Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը` այլասերվածների ու Վահան Շիրխանյանի մասին (Տեսանյութ)

Հունվար 28,2017 18:55

«Արդեն իսկ օրենքը խախտված է, որ ընտրությունների օր է նշանակված ապրիլի 2-ը: ՀԱԿ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ: Իսկ գիտե՞ք ինչու են ապրիլի 2-ը ընտրել, որովհետեւ հայերը ցրտին տնից դուրս չեն գալիս…Սա զուտ հայկական ընտրություն է, հեքիաթների աշխարհից: Ափսոս հեքիաթասացները չկան…Ճիշտ է հիմա  Պրեսկոտը չկա, բայց կգա պրեսկոտանման մեկ այլ էակ ու կհայտարարի, թե իբր այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին նախորդից»,-հունվարի 28-ին «Դեբատ» ակումբում հայտարարեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Նա ասաց, որ անձամբ ինքը չի մասնակցելու ընտրություններին

Պարոն Եղիազարյանը  մռայլ կանխատեսումներ արեց, օրինակ այն, որ մայիս ամսից Հայաստանը կհայտնվի ցնցումների դաշտում. «Մենք ամեն օր հետ ենք գնում: Զարմանալ կարելի է, ինչպե՞ս կարող է երկրի 40%-ը սոված լինել, բայց մարդիկ այդքանից հետո գնան ու ՀՀԿ-ին ձայն տան: Կլինեն ականներ, որոնք կգան խորհրդարան, որպեսզի հավերժացնեն ՀՀԿ-ին: Ու դրա համար կծառայի այն գումարը, որ շորթվել է ժողովրդից»:

ԱԱԾ նախկին ղեկավարի խոսքով այս ամենում երկու գլխավոր տուժող կա`հայ ազգը եւ ժողովրդավարությունը, որը Հայաստանում անգամ սաղմնային վիճակում չէ:

Դառնալով ընտրություններին ու ընտրական օրենսգրքին` նա մի օրինակ բերեց. «Օրինակ, ես ցանկանում եմ, որ Կարեն Կարապետյանը լինի վարչապետ, քանի որ նա լուրջ հայտ է ներկայացրել լավ վարչապետ լինելու: Ու որպեսզի նրան օգնեմ, ստիպված պետք է ընտրեմ ՀՀԿ-ին, ինչը չեմ կարող: Այս ամենը լավ մտածված ծրագիր է»:

Նրա խոսքով. «Ընտրությունների ժամանակ կօգտագործվի ծեծուջարդ, շորթումներ, փող: Ընտրատեղամասերում ՀՀԿ-ն կստեղծի իր այլասերվածների խումբը, որտեղ ընդգրկվածները հետագայում ցուցմունք կտան  նրանց վրա, որոնք կփորձեն կանխել այլասերումները ընտրական տեղամասերում, նրանց վրա գործեր կհարուցվեն, հետո գուցե Եվրոպայից կլինի բարի կամքի արտահայտություն»:

Գուրգեն Եզիազարյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, ասաց, որ Հայաստանում հնարավոր չէ համախմբվել, քանի որ հայ ազգը 700 տարի օտարի լծի տակ է գտնվել, ինչը գենետիկորեն փոխանցվել է սերունդներին:

Նա Վահան Շիրխանյանի հետ կատարվածին էլ անդրադարձավ. «Ես Վահան Շիրխանյանի մտերիմներից չեմ, ուղղակի ուզում եմ փաստել, որ 4-րդ անգամ դատը հետաձգվում է, որովհետեւ Վահան Շիրխանյանին չեն կարողանում բերել դատարան: Մարդասպա՞ն է, հանցագո՞րծ է սարսափելի, ախր մարդասպանին երկու օր հետո դուրս ես թողել, նրա վրա ոչ մի բան չկա ապացուցված, տարեք մարդը բուժվի քաղաքացիական հիվանդանոցում…Չէ, ոնց կլինի…Վահան Շիրխանյանը փորձել է կպնել Սերժ Սարգսյանի աթոռին: Չնայած չեմ հավատում,  Շիրխանյանն էդ մարդը չէ: Որոշել են, որ նա պիտի մահանա, մենք այդ երկրում ենք ապրում»:

Գուրգեն Եղիազարյանի խոսքով, Հայաստանը շատ նման է ներկայիս Հյուսիսային Կորեային: Նրա ձեւակերպմամբ, դու ապահով ես, եթե գործող իշխանության  հետ ես կամ նրա ծառան, եթե ոչ` ապահովագրված չես փորձանքներից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031