Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արիեւը հենց սկզբից ասաց՝ ինձ համար ընդունելի է ադրբեջանական պատվիրակության համար ընդունելի ձեւակերպումը»

Հունվար 28,2017 16:00

Նաիրա Կարապետյանը`
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի զարգացումների մասին

Հունվարի 23-ից մեկնարկած եւ այսօր ավարտվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը «Առավոտի» հետ զրույցում ամփոփելով` ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը որեւէ արտառոց բան չառանձնացրեց: Փաստեցինք, որ վեհաժողովն այս նստաշրջանի ընթացքում ընդունեց ոչ հայանպաստ դրույթ պարունակող` ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակության ղեկավար Վոլոդիմիր Արիեւի հեղինակած զեկույցը, Նաիրա Կարապետյանն արձագանքեց. «Ի դեմս Արիեւի` տեսանք եւս մեկ դեպք ոչ կառուցողական համագործակցության, փաստեցինք նրա խիստ կախվածությունը Ադրբեջանի պատվիրակության կարծիքից եւ ադրբեջանական քարոզչությունից: Այս պնդումն անելու համար ունեմ բազում ապացույցներ: Ի տարբերություն այլ դեպքերի՝ Արիեւի թույլ տված սխալները շատ էին, ինչը անհապաղ բարձրաձայնվեց մեր կողմից ԵԺԿ քաղաքական նիստի ժամանակ պաշտոնապես, եւ ոչ պաշտոնապես ներկայացվեցին բոլոր հնարավոր եւ հասանելի պատվիրակներին»:

Նաիրա Կարապետյանը փաստեց, որ Արիեւի` բացարձակապես հակամարտությանը չվերաբերող, քաղաքական նկատառումներից հեռու, ընդամենը մշակույթի եւ մեդիա հանձնաժողովում պատրաստված զեկույցը, որի ուսումնասիրության առարկան անգամ հակամարտության տարածքները չէին, դարձավ հերթական հարթակը խիստ վտանգավոր քաղաքական բառապաշարի օգտագործման համար: Հայ պատվիրակը մտահոգություն հայտնեց, թե այնպիսի կարեւոր հարց, ինչպիսին է լրագրողների հանդեպ ճնշումներն ու հետապնդումները, պոկել համատեքստից եւ դարձնել քաղաքական քննարկման առարկա, առնվազն խնդրի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է: Նշենք, որ Նաիրա Կարապետյանը, հիշեցնելով ապրիլյան քառօրյա պատերազմը, ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել էր. «Ի դեպ, այս քառօրյա պատերազմի դեպքերը հենց ռազմական գործողությունների վայրից լուսաբանելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էին մեկնել մեծ թվով հեղինակավոր միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ. միայն ապրիլի 1-ից 8-ը այստեղ են եղել 68 լրագրող, 37 լրատվամիջոց, հետագայում նրանց են միացել մոտ հարյուր լրագրող եւս, այդ թվում` CNN, RAI, Al Jazeera, New York Times, Lifenews, Medusa եւ այլն: Ձեզնից շատերը, վստահ եմ, կհիշեն ԼՂՀ արտաքին գործերի նախարարի ելույթը CNN ուղիղ եթերում: Արդյոք այս փաստը հաստատում է, որ Ղարաբաղում խոսքի ազատություն չկա՞: Ոչ, սա հաստատում է ճիշտ հակառակը»:
Անդրադառնալով Արիեւի ֆեյսբուքյան գրառմանը, թե իբր հայերը «կոնյակը ձեռքներին վազել են, որ իրեն կաշառեն», Նաիրա Կարապետյանը պարզաբանեց. «Դա էլ ոչ մի քննադատության չդիմացավ եւ արժանացավ խիստ քննադատության ԵԺԿ քաղաքական խմբի կողմից, եւ քանի որ հենց Աքսել Ֆիշերն էր նախաձեռնել մեր բանակցությունը Արիեւի հետ, որպեսզի ձեւակերպման հարցում փոխըմբռնման գանք, հենց սկզբից Արիեւն ասաց, որ իր համար ընդունելի կլինի այն ձեւակերպումը, ինչ ադրբեջանական պատվիրակության համար: Եթե որեւէ մեկի համար նրա` կողմնակալության հավաստման ավելի մեծ ապացույց է պետք, ապա այդ մեկը կույր է»:

Նաիրա Կարապետյանը պնդեց, թե Արիեւի ֆեյսբուքյան գրառումը հենց ինքն էր թարգմանել, քանի որ տիրապետում է ուկրաիներենին, եւ դա իրականությունն էր, ոչ թե Արիեւի ներկայացրածով, որ սխալ է թարգմանված:

Ըստ հայ պատվիրակի՝ ԵԽԽՎ պատվիրակների մոտ հիասթափություն է առաջացրել այն, որ ԵԽԽՎ-ն մերժել է հրատապ կարգով Թուրքիայի վերաբերյալ քննարկում կազմակերպել. «Շատերն էին դրանում շահագրգռված, շատերն են խորապես մտահոգված Թուրքիայում տեղի ունեցող հակաժողովրդավարական ճնշումներով, շատերի համար խիստ անընդունելի էին Բյուրոյի որոշումն ու քվեարկության պատկերը, երբ հերթական անգամ տեսանք, որ քանակը շատ ժամանակ հաղթում է որակին»:

ԵԽԽՎ հանձնաժողովներում ընթացող քննարկումների մասին Նաիրա Կարապետյանը տեղեկացրեց. «Կանոնակարգային հանձնաժողովում ակտիվորեն քննարկվում են կաշառակերության մեղադրանքի հետ կապված անկախ հետազոտության եւ հետաքննության գործիքներ ստեղծելու եւ ԵԽԽՎ-ի մաքուր անունը պահպանելու համար ուղիներ: Կանոնադրային հանձնաժողովում է գտնվում մի զեկույց, որում առաջադրվել են փոփոխություններ, որ հասկանանք նման պատվիրակների` կաշառված լինելու հետեւանքով հաջորդ քայլերը որոնք պետք է լինեն. զեկույցի եւ այն պատվիրակների ճակատագրերը, որոնք մեղադրվում են կաշառակերության մեջ: Անմեղ մարդկանց էլ է դա վերաբերում. չեմ կասկածում, որ այդպիսիները կլինեն»: Մեր այն հարցին, թե ոչ հայանպաստ ձեւակերպումները ԵԽԽՎ փաստաթղթերում ավելի հաճախադեպ են դարձել, մեր զրուցակիցը պատասխանեց. «ԵԽԽՎ-ն այն հարթակն է, որտեղ ամենահեշտն է ունենալ նման ձեւակերպումներ, քանի որ կառույցը թույլ է տալիս ազգային խորհրդարանների պատվիրակներին լինել անկախ ու արտահայտել իրենց անձնական տեսակետը` կտրվելով անգամ իր երկրի վարած քաղաքականությունից»: Ըստ Նաիրա Կարապետյանի` միայն ԵԽԽՎ-ն է, որտեղ թուրքերն ու ադրբեջանցիները կարողանում են մարդ կաշառել, իսկ բանակցային գործընթացում` Մինսկի խմբում հաջողություն չեն գրանցում:

Մեր այն հիշեցմանը, թե իրենց ընդդիմախոսները, օրինակ՝ Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, հայկական պատվիրակության մասին խոսելով, նշել է, թե «փոխարենը խոսեն Վիեննայի պայմանավորվածություններից, որոնք Ադրբեջանը չի կատարում, որոշում են, թե ինչ ազգության է ուկրաինացի պատգամավորի տատը»: Նաիրա Կարապետյանն արձագանքեց. «Հավատացնում եմ մեր բոլոր ընդդիմախոսներին, որ մեր պատվիրակությունը հասկանում է` ամեն ինչ չէ, որ պետք է բարձրաձայնվի: Եթե անգամ հիշեցրել էլ ենք Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը, միշտ չէ, որ պետք է այդ մասին հրապարակային հայտարարել եւ ներկայացնել այն աշխատանքը, որը կատարվել ու շարունակում է կատարվել մեր կողմից»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

27.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031