Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիկլինիկաների ղեկավարները ուռճացնում են բնակչության թվաքանակը

Հունվար 28,2017 15:00

20 տարուց ավելի է՝ Հայաստանում ներդրվել է ընտանեկան բժշկությունը, եւ չնայած պետական բյուջեից քիչ գումարներ չեն հատկացվում այս ոլորտին, սակայն այն, կարելի է ասել, հեռու է կայացած լինելուց:

Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ-բյուջետային ծրագրի գնահատում ուսումնասիրության արդյունքներով ընտանեկան բժշկի ծառայությունների արդյունավետությունն այնքան էլ բարձր չէ:

Այս ոլորտի վերաբերյալ գնահատման համար հ/կ-ն հիմք է ընդունել «Տնային տնտեսությունների վիճակագրական ընտրանքային հետազոտություն-2016» ուսումնասիրությունը: Այն ընդգրկում է հանրապետության 2,300 տնային տնտեսություններ: Ծառայություն մատուցողների ուսումնասիրության եւ հարցազրույցների շրջանակներում Երեւանի եւ հանրապետության 4 մարզերի թվով 19 բժշկական հաստատություններում իրականացվել են պրոֆեսիոնալ բժշկական անձնակազմի եւ կառավարիչների հետ հարցազրույցներ:

Ըստ զեկույցի՝ պոլիկլինիկական ծառայությունները ֆինանսավորման ծավալներով ամենամեծն են այս ոլորտում, անցյալ տարի պետական բյուջեից հատկացվել է 11.2 միլիարդ դրամ, որը կազմում է առողջապահության պետական ծախսերի 12.7%-ը կամ պետական բյուջեի ծախսերի 0.6%-ը:

Պոլիկլինիկական ծառայություններից, ինչպես նշված է հետազոտության մեջ, օգտվում են առավելապես աղքատ եւ սոցիալապես խոցելի խմբերը: Գործնականում այս ծառայություններից ավելի հաճախ օգտվում են խրոնիկ հիվանդություններ ունեցողները, տարեցները եւ 0-7 տարեկան երեխաները:

«Համակարգի նկատմամբ բնակչության վստահությունը բարձր չէ: Ցածր է համակարգի թափանցիկությունը, բացակայում է շահառուների հետ հետադարձ կապը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ ծրագրի արդյունավետության մակարդակն էականորեն բարելավման կարիք ունի»,- նշված է զեկույցում:

Ըստ հետազոտության՝ Հայաստանի բոլոր տնային տնտեսությունների (ՏՏ) ավելի քան 90%-ը տեղյակ է կամ լսել է, որ բոլոր ընտանիքները պետական պատվերի շրջանակներում կարող են ունենալ ընտանեկան բժիշկ, որն ընտանիքի բոլոր անդամներին կմատուցի առաջնային բժշկական օգնության ծառայություններ: Եվ չնայած ընտանեկան բժշկի մասին բնակչության տեղեկացվածության բարձր մակարդակին, ինչպես գրված է զեկույցում, նրանցից ընտանեկան բժիշկ ունի 68.7%-ը, ընդ որում, 1.6%-ը՝ մասնավոր կարգով: Իսկ 30.8%-ը պատասխանել է, որ ընտանեկան բժիշկ չունի:

Ընտանեկան բժիշկ ունեցող ՏՏ-ների 34.5%-ը, ելնելով որոշակի չափանիշներից, ընտրել է իր ընտանեկան բժշկին, իսկ նրանց 0.6%-ը տեղյակ չէ ընտրության կարգին, 64.9%-ն էլ նշել է, որ իրենց ընտանեկան բժշկին նշանակել են ընդհանուր կարգին համաձայն: Ընտանեկան բժիշկների մատուցած ծառայություններում գերակշռում են ընդհանուր խորհրդատվական ծառայությունները: Ըստ զեկույցի՝ 35.2% դեպքերում կատարվել են տնային այցեր, դեղորայքային բուժում իրականացվել է 26.4% դեպքերում:

Տնային տնտեսությունների ընդամենը 5.5%-ն էլ կարծում է, որ ընտանեկան բժիշկների աջակցությունը անարդյունավետ է, այս խմբի մարդիկ համարում են, որ ավելի լավ է միանգամից դիմել ծանոթ բժշկի կամ հիվանդանոց: ՏՏ-ների 2%-ն ընդհանրապես տեղյակ չէ իրենց ընտանեկան բժշկի ծառայություններից:

Ընտանեկան բժշկի ինստիտուտի ընդհանուր արդյունավետությունը տնային տնտեսությունների 11.6%-ը ցածր է գնահատել, այս խմբի մարդիկ գտնում են՝ «անիմաստ եւ ոչ արդյունավետ ինստիտուտ է», իսկ 46.8%-ն էլ գնահատել է «ոչ այնքան արդյունավետ»: Ընտանեկան բժշկի գոյությունը «շատ օգտակար եւ արդյունավետ է» գնահատել ՏՏ-ների 40.4%-ը:

Ուշագրավ է պոլիկլինիկաների բժիշկների եւ ղեկավարների պատասխանը ընտանեկան բժշկի (ԸԲ) մասին. նրանց մեկնաբանմամբ, ինչպես գրված է զեկույցում, համակարգն իրականում չի գործում: Նրանք այս գործընթացում դրականը համարում են բժշկական անձնակազմի վերապատրաստումը: Ոլորտի պատասխանատուների կարծիքով՝ ԸԲ համակարգը կայացել է հիմնականում մարզերի գյուղական վայրերում եւ մարզային քաղաքներում, Երեւանում առկա է ընտանեկան բժշկության ընդամենը երկու անկախ պրակտիկա, իսկ մյուս ամբուլատորիաներում առկա են ԸԲ խմբեր:
Պոլիկլինիկաների բժիշկներն ու ղեկավարները կարծում են, որ ընտանեկան բժշկի ինստիտուտը չի կայացել, քանի որ նաեւ նեղ մասնագետների մեծ կուտակումներ կան: Նրանք վստահ են՝ համակարգի կայացման համար մեծ նշանակություն ունի բնակչության ընկալումը, քանի որ նեղ մասնագիտական հարցերով բնակչությունը խուսափում է դիմել ընտանեկան բժշկին:

Բժիշկների ինքնագնահատականը համակարգում գործող ընտանեկան բժիշկների մասին «լավ» կամ «բավարար» է: Նրանք համարում են, որ ԸԲ-ները չունեն համալսարանական համապատասխան կրթություն, իսկ 6 ամսով վերապատրաստում անցած մասնագետը չի կարող լիարժեք իրականացնել իր գործառույթները:

Հարցմանը մասնակցած բժիշկները ամբողջովին չեն տիրապետում ընտանեկան բժշկի պատասխանատվությանը եւ գործառույթների շրջանակին: Օրինակ՝ հարցմանը մասնակցած ընտանեկան բժիշկների մոտ 1/3-ը չի իմացել, որ ինքը պարտավոր է տիրապետել եւ իրականացնել հետեւյալ գործառույթները՝ կոպրոգրամա, ողնուղեղային հեղուկի, ճառագայթային, էլեկտրաֆիզիոլոգիական, ռենտգենաբանական եւ այլ հետազոտությունների տվյալների մեկնաբանում, ուլտրաձայնային եւ բիոքիմիական հետազոտությունների կատարում եւ մեկնաբանում, առաջին բուժօգնության նպատակով վիրաբուժական միջամտությունների ցուցաբերում, մանկաբարձական եւ գինեկոլոգիական գործողությունների կատարում:

Ըստ զեկույցի՝ բոլոր ամբուլատոր հաստատությունների ղեկավարները արհեստականորեն 2-3 անգամ ուռճացնում են բժիշկների կողմից սպասարկվող բնակչության թվաքանակը: Նրանք դժվարանում են գնահատել, թե իրենց ամբուլատոր հաստատությունում հաշվառված շահառուների ո՞ր մասն է տարբեր պատճառներով օգտվում արտահիվանդանոցային հաստատության ծառայություններից: Հիմնականում գնահատում են այցերի, բայց ոչ շահառուների քանակը: Բժիշկները համարում են, որ շատ ցածր մակարդակի վրա է գտնվում ծերերի, կենսաթոշակառուների սպասարկումը: Բժիշկների կարծիքով՝ անտրամաբանական շատ է թղթաբանությունը, իսկ ուղեգրման համակարգը հերթեր է առաջացնում, եւ առնվազն դիսպանսեր հիվանդների այցի դեպքում կարելի է հնարավորություններ ստեղծել ուղղակիորեն դիմելու նեղ մասնագետներին կամ նրանց դեղորայք տրամադրել առանց ԸԲ ուղեգրի:

Ուսումնասիրությունը կատարել է «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հ/կ-ն՝ «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսության եւ քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում:  Այս ծրագիրն իրականացվում է «Օքսֆամի» հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

27.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Հարգելի Խմբագրություն,
    Հոդվածը վերցված է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի “Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ բյուջետային ծրագրի գնահատում” զեկույցի առանձին հատվածներից՝ առանց համապատասխան հղման։
    Խնդրում ենք ապահովել պատշաճ հղումը և հեղինակային իրավունքների պաշտպանությունը։

  2. Նելլի Բաբայան says:

    հարգելի Կարինե, շնորհակալություն: Ներողություն եմ խնդրում, բայց վստաեցնում եմ ձեզ, ուղղակի վրիպակ է տեղի ունեցել, որն անպայման կուղղենք: Ես նույն կազմակերպության այլ ոլորտներում ուսումնասիրության զեկույցներից էլ եմ օգտվել, եւ պատշաճ հղում կատարել: Այս անգամ վրիպակի պատճառով հ/կ-ի անունն ու ֆինանսավորման աղբյուրը դուրս է մնացել:
    Հենց հիմա կշտկեքն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031