Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Կձեւավորվի վատ պառլամենտ, որտեղ խոսող մարդիկ չեն լինի» (Տեսանյութ)

Հունվար 28,2017 17:13

Ստեփան Գրիգորյանը չի կարծում, թե ապրիլի 2-ը միտումնավոր են ընտրությունների օր նշանակել

Հունվարի 28-ին «Դեբատ» ակումբում կայացած հերթական քննարկումը վերաբերում էր հասարակական տրամադրություններին ու նախընտրական դաշինքներին` ԱԺ հերթական ընտրություններից առաջ:

Ակումբը հյուրընկալել էր Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին,  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանին, ԱԱԾ ղեկավարի նախկին տեղակալ Գուրգեն Եղրիազարյանին, ՀՀ ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախկին սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանին եւ  ԱԺ «Հայկական վերածնունդ » կուսակցության խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանին:

Ստեփան Գրիգորյանն ասաց, որ համաձայն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, թե նոր որակի խորհրդարան է լինելու, սակայն համաձայն է այլ համատեքստում: «Իսկապես կլինի նոր որակի պառլամենտ, շատ վատ պառլամենտ, որտեղ խոսող մարդիկ չեն լինի: Ցավում եմ, որ մենք ուշադիր չենք լսում մեր նախագահին ու վարչապետին, նրանք միշտ ճշմարտությունն են ասում»,-նշեց  Ստեփան Գրիգորյանը: Նրա ձեւակերպմամբ, բարդ գործընթացներ են գնում, եւ երբ ավարտվեն առաջադրման ժամկետները, պատկերն ավելի պարզ կլինի:

Քաղաքագետը գտնում է, որ այս անգամ գնալու է ոչ թե քաղաքական, գաղափարական պայքար, այլ փողի եւ ադմինիստրատիվ ռեսուրսների: Ընդ որում, նրա խոսքով, ռեյտինգային ցուցակների միջոցով կրիմինալը ներմուծվելու է այդ գործընթացների մեջ:

Ինչ վերաբերում է ապրիլի 2-ին նշանակված ընտրությունների օրվան, Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, դա ոչ թե միտումնավորության, այլ իշխանական իրավաբանների ցածր մակարդակի արդյունք է . «Դա նշանակում է, որ իշխանություններն  այնքան ցածր են, որ նրանց համար աշխատող իրավաբանները չեն կարողացել հստակ օրը հաշվարկել, մի բան, որ օրենքով կարգավորված է»:

Նա տարակուսանք հայտնեց. «Սերժ Սարգսյանն ընտրությունների օրվա հետ կապված հայտարարեց, թե խնդիր չկա, մենք լեզու կգտնենք քաղաքական ուժերի հետ: Կներեք` ո՞ր լեզու գտնելու մասին է խոսքը, երբ օրենքը հստակ նշում է, թե որ ինտերվալում պետք է կայանան ընտրությունները»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031