Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ երեկոյան անակնկալ շրջայց է կատարել (Տեսանյութ)

Հունվար 28,2017 20:37

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան
Մարտիրոսյանը երեկ ուշ երեկոյան անակնկալ շրջայց կատարեց մի քանի մարզերի
ավտոճանապարհներով: Ձյան առատ տեղումները ճանապարհաշինական
ընկերություններին ստիպում են աշխատել ավելի ինտենսիվ, սակայն թե որքանով
են աշխատանքները արդյունավետ, նախարարը որոշեց իր աչքով տեսնել:

Առաջին կանգառը կատարվեց Աբովյանի տարածաշրջանում: Այցից անակնկալի եկած Կոտայքի ճանշինի աշխատակիցները զեկուցեցին, որ աշխատում են շուրջօրյա:
Ճանապարհի այս հատվածի անցանելիությունը նախարարն ընդհանուր առմամբ
գնահատեց բավարար և հորդորեց աշխատել առավել ինտենսիվ:

Ծովագյուղի մոտակայքում ճանապարհին կուտակված էին մի քանի բեռնատարներ:
Տեղում պարզվեց, որ Դիլիջանի թունելն անցնելուց հետո մի բեռնատար սխալ
շրջադարձ էր կատարել, որի արդյունքում փակել էր երթևեկելի հատվածի մի
կողմը: «Ժամանակավոր դադարեցրել ենք ծանրաքարշ մեքենաների երթևեկը` մինչև
իրավիճակը կշտկվի»,-ասաց ճանապարհային ոստիկանության տարածքային տեսուչը:

Նախարարը հանձնարարեց արագ դուրս բերել կանգնած բեռնատարը երթևեկելի
հատվածից և վերականգնել բնականոն երթևեկը: Թունելն անցնելուց հետո Դիլիջանի ոլորաններին ճանապարհների անցանելիությունը չգոհացրեց նախարարին: «Ծովագյուղ» ճանապարհաշինական ընկերության տնօրենն արդարացավ, թե սովորական պայմաններում այս հատվածը երկու մեքենա աղ ու ավազով լրիվ ծածկում են, վերջին օրերին 22 մեքենա խառնուրդ են շաղ տվել, բայց լիարժեք մաքրել չի հաջողվում:

«Երեկ առավոտից անդադար ձյուն է գալիս, անընդհատ մաքրում ենք, աղ ու
ավազով մշակում, բայց ուրբաթ երեկո է, մեքենաների ինտենսիվությունը շատ մեծ
է, վարորդներն էլ անհամբեր»,- ասաց «Ծովագյուղ ՃՇՇ» տնօրեն Նորիկ
Սիմոնյանը: Նախարարը հանձնարարեց ջանքերը կրկնապատկել: Վերջին հրահանգները տալով` շարունակեց ճանապարհը դեպի Վանաձոր: Այս ճանապարհահատվածում անընդհատ տեղացող ձյունն ու բուքը դժվարացնում են մաքրման աշխատանքները, ճանապարհը հատվածաբար վատ էր մաքրված: Նախարարի նկատողությանն ի պատասխան՝ սպասարկող ընկերության ներկայացուցիչները լռեցին:

Վահան Մարտիրոսյանը զգուշացրեց, որ ստուգումներ են լինելու հաջորդ օրն
առավոտյան, ակնկալվում է ճանապարհը տեսնել լիարժեք մաքրված:
«Եթե իրավիճակը չշտկվի, ստիպված կլինենք վերանայել սպասարկման
պայմանագրերը ձեզ հետ»,- հավելեց նախարարը:

Սպիտակի ոլորանները հանրապետության ամենաբքառատ ճանապարհներից են։ Սակայն դա չի արդարացնում ճանապարհի մեղմ ասած՝ վատ վիճակը։ Սպասարկող ճանշինի տնօրենն ասում է, թե բքի պայմաններում մաքրելն անհնար է, նախարարը
հակադարձում է` դա արդարանում չէ: «Եթե մյուսների մոտ ստացվում է, ձեզ մոտ
ոչ, ուրեմն դուք լավ չեք աշխատում»,- ասաց նախարարը: Եղանակային խիստ պայմաններ են նաև Արագածի և Ապարանի տարածաշրջաններում՝
Ռիա-Թազա- Քուչակ հատվածում, որտեղ ձյան շերտը ավելի քան 50 սմ է, սակայն
ճանապարհաշինարարները աշխատել են բարեխղճորեն, տեխնիկան ճանապարհին էր՝ գործի դրված, երթևեկելի հատվածը՝ լիարժեք անցանելի:

Ընթացքում մերթընդմերթ կանգառներ, նկատողություններ, լավ աշխատանքի
դեպքում` գովեստի խոսքեր, ինչպես Արագածի տարածաշրջանը սպասարկող
ընկերության դեպքում է: Գոհացուցիչ էր նաև Ապարանի ավտոճանապարհների
վիճակը: Աշտարակի տարածաշրջանի բետոնածածկ ճանապարհին ձնամաքրման աշխատանքները, ի տարբերություն ասֆալտապատ ճանապարհի, քիչ այլ կերպ են կատարվում: Սպասարկող ընկերության աշխատակիցը ներկայացրեց արվածը, ցույց տվեց բետոնե ծածկը մաքրելու համար հարմարեցված տեխնիկան:

Այստեղ էլ նախարարն ամփոփեց շրջայցը, ընդհանուր առմամբ ավտոճանապարհների մաքրման և մշակման աշխատանքների վիճակը գնահատելով բավարար` ընդգծելով նաև նկատած թերությունները: «Մինչև ուշ գիշեր շրջեցինք տարբեր մարզերով, ձնամաքրման աշխատանքներն ընթանում են: Ճանապարհաշինարարների աշխատանքների և’ դրական, և’ բացասական
մասերը տեսանք: Գնահատում ենք լավ աշխատողների ջանքերը, իսկ գործում
թերացողների դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասաց նախարարը:

Վահան Մարտիրոսյանի խոսքով` նմանատիպ անակնկալ այցերն ավելի արդյունավետ են` բոլոր թերացումները բացահայտելու և դրանք շտկելու ուղղությամբ հրատապ քայլեր ձեռնարկելու համար:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031