Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև անվստահությունը խորանում է. Le Figaro

Հունվար 28,2017 15:10

Հյուսիսատլանտյան դաշինքի արևմտյան երկրները և Թուրքիան գնալով ավելի քիչ են սկսել միմյանց վստահել, ֆրանսիական Le Figaro թերթում գրում է Իզաբել Լասերը:

«ՆԱՏՕ-ի արևմտյան անդամների և մուսուլմանական Թուրքիայի միջև ամեն ինչ հարթ չէ: Վաշինգտոնում առանձին կոնսերվատիվ շրջանակներ պահանջում են բացառել Թուրքիան դաշինքից: Միաժամանակ Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները, օրինակ Սամիր Թայյարը, Հյուսիսատլանտյան դաշինքն անվանում են «ահաբեկչական կազմակերպություն» և կոչ են անում «շրխկացնել դուռը»»,- գրում է Լասերը:

Փարիզի Միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Բայրամ Բալջին նշում է, որ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերություները նման են այն «ընտանեկան զույգին, որում յուրաքանչյուրը կշտամբում է մյուսին, երբ աջակցություն չի ստանում»:

«Առավել մեծ անհանգստության տեղիք է տալիս պուտինյան Ռուսաստանի հետ մերձեցումը. չէ՞ որ ՆԱՏՕ-ն Վլադիմիր Պուտինին համարում է իր գլխավոր թշնամին,- ասում է Բալջին:- Մոսկվան և Անկարան կարող են համաձայնագիր կնքել Սիրիայի հյուսիսում որոշակի անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ, որը կխոչընդոտի «Դեմոկրատական կուսակցության» քրդերի՝ այնտեղ ինքնավար շրջան հիմնելու ծրագրերին: Փոխարենը, Անկարան կարող է իր վետոն փոխարինել Ռուսաստանի դաշնակից Բաշար Ասադի աջակցությամբ: Այդ համագործակցությունը թևակոխեց նոր փուլ, երբ ռուսական ինքնաթիռները բոլորովին վերջերս հարված հասցրին օդից՝ աջակցելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հարձակմանը: Դրանից հետո ՆԱՏՕ-ում հարց է առաջացել. մի՞թե Թուրքիան գտնվում է դաշինքը լքելու, ԱՄՆ-ը Ռուսաստանով փոխարինելու, այլ կերպ ասած Արևմուտքի ինտեգրումից հրաժարվելու ճանապարհին»:

Բալջին կարծում է, որ Թուրքիայի կողմից անվստահությունն էլ նոր չէ: «Թուրքերը միշտ էլ զգացել են, որ անհրաժեշտության դեպքում դաշինքի մյուս անդամները չեն ապահովի իրենց անվտանգությունը»,- ասում է նա:

Տարաձայնությունները բխում է Սիրիայում տիրող իրավիճակից: Թուրքիան՝ նյարդայնացած, որ Եվրամիությունն իրեն վանել է, քանի որ ինքը չի համապատասխանում Բրյուսելի պահանջներին, Արևմուտքի երկրներին մեղադրում է սիրիացի քրդերին սպառազինություն տրամադրելու մեջ, գրում է հոդվածագիրը:

«Սիրիական ճգնաժամում Թուրքիան իրեն զգում է Արևմուտքի երկրների կողմից լքված»,- կարծում է Բալջին:

Անկարայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիան վիրավորված է, որ ցավակցանքի բավարար խոսքեր չստացավ Արևմուտքի երկրներից:

«Արդյո՞ք տարաձայնությունները կավարտվեն բաժանումով: Դրան դեռ շատ ժամանակ կա: Թուրքիան մնում է Հյուսիսատլանտյան դաշինքի պատվարը, զինծառայողների թվով իր երկրորդ բանակը»,- գրում է Լասսերը:

Մյուս կողմից, չնայած Թուրքիայի հարավարևմտյան շրջանակների դժգոհություններին՝ ՆԱՏՕ-ն Անկարայի համար շարունակում է մնալ արդյունավետ կառույց իր ազգային շահերի պաշտպանության համար, շարունակում է հոդվածագիրը: Շատ փորձագետներ կարծում են, որ Մոսկվայի ու Անկարայի մերձեցումը նպատակ չունի փոխարինել ՆԱՏՕ-Թուրքիա համագործակցությանը: «Միակ բանը, որ նրանց մոտեցնում է, Արևմուտքին դիմակայելն է»,- կարծում է Վրաստանի՝ ինտեգրման և եվրատլանտյան կառույցների հարցերով նախկին նախարար Թորնիկե Գորդաձեն՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ից դուրս գալը Թուրքիային կդարձնի ավելի «անկառավարելի»: Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-Թուրքիա բաժանման մեջ ոչ մեկ շահագրգռված չէ:

Արդյոք դա այդպես է՝ մասամբ կախված է Դոնալդ Թրամփի անկանխատեսելի բնավորությունից, եզրափակում է Լասերը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031