Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին՝ Բանակի օրվա կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ բոլորիս համար թանկ ու հիշարժան տարեդարձի՝ Հայոց հերոսական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ:
Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի եւ դարձել համայն հայության հպարտությունն ու պարծանքը, մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարեւոր գործոններից մեկը: Հայ զինվորն իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը:
Կարդացեք նաև
Հարգարժա՛ ն Սերժ Ազատի,
Կանգնած լինելով բանակի ստեղծման ակունքներում՝ Դուք արել եք հնարավորը նրա կայացման ու զորացման համար: Արցախում գիտենք եւ բարձր ենք գնահատում Ձեր ավանդն ու հայրենանվեր ջանքերը:
Այս նվիրական տոնի կապակցությամբ մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմին, մեր ողջ ժողովրդին եւ մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ՝ համազգային խնդիրների լուծման եւ հայոց պետականության ամրապնդման ճանապարհին»:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ