Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այդ կարծիքին էլ չեմ, որ մեր գեներալները գող են». Սուրիկ Խաչատրյան (Տեսանյութ)

Հունվար 28,2017 14:22

Այսօր Եռաբլուր էր այցելել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Նա շնորհավորեց Բանակի տոնի կապակցությամբ եւ ասաց, որ մեր բանակը շատ հզոր է եւ մարտական ոգով, ե՛ւ զենք-զինամթերքով, ե՛ւ դուխով. «Դա անցած ապրիլին երեւի բոլորդ համոզվեցիք»:

Մեր դիտարկմանը, որ տարածքներ էլ կորցրեցինք՝ Սուրիկ Խաչատրյանը նշանակություն չտվեց այդ տարածքներին. «Ի՞նչ տարածք ենք կորցրել»:

Լրագրողների դիտարկմանը, որ Ալիեւը հայտարարեց, որ Լելե-Թեփեի այն հատվածը, որը գրավել են, կվերաբնակեցնեն, գումար են տրամադրում դրա համար, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ժամանակին Աղդամն էլ էր բնակեցված, Ջաբրայիլն էլ, մնացած 7 տարածքներն էլ: Երեւի հարյուրամյակներ այնտեղ ապրում էին, բայց թողեցին, լքեցին, գնացին, ճի՞շտ է: Բնակեցնեն՝ նորից կլքեն, կգնան»:

Նա վստահեցրեց, որ միշտ կհակազդենք. «Ես ուզում եմ բոլորդ լավ տրամադրվեք մեր բանակի նկատմամբ, հպարտանաք մեր բանակով, որովհետեւ այսօր եւ Կովկասում, եւ կարող ենք ասել նախկին Սովետական միության 15 հանրապետություններից եւ ոչ մեկը չունի այդպիսի բանակ, ինչպիսին մեր բանակն էր»:

Հարցին՝ ապրիլյան պատերազմը թերություններ ցույց չտվե՞ց՝ Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ապրիլյան պատերազմը բնականաբար, երբ որ կռիվ է, արդեն փորձում եք թերություններ գտնեք՝ մոռանալով այն լուրջ պաշտպանության, լուրջ հաղթանակների մասին: Ի՞նչ թերություն պետք է լինի, մեր զինվորներն իրենց տեղում են: Դա անակնկալ էր, որ չէին սպասում եւ փառք Աստծո, որ այն մեծ նախապատրաստական ուժին, որը ոչ միայն Ադրբեջանի, նաեւ Թուրքիայի կողմից էր պատրաստված այդ հարձակումը, մեր բանակը կարողացավ դրան հակահարված տալ եւ պաշտպանել հայրենի երկիրը»:

Ապրիլյան պատերազմից հետո հարց բարձրացվեց, որ բանակից գողացած գեներալները պետք է վերադարձնեն իրենց ունեցածը բանակին: Այս առնչությամբ Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Ես չեմ կարող ասել, թե բանակից ով ինչ է գողացել կամ ինչ չի գողացել, ես այդ կարծիքին էլ չեմ, որ մեր գեներալները գող են: Ես ուզում եմ բոլորս միասին գեներալներին, որոնց 99 տոկոսը պատերազմի թոհուբոհով անցած եւ մեծ հաղթանակներ կրած գեներալներն են, մենք փորձենք այսօր այդ գեներալներին գող անվանել, դա առնվազն ամոթ է: Հաղթանակած գեներալներին գող անվանելը առնվազն ամոթ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031