Մեծ հաշվով՝ Հայաստանի հասարակությունն իր բանակին իր շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել է դեռևս ապրիլին, մեկ մարդու նման կանգնելով իր զինվորի և սպայի կողքին և 25 ժամում լրացնելով այն բացը, որ թողնվել էր 25 տարի: Եվ այս իմաստով, հասարակությունը նաև մաքրվել է այն պատասխանատվությունից, որ այդքան ժամանակ կրել է անարդյունավետ իշխանություն հանդուրժելու համար:
Ահա այս իմաստով, ապրիլի պատերազմից հետո հասարակությունը սկսում է նոր էջից, և ներկայիս խնդիրը՝ ընդամենը նախկին էջերում գործված սխալները չկրկնելն է, այսինքն՝ իշխանության անվերահսկելիություն և ամենաթողություն թույլ չտալը: Սա կլինի Հայաստանի հանրության, քաղաքացիների ամենամեծ նվերը 25-ամյա հայկական բանակին, նվեր ամբողջ կյանքի համար, նվեր յուրաքանչյուր զինվորի և պետության կյանքի համար, նվեր և պարտք բանակին:
Շնորհավոր Հայաստանի զինված ուժերի ստեղծման 25-րդ տարեդարձը: Անմար հիշատակ բոլոր այն զինվորներին, որոնք զոհվել են Հայաստանի Հանրապետությանը ծառայելու ընթացքում, անկախ հանգամանքներից: Ամենաշատը, որ այսօր կուզի ցանկացած հայաստանցի, դա խաղաղությունն է մեր զինվորների և սպաների, և մեզ համար: Հնարավոր է դա այսօր, վաղը, մյուս օրը, շատ դժվար է ասել: Ի վերջո, նման դեպքերում շատ բան կախված չէ մեզանից: Բայց միաժամանակ, մեզանից կախված է պատերազմի պատրաստ լինելը, ի տարբերություն նախորդ քառորդ դարի, այս անգամ արդեն ոչ թե խոսքով, այլ գործով պատրաստ լինելը: Դա կինի խաղաղության մեր ճանապարհը, ցավոք, այլընտրանք չունեցող ճանապարհը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում