Կասկածից վեր է, որ տնտեսական էական աճ արձանագրելու համար օդի-ջրի պես քաղաքական կայունություն է հարկավոր: Որովհետեւ միայն կայունության մթնոլորտում է հնարավոր լրջորեն խոսել նոր ներդրումների եւ տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ բարեփոխումների մասին: Ճիշտն ասած, ամեն ինչ տեսած մեր ժողովուրդը ուրախությամբ պատրաստ է սատարելու քաղաքական կայունության մթնոլորտի ձեւավորմանը, միայն թե վստահ լինի, որ այն իսկապես բերելու է տնտեսական վիճակի բարելավում: Մյուս կողմից, վստահության ճգնաժամի պայմաններում գնալով ուժգնանում են ձայները, թե երկրին արմատական փոփոխություններ են պետք, որովհետեւ սրանից վատ է՛լ չի լինի: Առայժմ այս դատողությունները գերիշխող չեն, որովհետեւ քաղաքական դաշտի բոլոր կարեւոր խաղացողները հակված են ավելի շուտ փոխպայմանավորվածություններ ձեռք բերելուն, իսկ արմատական փոփոխությունների կողմնակիցները առանձնապես մեծ ազդեցություն չունեն: Ընտրությունների այս տարում, եթե լինեն քաղաքական ցնցումներ, ապա դրանք կփախցնեն լուրջ ներդրումներ անել ցանկացողներին: Բայց եթե ջանքեր չգործադրվեն հասարակությանը տեսանելի փոփոխություններ իրականացնելու համար, եւ դա չարվի պարզ գլխով ու ամուր ձեռքով, ներդրումներ, միեւնույն է, չեն լինի, եւ աղմկոտ ցնցումների արդյունքում ամեն ինչ կմնա նույնը: Որովհետեւ հասարակության աչքում դա կլինի ամենաընդունելի լուծումը:
Տողերիս հեղինակը արդեն մի քանի ամիս է, ինչ վերլուծաբանի աչքով փորձում է մտածող հանրությանը հրամցնել հետեւյալ հարցադրումը. կարո՞ղ է արդյոք բազմաչարչար Հայաստանի բնակչությունը մղել իր վերնախավերին տնտեսական թռիչքաձեւ զարգացում ապահովելու գերբարդ գործին: Կա՞ արդյոք մեր հասարակության մեջ այդքան ներուժ, կամք, գիտելիք եւ ցանկություն Հայաստանի տնտեսական էական զարգացման ուղին բռնելու համար: Իմՙ համարյա բոլոր զրուցակիցները, ում հետ քննարկել եմ այս թեման, սկզբում զարմանում են հարցադրման վրա, հետո ոգեւորվում են, իսկ վերջում տխրում, որովհետեւ անլուծելի թվացող հարցերը սկսում են ճնշել մտածող մարդու գիտակցության վրա:
Օրինակՙ հնարավո՞ր է արդյոք ետ բերել եւ տնտեսության մեջ ներդնել Հայաստանից դուրս բերած, օֆշորներում եւ արեւմտյան բանկերում, թվում է, թե ապահով ներդրած գումարները: Ի՞նչ է պետք դրա համար: Ինչքանո՞վ դա հաջողվեց անել Ռուսաստանում: Ի՞նչ է պետք, որ Հայաստանի բիզնես վերնախավերը տոգորվեն լավատեսությամբ եւ քննարկեն արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների ոլորտներում նոր ներդրումներ անելու հնարավորությունները, իրենց այդ օրինակով «բարի գալուստ» ասելով օտարերկրյա ներդրումներին: Թե՞ վերջում կպարզվի, որ Հայաստանի մեծահարուստները սկզբունքորեն բավարարված են իրերի վիճակով, ուշադրությամբ հետեւում են քաղաքական անցուդարձին եւ ավելի շատ մտածում եղածը փրկելու, քան Հայաստանում եղածը բազմապատկելու մասին:
Արամ ՍԱՖԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում