Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ժառանգության» Կապանի և Սիսիանի կառույցներն անհամաձայնություն են հայտնում

Հունվար 28,2017 23:28

«Ժառանգություն» կուսակցության Կապանի և Սիսիանի կառույցների որոշումը 2017թ. ՀՀ ԱԺ ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին

«Ժառանգություն» կուսակցության Կապանի և Սիսիանի կառույցները, հիմք ընդունելով կառույցների անդամների դիրքորոշումներն ու կարծիքները, ինչպես նաև համակիրների շրջանում իրականացրած հարցումները, որոշում են.

Հարգանքով ընդունելով և կարևորելով կուսակցության վարչության և մեր կուսակցական ավագ ընկերների ջանքերը՝ միտված լայն համախմբման,  ինչպես ընդդիմադիր, այնպես էլ նախկինում ռեժիմի հենարաններ հանդիսացող նախկին պաշտոնյաների միջև, որոնք նպատակ ունեն ընտրությունների և հնարավոր հետընտրական զարգացումների միջոցով սկիզբ դնել իշխանափոխության և համակարգային փոփոխությունների, այնուամենայնիվ, ընդունելի չենք համարում այդ նպատակին ընդառաջ ձեռնարկված որոշ միջոցներ:

Մասնավորապես`

Համագործակցության վերաբերյալ քննարկումներն ու բանակցությունները Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի կառավարությունների նախկին նախարարներ Վ. Օսկանյանի և Ս. Օհանյանի հետ: Հիմնավորում ենք մեր անհամաձայնությունը նրանով, որ այդ անձինք, լինելով ռեժիմի հենարաններ և ղեկավարելով պետական կառավարման կարևորագույն օղակներ, երբևէ չեն ցուցաբերել անհամաձայնություն Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի վարած ներքին և արտաքին հանցավոր քաղաքականության նկատմամբ, չեն ցուցաբերել նախաձեռնողականություն և ինքնուրույն մտածողություն այդ ամենը շտկելու ուղղությամբ:

Ընդունելով, որ այս օրերին հավատաքննությամբ զբաղվելը սխալ է, այնուամենայնիվ, վստահ ենք, որ այդ անձինք բազմաթիվ թելերով կապված են գործող ռեժիմին և այլևս անկաշկանդ գործելու հնարավորություն չունեն, և հետևաբար` կլքեն մեզ ու ժողովրդին, և կամ էլ, մանդատ ստանալով, հետագա համագործակցություն կծավալեն ռեժիմի հետ: Մեր անհամաձայնությունը պայմանավորված է նաև տեղի ունեցող գործընթացների ոչ թափանցիկությամբ, որը նաև ստիպում է հակվել այն մտքին, որ մեզ հետ բանակցող նախկին պաշտոնյաները իրենց նպատակների մեջ անկեղծ չեն:

Ինչ վերաբերվում է «Ծառուկյան» դաշինքին, ապա մենք ունենք եռյակի ձևաչափով համագործակցության դառը փորձը, և որ Գ. Ծառուկյանն ինքն այս պահին դեռևս հանդես չի գալիս ընդդիմադիր դիրքերից:

Այս ամենի հետևանքով մենք կդավաճանենք մեր այն հայրենակիցներին, որոնք այսքան տարիների ընթացքում հավատացել են մեզ և ընդունել են մեր գաղափարները:

Առաջարկում ենք`

միավորվել և համագործակցել բացառապես այն ուժերի և անհատների հետ, որոնք ունեն հանրային վստահություն և որոնք երբևէ մաս չեն կազմել գործող իշխանության, պայքարի մեջ մտնել միայնակ, որպես «Ժառանգություն» կուսակցություն` վստահելով մեր ուժերին, մեր գաղափարների ճշմարտացիությանը և այն հանրային վստահությանը, որն ունի կուսակցությունը, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում իր ծավալած գործունեության արդյունքում:

Կապանի և Սիսիանի կառույցների համակարգողներ՝ Ս Հայրապետյան, Ռ Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031