Շնորհավոր տոնդ հայկական բանակ
Մեր հայորդիների կյանքի գնով ստեղծված անկախ Հայաստանը աշխարհաքաղաքական դժվար պայմաններում ունի մարտունակ բանակ: Դժվարությունների բովով անցած մեր երիտասարդ բանակը այս կարճ ժամանակաշրջանում բազում հաջողություններ է գրանցել:
Չեմ ուզում հետադարձ հայացքս շատ հեռուն գցել, այլ կարող ենք ասել, որ ապրիլյան քառօրյա պատերազմը ասվածի լավագույն օրինակն է: Հիշում եմ այդ օրերը և մարմնովս կրկին սարսուռ է անցնում: Համահայկական ոգևորությունը դեպի մեր զինվորը, դեպի բանակը, դեպի հայրենիքը ստիպեց հավատալ, որ հատկապես օրհասական պահին մենք մի բուռ ենք դառնում՝ մի ամբողջական բռունցք, և պատրաստ ենք պաշտպանել, այլ ոչ թե զավթել:
Մեր հայորդիները ամենաթանկը՝ կյանքը չեն խնայում մեր ազատ և անկած հայրենիքը պաշտպանելու համար: Այն գիտակցումը, որ հայրենիքի պաշտպանությունը իսկապես սուրբ առաքելություն է՝ մեր սահմանին կանգնած զինվորն իսկապես ըմբռնել է: Երբ թշնամուց ընդամենը մի քանի մետր այն կողմ կանգնած մեր տասնութամյա տղերքը պատրաստ են մարտի՝ ինչ է թե մի թիզ հող անգամ չտան թշնամուն: Այ սա է հերոսությունը, և սա է հայկական բանակը:
Կարդացեք նաև
Կորուստներն իսկապես անդառնալի են: Եվ զինվոր կորցրած մոր համար ոչ մի խոսք,ոչ մի պարգև չեն մեղմացնի անասալի ցավը: Հայրենիքի պաշտպանության բարդ ու պատասխանատու գործը գլուխ բերելու համար կորուստներն անխուսափելի են:Հայրենիքը արյամբ են պահում: Մեր որդեկորուս մայրերին ուժ ու կորով,և հիշեք,որ ձեր որդիները ընկան մեր վաղվա օրվա ազատ ու անկախ ապրելու բանաձևը հարատև պահելու համար:
Այո, մենք ուժեղ ենք, երբ միասին ենք: Միասնականությունը, համերաշխությունն ու փոխադարձ հարգանքը ավելի զորեղ կդարձնեն մեր բանակը: Պաշտպանության նախարարությունը մեր երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցն է, և մենք վստահ ենք, որ մենք կարող ենք ավելին անել: Մեր զիվորները թող առողջ լինեն, միշտ մարտի պատրաստ, և աստծո կամոք անփորձանք վերադառնան իրենց տները՝ կրկին ծառայելու մեր հայրենիքին,նրան հզորացնելու կարևոր գործին: Մենք պարտավոր ենք մեր արդեն կրտսեր հերոսների կյանքի գնով պահպանած խաղաղությունը միշտ անսասան պահել:
Շնորհավոր տոնդ հայկական բանակ, շնորհավոր հայ զինվոր….
ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ