Այսօր ՊՆ նախարարի խորհրդական, Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը Եռաբլուր էր այցելել: Նա շնորհավորեց բոլորին՝ Բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ:
Լրագրողների հետ զրույցում հարցին՝ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը երեկ խոսեց զինվորի կոշիկի մասին, արդյոք բանակում մեր խնդիրները միայն կոշիկներն են՝ նա պատասխանեց. «Մենք երեկ ունեցել ենք կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ժամանակ Վիգեն Սարգսյանը, Վիգեն Սարգսյանի առաջին տեղակալները՝ Տոնոյանի գլխավորությամբ եւ գլխավոր շտաբի պետը խոսել են այն խնդիրների մասին եւ քննարկել են այն խնդիրները, որոնց մեջ ուղղելու, շտկելու կարիք կա դեռ: Դրանք ընթացակարգի մեջ են եւ ՊՆ նախարարը, գերագույն գլխավոր հրամանատարը հետեւողաբար հետեւում են յուրաքանչյուր քայլին, որպեսզի ամեն խնդիրները լուծվեն: Միայն կոշիկներով չի, դուք տեղյակ եք միայն կոշիկներից: Բայց ոչ միայն կոշիկները, ամեն ինչ՝ սկսած ավելից, ասեղից, մինչեւ զենք-զինամթերք»:
Նա ասաց, որ ՊՆ Նախկին նախարար Սեյրան Օհանյանին տեսնում է քաղաքականության մեջ, բայց ոչ ընդդիմադիր դաշտում. «Ես, համենայնդեպս, չեմ պատկերացնում: Գիտեմ մի բան՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ուզում է, որ երկրի վիճակը կայուն լինի, նորմալ լինի եւ ամենաշատը նա մտահոգված է բանակի համար»: Դիտարկմանը, որ փաստորեն մտահոգվելու առիթ կա եւ տեղին է նրա մտահոգությունը՝ Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ իշխող կուսակցությունն էլ է մտահոգված, ամեն տեղ էլ կան մտահոգություններ, բայց նայած, թե ով ինչ տեսանկյունից է ուզում այդ մտահոգությունների լուծումը փնտրել ու գտնել:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ երբ լրագրողներն ասացին՝ Սեյրան Օհանյանն ավելի շատ նեղացած գնաց, դրա համար հիմա կարծես իշխանությունների դեմ է դուրս եկել՝ Արմեն Սարգսյանը մի հետաքրքիր դրվագ պատմեց, որ Սեյրան Օհանյանին բոլորովին չեն նեղացրել. «Չեմ կարծում: Իր գնալու օրը, երբ ներկայացրել են Վիգեն Սարգսյանին, ինքը ներկա է եղել եւ նաեւ ես եմ ներկա եղել: ՀՀ նախագահը ներկայացրել է նոր նախարարին: Մեր բոլորի ներկայությամբ կոլեգիայի փոքրիկ դահլիճում ասաց, որ առաջարկվել է Սեյրան Օհանյանին Անվտանգության խորհրդի քարտուղար եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար: Սեյրան Օհանյանն այդ պահին ոչ թե հրաժարվել է, այլ խնդրել է ՀՀ նախագահին մի փոքրիկ դադար, որպեսզի հանգստանա, ի վերջո մարդը հանգստի կարիք ունի»:
Հարցին՝ Հովիկ Աբրահամյանին ընդդիմադիր պատկերացնո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Չեմ պատկերացնում: Չնայած Հովիկ Աբրահամյանի հետ լավ ընկերներ ենք եղել, բարեկամներ, բայց շուտվանից չեմ տեսել իրեն»:
Արմեն Սարգսյանն ասաց, որ առաջիկայում չի պատրաստվում միանալ «Ելք» դաշինքին:
Հիշեցնենք, որ Ելք դաշինքում է նրա եղբոր՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ