Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերնախավի» բարքերը

Հունվար 28,2017 10:00

Ինչո ՞ւ են մարդիկ ուզում պատգամավոր դառնալ: Երեւի ամեն մեկն իր պատճառն ունի: Բայց հիմնական միտումը պարզ է. մարդիկ ցանկանում են պաշտպանել եւ բազմապատկել իրենց հարստությունները, եւ, ի դեպ, հենց նրանք էլ պատգամավոր դառնալու իրական շանսեր ունեն: Այդ պատճառով են նախկին պաշտոնյաներն ու օլիգարխներն այսօր «մտնում քաղաքականություն», ձգտում խորհրդարան, որն այս անգամ ձեւավորելու է նաեւ գործադիր իշխանությունը` վտանգ են տեսնում, որ եթե դուրս մնան այդ գործընթացից, գուցեեւ զրկվեն ինչ-որ բաներից: Ո՞վ, եթե ոչ նրանք, պետք է փայլուն իմանան, որ սեփականությունը մեր երկրում պաշտպանված չէ, նրանք գիտեն, թե ինչպես է դա արվում` ժամանակին մեխն էլ էր նրանց ձեռքին, մուրճն էլ:

Բայց բացի այդ` զուտ նյութական շահերից, կա նաեւ «հոգեւոր» բաղադրիչը: Ոչ, դա այն չէ, ինչ նրանք ասում են` «էս երկիրը էս ծանր վիճակից հանելը» չէ: Դա այն է, ինչ կարելի է շատ մոտավոր եզրերով անվանել «պոնտ», «թիթիզություն»: Այսինքն` մարդը, որը գուցե մանուկ եւ պատանեկան տարիքում զրկանքներ եւ նվաստացումներ է կրել, ինքնահաստվում է, երբ իր անվան կողքին հայտնվում է «դեպուտատ» հպարտ հավելումը: Նման մարդիկ «կայֆ» են զգում, երբ Դեմիրճյան փողոցում, երրորդ շարքում կանգնեցնում են իրենց թանկարժեք մեքենաները եւ գոռոզ կեցվածացքով մտնում են «ցեկայի շենք»:

Ի վերջո, այդ մարդիկ, անկախ նրանից` կոչվում են իշխանություն, ընդդիմություն, ոչ իշխանություն, թե այլընտրանք, առանջին «կաստա» են, աղանդ, «վերնախավ», ինչը ենթադրում է, որ նրանք այլեւս երբեք չեն օգտվի երթուղային տաքսուց կամ մետրոյից, երբեք երեկոյան չեն գնա խանութ` հաց գնելու, երբեք տնից աշխատավայր չեն տանի իրենց հացուպանիրը, որ ընդմիջում անեն: Այդ «երբեքներից» է կազմվում նրանց «թիթիզությունը», նրանց` կյանքից եւ մնացած բնակչությունից կտրված լինելը:

Բայց մի քանի «երնեկ» մի տեղ չի լինում: Փողերն ու հարստությունը պաշտպանելու եւ պատգամավորական «պոնտերի» հետ միասին գալիս է նաեւ որոշակի չարություն, խանդ, նախանձ եւ այլն: Կյանքը նրանց համար վերածվում է «արեւի տակ մշտական պայքարի», շքեղության, «օբյեկտների» եւ տների մեծության մրցույթի, եւ եթե Աստված մի արասցե, նրանց ջրերը մի առվով չեն գնոււմ, նրանք սկսում են այնպիսի տգեղ եւ տհաճ լեզվակռիվ, որ անհապաղ ցանկություն է առաջանում նրանց բարիշացնելու: «Վերնախավում» բարքերնն ուրիշ են:

…22 տարվա ընթացքում «Առավոտից» դուրս է եկել մի քանի տասնյակ մարդ: Ճնշող մեծամասնությունն իմ եւ մնացած` ներկայումս «Առավոտում» աշխատողների հետ պահպանում է ջերմ, ընկերական հարաբերություններ: Չեմ վախենա ասել` մենք սիրում ենք իրար: Երբ ջրերը մաքուր են, կարեւոր չէ` ով է գետ, ով` առվակ: Ինչ լավ է, որ «Առավոտը» կուսակցություն չի:

ԱՐԱՄ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Լավատես says:

    ՝Երբ ջրերը մաքուր են, կարեւոր չէ` ով է գետ, ով` առվակ:՝

    Հայ պետական համակարգի ջրերը պղտորել ու պղտորում են նրանք, ովքեր ՝ցանկանում են պաշտպանել եւ բազմապատկել իրենց հարստությունները՝:

    Միայն հայ քաղաքական դյուցազուններն են ի վիճակի իրենց առաջ խնդիր
    դնել մաքրել հայ պետական կառավարման համակարգի ջրերն ու հաջողության հասնել:

  2. Հ.Շ. says:

    «թիթիզություն» բառը երեվի snobism-ի կամ elitism-ի իմաստով էք գործածում

    մինչդեռ նա գործածվում է նաեւ «չափացանցեալ-կերպով-մաքրասէր», «փափուկ խառնվացքով, շրջապատի-կարծր-պայմաններից-նեղացող», կամ ընդհանրապէս «ամեն բանի կապակցութեամբ միշտ ու շատ կատարելապաշտ» իմաստներով
    (այս նյութում, տարբերությունը – եւ հետեւաբար թյուրիմացության կարելիությունը – շատ մեծ է անշուշտ, թէ ոչ չէի նշեր)

    յամենայն դէպս,
    գետի ջրերի ընդհանուր մաքրությունն ել այնքան կարեւոր չէ քան՝ թէ գետը ո՞ր ծովն է հասնելու… եւ մինչ այդ՝ ո՞ր կամ որո՞ւ ջաղացքներին է ջուր հայթայթում. ակնարկություն-հանելուկը «Առավոտը»ի մասին չէ անշուշտ (որեվէ տեսանկյունից, վերջին վերլուծումով, բարի թերթ մըն է այս…). նա վերաբերում է քաղաքական կազմակերպություններին, ներառյալ անոնք որոնք գիտակից իսկ չեն թէ քաղաքական են…

    իսկ որ գետը որեւէ ծով չհասնի,
    դառնալո՞ւ է գոնէ լճակ,
    թէ ճահիճ

  3. henri says:

    Այն ինչ ամէնքս կը մտածենք ,դուք մատը վէրքին վրայ կը դնէք,,հիանալի վերլուծում,:
    մեր ամենահաս նախագահն ալ հիանալի խրատներ կու տայ դէմը շարած տարիքոտ աշակերտներուն,արդեօք պահ մը չի՞ մտածեր որ այս կացութիւնը ինք ստեղծած է և լուծումն ալ միայն իր ձեռքն է- որուն՞ կը սպասէ,որ մի քանի առողջ դատողներն ՞ալ փճանան,երկիրը դատարկուի ,,, Զէնքերը մինչեւ տեղ մը մեզ կը պաշտպանեն,յետոյ՞ Արտաշէս Արքայի ազգային յուղարկաւորութեան ՝որդին Արտաւազդ Դիմելով հօրը դագաղին ՝Հայր ես աւերակներու՞ վրայ պիտի իշխեմ ,,,

  4. araqel says:

    Ինչպես միշտ, ՀՀ-ում “փոթորիկ է մի բաժակ ջրում”
    ՀՀ-ում չկա քաղաքականություն, հետևաբար և չկա քաղաքական կուսակցություն:
    ՀՀ-ում քաղաքական ապարատ աշխատում է միայն Արցախի հարցի շուրջ, էն էլ բավականին փոքրաթիվ կազմով:

  5. Aray says:

    Պրն Աբրահամյան, թիթիզություն ասեցիք, Ձեր նախկին աշխատող` ներկայիս պատգամավորին հիշեցի: Ժամանակին Դուք նրա աշխատանքից գոհ եղել եք և ինչպես եք գնահատում նրա լրագրողական մասնագիտական մակարդակը??

  6. Նարեկ says:

    Լավ եք գրել.
    Այսինքն` մարդը, որը գուցե մանուկ եւ պատանեկան տարիքում զրկանքներ եւ նվաստացումներ է կրել, ինքնահաստվում է, երբ իր անվան կողքին հայտնվում է «դեպուտատ» հպարտ հավելումը: Նման մարդիկ «կայֆ» են զգում, երբ Դեմիրճյան փողոցում, երրորդ շարքում կանգնեցնում են իրենց թանկարժեք մեքենաները եւ գոռոզ կեցվածացքով մտնում են «ցեկայի շենք»:

    Մի լավ միտք կա. Եթե դու մանուկ հասակում հեծանիվ չես ունեցել, իսկ մեծացել ես եւ ՀԱՄՄԵՐ ունես, մեկ է՝ մանուկ հասակում հեծանիվ չես ունեցել:

  7. մարդամեկ says:

    Զարմանալի բան է, որ թերթը բացում ենք ջրերի , ծովերի եվ գետերի մասին են խոսում այսոր. Թվում է թե աշխարհագրության շաբաթ է հայտարարված. Հետո էլ ով ինչ ա ոնեցել փոքր ժամանակ , ինչ կապ ունի, մարդս մարդ լինի. Պետք չէ նաեվ հահեմատել թերթի հիմնարկությունը քաղաքական կազմակերպության հետ. Գործի բնույթը ուրիշ է.

  8. Կարո Մելիքյան says:

    «Ինչու՞ էն մարդիկ ուզում….» եւ այլն….Պարոն Աբրահամյան, գուցե արժե՝ մի օր էլ հարց բարձրացնեք,թե ինչու՞,կամ ին՞չ է ուզում մերժված ԼՏՊ-ն…..(հավանաբար իշխանություն եւ ուրիշ
    բացառձակապես ոչինչ,փառք ի վսյո)։ Մոտ օրերս դիտեցի,դեռ 1994-95թթ Հայաստանից հեռացած գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հարցազրույցը «Շանթ» հեռուստացույցով եւ ես այն տպավորությունը ստացա,որ մեր շատ պրոբլեմների հիմքը դրվել է հենց այն ժամանակ,այսինքը՝նույնիսկ մեր բանակի հաջողությունները ,վերեւների կողմից՝ընդունվել էն սվինների վրա եւ անընդհատ արգելակման էն ենթարկվել,ըստ Գեներալի,մինչեւ Քուռ գետը՝օրերի հարց է եղել…Մի խոսքով,ինչպես համատեղել հաղթանակաց երկիր եւ ողբ ,որը դեռ շարունակվում է մինչ օրս՝ իր վերջին ելույթի ժամանակ ու հավանաբար ,այդ բոլորը ունենում է իր հետեւանքները՝ջրելով թշնամու պարտեզը՝կոտրելով ժողովրդի,Նախագահի ոգին,ապացույցը՝Ս,Սարգսյանի վերջլին ժամանակների մտավարժանքները՝տարածքների զիջման մասին,ի դեպ,նույն մտավարժանքները ԼՏՊ-ին ժամանակին գահընկեց լինելու պատճառ հանդիսացան,ցավոք սրտի թեման շատ տարողունակ է ,իսկ ժամանակը քիչ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031