Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, Բանակի տոնի կապակցությամբ Եռաբլուրի պանթեոն էր այցելել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ բանակի հարցում մեծ ներդրում ունեցող ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ընդդիմադիր դաշտ է տեղափոխվել, ինչպե՞ս կմեկնաբանեք սա՝ նա պատասխանեց. «Դե դա իր ցանկությունն է, ինչպես մեկնաբանեմ»:
Մենք հիշեցրինք, որ Սեյրան Օհանյանը համակարգում արատավոր խնդիրներ է տեսնում՝ Սուրիկ Խաչատրյանն արձագանքեց. «Այս 25 տարիներին, երբ մարդիկ միասին պատասխանատվություն են կրել, ամեն մարդ եթե ինքը իր թերության մեղքի բաժինը չի վերցնում իր վրա եւ փորձում է այդ բոլոր մեղքերը բարդել մեկ մարդու վրա, դա ճիշտ չի: Չի կարող պատահել մարդ այդ համակարգում լինի, լավի մեջ լինի, իր թերությունները վերագրի ուրիշի վրա: Ամենքս էլ թերություն ունենք: Ես 12 տարի մարզպետ եմ եղել, ես թերություն չունե՞մ: Հիմա այսօր չեմ աշխատում, փորձեմ ես իմ թերությունները վերագրել մեկ ուրիշի՝ այդպես ճիշտ չի: Ցանկացած մարդ ինքն է իր ճակատագիրն ընտրում: Նաեւ լավ կլիներ, որ էդ ճանապարհին ուրիշներին չփնովեինք»:
Մեր հարցին՝ Դուք չե՞ք նեղացել պաշտոնանկ լինելով՝ նա պատասխանեց. «Ինչի՞ց նեղանամ: Բոլորս էլ գիտենք, որ այդ պաշտոնը հավերժ չի: Այսօր կարող է աշխատես, վաղը կարող է չաշխատես: Բայց ինչի՞ց նեղանաս՝ երկրից նեղանաս, պետությունից նեղանաս, սա մեր ստեղծած պետությունն է, ումի՞ց նեղանաս: Ոչ մեկն էլ իրավունք չունի Սերժ Սարգսյանից նեղանա, հավատացնում եմ ձեզ: Սերժ Սարգսյանը այն մարդն է, որ բոլորիս վրա իր լուման ունի՝ եւ Հովիկ Աբրահամյանը, եւ Սեյրան Օհանյանը, եւ ես եւ ինձ նման շատ-շատերը մենք չպետք է մոռանանք այն անցած տարիները, որ իսկապես Սերժ Սարգսյանն իր բարի եւ կամեցող գործը յուրաքանչյուրի նկատմամբ արել է: Կարող է ոչ մեկն էլ էդ պաշտոնին չհասներ, եթե չլիներ Սերժ Սարգսյանը: Հիմա պետք է բարի լինեն համակերպվեն: Աշխատել ես ինչ-որ ժամանակ, էսօր չես աշխատում` համակերպվի՛ր»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի կանխատեսումը կիրականանա՞, որ այն առվակները, որոնք մայր գետից անջատվում են, կարճ ժամանակ հետո չորանում են՝ Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դա բնության օրենքն է, հո Սերժ Սարգսյանի օրենքը չի»:
Հարցին՝ Հովիկ Աբրահամյանի, Սեյրան Օհանյանի դեպքում դա կարդարացվի՞՝ Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում անվանական ասեմ, բայց դա բնության օրենքն է, այդպես էլ լինելու է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ