվում է, որ Ծառուկյանն առայժմ նրանց կտրականապես չի մերժել, և տպավորություն է ստեղծվում, որ ցանկացողների «լայն դաշինքի» մեջ ընդգրկվելը ոչ թե Ծառուկյանի կամքից է կախված, այլ՝ ցանկացողների կամքից: Բայց հասկանալի է, որ սա ժամանակավոր ինքնախաբեություն է, և հեռու չի այն պահը, երբ Ծառուկյանն ու նրա քաղաքական հաճախորդները ստիպված կլինեն հասկանալ, որ, նույնիսկ ամենալայն դաշինքի դեպքում, քչերին կհաջողվի ընդգրկվել տվյալ դաշինքում: Եվ այդ երջանիկ քչերին ընտրելու պատասխանատվությունն էլ ընկնելու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա: Այնպես որ, ինչքան էլ Ծառուկյանը փորձի բոլորին լավամարդ լինել, չի ստացվելու, որովհետև ցանկացողները չափազանց շատ են, իսկ «լայն դաշինքի» տեղերը՝ չափազանց սահմանափակ:

Երբ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից, քչերը կարող էին ենթադրել, որ ընդամենը երկու տարի անց վերստին կվերադառնա, ընդ որում՝ այսքան հաջողությամբ   ու շռնդալից: Նույնիսկ ամենահմուտ ու փորձառու քաղաքագետներն այս շռնդալից վերադարձը չէին կանխագուշակում: Սա նշանակում է, որ ոչ միայն մեր քաղաքագետները մեր ներքաղաքական իրավիճակները լավ չեն պատկերացնում, այլև որ՝ մեր ներքաղաքական իրավիճակներն ու հարաբերությունները չափից ավելի անկանխատեսելի են, և մեր ներհայաստանյան քաղաքական հարաբերություններն էլ գրեթե առնչություն չունեն քաղաքականություն կոչվող երևույթի հետ:

Առայժմ բոլորը, գրեթե բոլորը, հաճոյանում են Ծառուկյանին: Առայժմ: Շատ  շուտով հաճոյախոսությունները կտրուկ կպակասեն, որովհետև Ծառուկյանը ստիպված կլինի հաճախորդներին հասկացնել, որ իր՝ թեկուզև «լայն դաշինքի» տեղերն ամենևին էլ անսահմանափակ չեն: Եվ հաճոյախոս հաճախորդներից նրանք, ում համար «լայն դաշինքում» տեղ չգտնվի, գուցեև հայտարարեն, որ իրենք չցանկացան «լայն դաշինքում» ընդգրկվել՝ գաղափարական ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով: Մերժված հաճախորդներից որոշներն էլ, հնարավոր է, հաճոյախոսությունները դադարեցնեն և Ծառուկյանի ու ԲՀԿ-ի մասին ասեն այն, ինչ իրականում մտածում են: Եթե, իհարկե, քաջություն ու համարձակություն ունենան: Բայց դժվար թե քաջություն ու համարձակություն ունենան, որովհետև, ինչքան էլ ընկճված ու հուսահատ լինեն, կհասկանան, որ ուշացած ու ժամկետանց քաջությունն ամենաստոր վախկոտությունից էլ ծիծաղելի է:

Իսկ որ ընկճված ու հուսահատ հաճախորդներ շատ են լինելու, դա կասկածից վեր է,  և այդ իմաստով Ծառուկյանը մի պահ դժվարին կացության մեջ է հայտնվելու, որովհետև, չնայած ինքը սիրում է բոլորի համար լավ լինել, այդուհանդերձ, իրավիճակը դա թույլ չի տալիս, և մինչև ընտրությունների օրն էլ թույլ չի տալու, որովհետև, դաշինքների վերջնական գոյության պարագայում էլ, շանս չունեցող կամ քիչ շանս ունեցող դաշինքները Ծառուկյանին դիմելու են՝ ընտրություններին ընդդիմադիր միասնական ճակատով մասնակցելու հորդորով:

Այնպես որ, մինչև ընտրությունների օրը շատ բան կարող է փոխվել կամ, ընդհակառակը, չփոխվել: Շատ բան, իհարկե, կախված կլինի անձամբ Ծառուկյանից: Տարբերակները մի քանիսն են: Թե դրանցից որը կընտրի ԲՀԿ առաջնորդը, կարծում եմ՝ առայժմ իրեն էլ հայտնի չէ, որովհետև այս ընթացքում կարող է շատ բան փոխվել՝ անկախ մեր և նույնիսկ Ծառուկյանի կամքից: Եթե մի երկրում Սեյրան Օհանյանը մի քանի օրվա մեջ դառնում է ընդդիմադիր, այդ երկրում չափազանց դժվար է քաղաքական ենթադրություններ անել: Այսինքն, այս պահի դրությամբ ոչինչ պարզ չէ: Նույնսկ Գագիկ Ծառուկյանի համար: Ավելին. Ծառուկյանի համար շատ ավելի բարդ է, քան՝ մյուսների համար:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

28.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031