Սկսվել է ընտրական մրցավազքը։ Հիմնականում՝ առանց մտքի, առանց տեսակետի, առանց պատկերացումների երկրի՝ նույնիսկ կարճաժամկետ ապագայի մասին։ Հիմնականում նույն դեմքերը՝ հոգնեցրած, վաղուց սպառված, դրանց միացած իրենց երիտնմանները, ովքեր ցուցակներում տեղ ստանալու համար պատրաստ են ամեն ինչի։ Սա մի պրոցես է, որտեղ չեն գործում մարդկային նորմերը, բարոյականության ամենատարրական սկզբունքները։
Ոչ մի խոսք չկա եւ հիմնականում չի էլ լինելու Հայաստանի իրական խնդիրների եւ առկա վտանգների մասին։ Դրանց՝ անգամ մակերեսային վերլուծության փորձ չի արվում։ Իսկ Հայաստանը կանգնած է նոր ծավալուն պատերազմի շեմին, երբ հակառակորդը զինվում է աննորմալ տեմպերով եւ չի թաքցնում իր նպատակները, Հայաստանը կանգնած է ֆինանսատնտեսական կոլապսի առաջ, որի լուծումը շատ բարդ է, Հայաստանը մտել է, այսպես կոչված, աղքատության թակարդի մեջ, որի լուծումը, ըստ էության, չի երեւում, Հայաստանը արտագաղթի տենդի մեջ է, ու դա գիտեն բոլորը։ Մենք սրան հակադրում ենք պետություն չունեցող ժողովուրդների եւ նրա վերնախավի պահվածք։
Հարյուրավորներով ուզում են դառնալ պատգամավոր. մի մասը՝ կրկին, մյուս մասը՝ առաջին անգամ, երրորդը՝ վախից, չորրորդը՝ ակամայից։ Պոտենցիալ թեկնածուների ճնշող մեծամասնությունը որեւէ պատկերացում չունի երկրի խնդիրների մասին, Հայաստանի հեռանկարի, տեսլականի, Ղարաբաղի խնդրի, տնտեսության եւ այլնի մասին։ Սա ողբերգություն է. երկու ամսից ձեւավորվում է իշխանություն, նոր քաղաքական վերնախավ, որի 90 տոկոսը չի պատկերացնում պետության խնդիրները, պատկերացում չունի պետության մասին։
Հարց՝ այս պայմաններում ինչպե՞ս ենք կարողանալու Հարավային Կովկասում ունենալ կենսունակ պետություն։
Կարդացեք նաև
Ձայներ բերողներն այս օրերին վազում են մի կուսակցությունից մյուսը՝ ընտրելով, թե ո՛ր կուսակցությամբ առաջադրվեն ռեյտինգային։ Ու այս մարդիկ մեր երկրում ունեն անհամեմատ ավելի մեծ ընտրազանգված, քան նրանք, ովքեր գոնե կարդալ-գրել գիտեն։ Այս մարդկանց համար զրոյական նշանակություն ունի, թե ո՛ր կուսակցության ցուցակով կդառնան պատգամավոր՝ սոցիալիստակա՞ն, լիբերա՞լ, խոշոր կապիտալի՞, կոալիցիո՞ն, թե՞ ընդդիմադիր, եւ ո՛ր շենքի ցուցումով կսեղմեն պահանջված կոճակը։ Եվ նրանք կազմելու են մեծամասնություն։
Իսկապես անկեղծ հարց է առաջանում՝ ուզում եք դառնալ պատգամավոր, որ ի՞նչ անեք։ Հինգ-տասը տարով եղել եք՝ մի բառ խոսե՞լ եք, մի տող կարդացե՞լ եք, մի էջ գրե՞լ եք, մի րոպե մտածե՞լ եք։ Հնարավո՞ր է արդյոք, որ մարդուն այդ վիճակում տասը տարի հրահանգես, թե ինչպես քվեարկի, ու նա էլի ձգտի ինքնակամ թրաֆիքինգի։ Գուցե իրենք կարող են, իրենց համար դա նորմալ է, բայց պետությունն էլ նրա համար է, որ փոխի մթնոլորտը եւ քաղաքական տրենդը։ Պարզ չէ՞, որ նորմալ ու կիրթ մարդիկ հետ կքաշվեն, չեն դիմանա, գուցե նաեւ՝ կգնան երկրից։
Թեկնածուների եւ միանդամ կուսակցապետերի մեկ այլ կոնտինգենտ՝ լցված «քաղաքական կամազը», մի շենքից մյուսն են քշվում՝ սատարելու, ողջունելու եւ տեղ աղերսելու համար։ Չբացեմ փակագծերը, բայց նրանց նոմինալ արժեքը ես լավ գիտեմ։ Նրանց քաղաքական հայացքները կարող են փոխվել մեկ կոմպլեկտ «զիմնի պագրիշկայի» գնով։ Ի դեպ՝ սա հումոր չէ, այլ չոր փաստ։
Եվ այսպե՞ս ենք մենք պատրաստվում ձեւավորել իշխանություն, դիմակայել մարտահրավերներին, ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը։ Լուրջ չէ։
Ազգ-ռեյտինգ գաղափարախոսությունը
Ռեյտինգայինի մոդելը պետականության հիմքում դրված ամենավտանգավոր ականներից է։ Սա որքան հնարավոր է արագ պետք է փոխվի։ Բայց դա արդեն ապագայում, իսկ հիմա մենք կքաղենք դրա դառը պտուղները։ Նման ծավալի եւ լրջության խնդիրներ ունեցող պետությունները ունեն կենսունակ լինելու նախապայման՝ ներքին համերաշխություն եւ առաջադիմական վերնախավի ձեւավորում։
Ռեյտինգային ընտրակարգը մոդել է, որը Հայաստանում կռվացնելու է, թշնամացնելու է բոլորին բոլորի դեմ։ Մենք ընտրություններից հետո շատ երկար ժամանակ վայելելու ենք դրա հետեւանքները։ Փոքր երկրում կռվացնել կլանները, խմբերը, ընտանիքները հաստատ չարժեր։ Ոչ մի նպատակ չարժեր դրան։
Փողը, վախը եւ կլանային ազդեցությունները շատ հավանական է, որ կձեւավորեն նոր պետական վերնախավ՝ զուրկ որեւէ պետական մտածողությունից, պետության խնդիրների ընկալումից։ Ռեյտինգային ընտրացուցակների հաղթողների ճնշող մեծամասնության պատկերացումները աշխարհի եւ 21-րդ դարի մասին չեն անցնում իր օկրուգի գլոբուսից։
Հայաստանին պետք էին ընդհանուր տեսլականներ, համահասարակական պատկերացումներ, վերկլանային արժեքներ՝ դիմակայելու համար ակնհայտ խորացող խնդիրներին։ Դրա փոխարեն ընտրվեց հասարակության ատոմիզացիայի, մասնատման ճանապարհը։ Սա լուրջ վտանգ է, որի մասին ես եւ իմ ընկերները ահազանգել ենք ժամանակին, բայց պետական մեքենան ուներ իր որոշումը եւ իր շահը տեսնում էր հենց այս մոդելի մեջ։ Մենք մնացինք փոքրաթիվ։ Պետական մեքենան ոչնչացնում էր հակափաստարկը, ահազանգը։ Միակ սփոփիչ հանգամանքն այն է, որ մենք իսկապես դեմ ենք եղել, ահազանգել ենք, եւ գոնե անհատական մակարդակում մեր խիղճը հանգիստ է։
Առաջադիմական վերնախավի անհրաժեշտությունը
Աղքատ ու հուսալքված ժողովուրդներին պետականաստեղծ հասարակություն դարձնում է վերնախավը։ Եթե այն եղավ առաջադիմական, ապա տարիների ընթացքում հաջողվում է երկիրը դնել զարգացման ճանապարհին, ապահովել անվտանգությունը, ապահովել որոշակի բարեկեցություն, սերմանել պետական արժեքներ եւ մտածողություն եւ, ի վերջո, ձեւավորել պետության քաղաքացի։ Եթե վերնախավը լինում է ոչ թե պետական, այլ կենցաղային, իրական վտանգներին ոչ ադեկվատ, ապա ժողովուրդների հուսալքությունը եւ ապապետականացումն ուժեղանում են։ Դոմինանտ են դառնում հատվածայնությունը եւ հացի համար պետություն թողնելու տրենդը։ Սա միայն հայաստանյան խնդիր չէ, բայց Հայաստանը, ցավոք, այս մոդելի մեջ է։
Բերեմ մի օրինակ. երկու շաբաթ առաջ Թուրքիայի նախագահը հայտարարում էր, որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ միայն իր սահմաններից, այլեւ Նախիջեւանից, Բաթումից եւ այլն։
Այս հայտարարությունը խոսում է նրա մտածողության եւ թուրքական էլիտայի պատկերացումների մասին, մյուս կողմից՝ խոսում է մեր առաջ կանգնած իրական վտանգների մասին։ Սա Թուրքիայի պատկերացումներն են մեր տարածաշրջանի եւ մեր խնդիրների մասին։ Հայաստանի քաղաքական շրջանակների խորը լռությունը, իսկ ավելի ճիշտ՝ խորը անտարբերությունը մատնում է մեր անլրջությունը։ Մեզ բացի ցուցակից ու տեղից՝ ուրիշ բան չի՞ հետաքրքրում։
Ցուցակային տեղերի համար հերոսամարտեր են մղվում՝ սահմանից գեթե ամեն օր զինվորի մահվան լուրերի ֆոնին։ Թեկնածուներից ո՞ր մեկն է ժողովրդից ձայն ստանալու՝ խաղաղության եւ պատերազմի խնդիրները պարզաբանելով, երկրի անվտանգության խնդիրները քննարկելով։ Սահմանն ու զինվորը նրանց հետաքրքիր են միան իրենց քեֆերի ժամանակ հնչող կենացների համատեքստում։ Հետաքրքրական է, որ կենացների թեման եւ ուժգնությունը ուղիղ համեմատական են անհաջողությունների հետ։ Պետության կենաց, հզոր Հայաստանի կենաց, միասնականության կենաց, հաղթանակների կենաց…. եւ այլն։ Որքան տապալվում են այս խնդիրները իրական կյանքում, էլիտան այնքան եռանդուն է խմում կենացները։ Մենք նման փուլ ունեցել ենք՝ Թիֆլիսի գինետներում պետության եւ պետական մտածողության մսխումը դեռ թարմ է։
Ո՞ւր է գնում երկիրը
Այն, ինչը հիմա կատարվում է կուսակցությունների, ցուցակների եւ ռեյտինգային օկրուգների շուրջ, որեւէ կապ չունի քաղաքականության հետ։ Մենք գործ ունենք անձնավորված պրոցեսների, անձերի, անձնական շահերի հետ, որտեղ քաղաքական մտքին եւ տեսակետին, ծրագրին եւ պետության տեսլականին, ոլորտային լուծումներին փոխարինելու են եկել անձերին սատարումը եւ անձերի դեմ պատերազմը։ Ես եւ իմ ընկերները չունենք որեւէ հետաքրքրություն՝ երկրպագության կամ անձնական թշնամանքի։ Եթե կլինի գոնե փոքր հնարավորություն, մենք մեր եւ հասարակության առաջ ազնիվ լինելու նպատակով կներկայացնենք մեր մտահոգությունները, մեր լուծումների տարբերակները, մեր ծրագրերը եւ մեր առաջարկները։ Չի լինի նման հնարավորություն, մենք չենք մասնակցի այս անհասկանալի պրոցեսին։ Ո՞ւր է գնում երկիրը հարցը շատ սուր է։ Այն չի վերաբերում հեռավոր ապագային։ Այն Հայաստանի դռանն է, մեր բոլորի դռանը։ Մեծ է հավանականությունը, որ այսօրվա պսեւդոքաղաքական պրոցեսները կհանգեցնեն քաոսի։ Բավական դեստրուկտիվ մի քաոսի, որը թուլացնելու է պետությունը։ Իհարկե, նման վիճակները ունեն լուծում եւ գին։ Սովորաբար նման քաոսներից որպես ելք լինում է մի որոշակի ժամանակ ավտորիտար իրականությունը, իսկ գինը, ցավոք սրտի, կարող է լինել պատմական ողբերգությունը։ Դա՞ ենք ուզում։
Եթե նույնիսկ հնարավոր լինի խուսափել վատագույն սցենարներից, ապա ընթացիկ պրոբլեմները այնքան խորն են՝ առաջին հերթին անվտանգության եւ տնտեսության, որ այս քաղաքական եւ մտավոր ռեսուրսով գուցե ուղղակի չկարողանանք լուծումներ գտնել։ Նայեք թեկնածուների մեծամասնությանը եւ երեւի թե կհամաձայնեք։ Ընդ որում՝ ուրիշներին մեղադրելու որեւէ հիմք չունենք։
Հ.Գ. Նման խնդիրներ ունեցող երկրներում բլինդաժն ու ամբիոնը պետք է մեկ միասնական տրամաբանության մեջ լինեն՝ միմյանց պայմանավորող, լրացնող։ Եթե ամբիոնը ապրիլին գրավեն կոճակ սեղմողները, իր առաքելությունը չզգացող, պատահական զանգվածը, ապա բլինդաժ պահելը դառնալու է շատ ու շատ դժվար։ Իմ մտավախությունը սա է։
ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԺ պատգամավոր
«Համախմբում» կուսակցություն
«Առավոտ»
27.01.2017