1930-ական թվականներին Հայաստանում ձեւավորված Աերոակումբը մեծ եռանդով սկսեց ավիացիոն մարզաձեւերի տարածումը՝ ավիամոդելային, պարաշյուտային, պլաներային, ինքնաթիռային: Քչերը գիտեն, որ այնտեղ իրենց մկրտությունն են ստացել հայտնի օդաչուներ, Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը, Խորհրդային Միության հերոսներ Սերգեյ Բուռնազյանը, Հակոբ Մանուկյանը եւ այլ քաջարիներ: Այդ աստղաբույլի մեջ է Էմիլ Մարկոսի Դիլանյանը, ում ծննդյան 100-ամյակն է այսօր:
Դեռ աշակերտական տարիներին Էմիլը լրջորեն հետաքրքրվում էր մաթեմատիկայով, ֆիզիկայով, քիմիայով: 1929թ. Ծաղկաձորում, երբ նա պիոներական ճամբարում էր, կազմակերպվել էր պլաներային խմբակ: Նա այդ խմբակի ակտիվ անդամներից էր եւ երազում էր օդաչու դառնալ: Էմիլը դպրոց գնալիս անցնում էր ներկայիս Աբովյան փողոցի վրա գտնվող Աերոակումբի շենքի մոտով, որի պատուհաններից երեւում էին պլաներները եւ 15-17 տարեկան պատանիներ:
Երեւանում նոր էին ստացել առաջին երեք ռադիոընդունիչները: Դպրոցական Էմիլն ընկերների հետ որոշում են չորրորդն էլ իրենք պատրաստեն: Տքնաջան աշխատանքի արդյունքում պատաստվում է ռադիոընդունիչը:
1935թ. Էմիլը բարձր առաջադիմությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ուղեւորվում է Դնեպրոպետրովսկ՝ ինժեներ մորեղբոր մոտ, որը խոստացել էր նյութապես օժանդակել նրան տեղի շինարարական ֆակուլտետում սովորելիս: Դնեպրոպետրովսկի շինֆակում դասախոսում էին ուկրաիներեն: Էմիլին մնում էր լեզու տիրապետելու համար աշակերտել հեծանիվների արհեստանոցում եւ, միաժամանակ, սովորել նախապատրաստականում: Երեւանից հեռու, նրա միակ մխիթարությունը հեծանվով քաղաքից դուրս, օդանավակայան գնալն էր:
Երկինքը կանչում էր Էմիլին: Մեկ տարի անց նա նորից Երեւանում էր: Դժբախտաբար, 1937թ. Դնեպրոպետրովսկում մորեղբայր Գուրգեն Նիկողոսյանը դաժան ռեժիմի անմեղ զոհերից մեկը դարձավ: Հորը չտեսած՝ նրա որդին՝ Առնոլդը, հետագայում դարձավ ԱՄՆ ՆԱՍԱ-ի փոխտնօրեն, տիեզերագնացների բժշկական խնդիրներով զբաղվող մասնագետ եւ իր ավանդն ունեցավ Ջեյմս Բաղյանի, ԱՄՆ առաջին հայի տիեզերագնաց դառնալու գործում: Քաղաքական մեծ կշիռ ունեցող Առնոլդ Գուրգենի Նիկողոսյանը, ԽՍՀՄ այցելելիս, պարզել էր, որ հորը ձերբակալել եւ առանց դատավարության միանգամից գնդակահարել էին բանտի պատի տակ: Նշենք, որ 1988թ. երկրաշարժից հետո Առնոլդ Նիկողոսյանը կես տարի կազմակերպել է անվճար տիեզերական հեռուստակամուրջ, որպես ԱՄՆ բժիշկների խորհրդատվական օգնություն հայ կոլեգաներին՝ աննախադեպ երկրաշարժից տուժածների համար: Այժմ Առնոլդ Նիկողոսյանը Վաշինգտոնի լավագույն համալսարանի հարգարժան պրոֆեսորներից է:
Կարդացեք նաև
1936թ. Երեւանում Էմիլը ընդունվում է Աերոակումբ եւ, միաժամանակ՝ պոլիտեխնիկական ինստիտուտ: Նա այնքան լավ էր սովորում Աերոակումբում, որ նրա տեսական գիտելիքների մի քանի ստուգումից հետո, շուտով նրան օդանավակայան են տանում՝ թռիչքների տեխնիկան սովորեցնելու: Նրա հրահանգիչն էր Միշա Բրեխնովը: «ՈՒ-2» ինքնաթիռում Էմիլի հետ նստում է հանրապետական Աերոակումբի ուսումնա-թռիչքային ուսուցման պետ Շավարշ Ոսկանյանը: Բազմավաստակ մի օդաչու, որը բազմաթիվ երիտասարդների երկնքում ճախրելու ուղեգրեր էր տվել: Էմիլը երազում էր մարտական օդաչու դառնալ: 1937թ. Աերոակումբը նրան ուղարկում է Եյսկի ռազմածովային ավիացիոն ուսումնարան, որը գերազանց ավարտում է, ստանալով լեյտենանտի կոչում՝ կործանիչ-օդաչուի մասնագիտությամբ: Գործին գերազանց տիրապետող Դիլանյանին թողնում են ուսումնարանում օդաչու-հրահանգիչի պաշտոնում: Մինչեւ Հայրենական մեծ պատերազմը նա պատրաստել է բազմաթիվ ռազմածովային օդաչուներ, որոնցից ոմանք դարձել են նաեւ Խորհրդային Միության հերոսներ:
1942թ. սկզբին Էմիլ Դիլանյանին ուղարկում են Հյուսիսային նավատորմի ռազմաօդային ուժեր: Արդեն փետրվարին նա ակտիվորեն մասնակցել է Մուրմանսկ ռազմածովային բազայի եւ քաղաքի պաշտպանությանը: Օդային մարտերում նա խփել է հակառակորդի յոթ ինքնաթիռ, սակայն կամայականորեն երեքը չեն գրանցվել: Կործանիչ-օդաչուն ռազմական գործողությունների ժամանակ ունեցել է 142 մարտական թռիչք, 147 ժամ 43 րոպե հարձակմամբ «Հաուկեր Հարիկեյն» ինքնաթիռով: Մասնակցել է 15 օդային մարտերի, որտեղ անձամբ խոցել է հակառակորդի 4 ինքնաթիռ: Կատարել է 2 գրոհային թռիչք հակառակորդի զորքերի վրա, ոչնչացրել զորքով ու բեռներով մի քանի սայլակառք, կենդանի ուժի մոտ 37 մարդ: Մնացած 125 մարտական թռիչքները կատարվել են պարեկության ժամանակ, նավատորմի գլխավոր բազայի՝ Մուրմանսկի եւ իր օդանավակայանի վրա, ուղեկցել եւ դիմավորել է յուրայինների ռմբակոծիչները, նավերը, ապահովել է Կոլայի ծովածոցի եւ Բարենցի ծովի տրանսպորտի պահպանությունը: Այդ մեծաքանակ մարտական թռիչքների եւ օդային մարտերի ժամանակ ոչ մի հարկադրված վայրէջք եւ իր մեղքով տեխնիկայի խափանում չունի: Նա շատ շուտ տիրապետեց «Հարիկեյն» ինքնաթիռով թռիչքներին եւ մինչեւ վերջին օրը հիանալի կատարում էր ցանկացած մարտական առաջադրանք: Հայտնի է, որ 1942թ. օգոստոսի 5-ին ավիաօղակի 24-ամյա հրամանատար Էմիլ Դիլանյանը մարտական առաջադրանք է ստանում «Միգ-3» կործանիչների միջոցով օդից պաշտպանել Մուրմանսկի ուղղությամբ շարժվող ռազմամթերքով բեռնված օվկիանոսային մեր նավերի հերթական մեծ խումբը:
Կործանիչների ավիաօղակի հրամանատար Էմիլ Դիլանյանը առաջինն է նկատում թշնամու ինքնաթիռների երկու խումբ: Նրա հրամանով արագընթաց մեր կործանիչները նետվում են գրոհի: Շարքից դուրս են գալիս հակառակորդի 2 ռմբակոծիչներ: Տեսնելով անակնկալ կորուստը, «Յունկերս»-ներից մի քանիսը խուճապահար հետ են դառնում: Այդ ժամանակ նրանց օգնության են հասնում «Մեսսերշմիդտ-109» կործանիչները: Էմիլ Դիլանյանը, զոհաբերելով իրեն, գրոհի է գնում, պաշտպանելով ընկերներին անխուսափելի մահից՝ ուկրաինացի Պյոտր Կոլոմիեցին, որը հետագայում դարձավ Խորհրդային Միության հերոս եւ ռուս Վ. Դորոշինին: Երբ Դիլանյանը դուրս էր գալիս մարտից, նրա վրա դիմահար գնդացրային կրակ են բացում եւ գնդակը պայթում է Էմիլի թեւի մեջ: Չկորցնելով ինքնատիրապետումը, արյունաքամ լինելով, սկսելով կորցնել գիտակցությունը, այրվող ինքնաթիռից գերմարդկային ճիգերով նա դուրս է նետվում 5000 մետր բարձրությունից եւ արդեն երկրից մի քանի հարյուր մետրի վրա քաշում պարաշյուտի օղակը: Երեք օր տայգայում, արյունաքամ լինելով՝ ուշագնաց է լինում: Ուշքի է գալիս քունքին դեմ տված սառը զենքից: Զինվորը հարցնում է, ֆրի՞ց ես: Այդ ժամանակ ռազմաճակատային թերթն արդեն գրած է լինում Էմիլ Դիլանյանի սխրանքի մասին: Նրան ճանաչում են: Նավաստիները նրան զգուշությամբ տեղափոխում են հոսպիտալ, որտեղ նրան սպասվում էր ամենածանր հարվածը: Էմիլ Դիլանյանին անդամահատում են ձախ ուսից:
Ծովակալ Ի.Ս. Իսակովի հրամանով հատուկ ինքնաթիռով ծանր վիրավորներին Անդրբեւեռից տեղափոխում են Մոսկվա: Նրա միջնորդությամբ Էմիլ Դիլանյանը մոտ մեկ տարի երկարատեւ բուժում է ստանում Մոսկվայի 71-րդ հոսպիտալում: Նա վերադառնում է հայրենիք, ընտրվում ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր: Հետագայում եղել է նաեւ Երեւանի քաղխորհրդի պատգամավոր:
Էմիլ Դիլանյանը սովորելով Մոսկվայի էներգետիկական ինստիտուտի ասպիրանտուրայում՝ պաշտպանում է «Թռչող ապարատների էլեկտրասարքավորումը» գիտական թեկնածուական թեզը: Իսկ երբ վերադառնում է Երեւան, Պոլիտեխնիկական ինստիտուտում ստեղծում է էլեկտրաբանեցման եւ արտադրական պրոցեսների ավտոմատացման ամբիոնը, որը ղեկավարում է ավելի քան 20 տարի: Ի դեպ, նա 5 տարի եղել է ֆակուլտետի դեկանը: Նա ավելի քան 100 գիտական հոդվածների հեղինակ է: Պոլիտեխնիկում ստեղծել է էլեկտրամոբիլների գիտական պրոբլեմային լաբորատորիան, որտեղ ԽՍՀՄ-ում առաջին անգամ իր ղեկավարությամբ ստեղծվել են երեք գործող էլեկտրամոբիլներ՝ «Երազ» գործարանի մեքենաների հիման վրա: Էլեկտրամոբիլներին նվիրված առաջին Համաշխարհային կոնգրեսը տեղի է ունենում Կալիֆոռնիայում, իսկ երկրորդը՝ 1979թ. Երեւանում, ի պատիվ հայ գիտնականների համաշխարհային նվաճումների:
1985թ. Մոսկվայի էներգետիկական ինստիտուտում տեղի է ունեցել Էմիլ Մարկոսի Դիլանյանի «Ներքաղաքային էլեկտրամոբիլների էլեկտրասարքավորումը» դոկտորական թեզի նախնական գերազանց պաշտպանությունը: Նրան հրավիրում են աշնանը պաշտպանելու դոկտորական թեզը: Սակայն, ավաղ… երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո, 1986թ. ապրիլի 12-ին նա կնքեց իր մահկանացուն:
Անցյալ տարվա մայիսի 25-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետում բացվում է վաստակավոր ինժեներ, էլեկտրամոբիլի հեղինակ, Պոլիտեխնիկի նվիրյալ Էմիլ Դիլանյանի անվան լսարան: Ինչպես նշեց ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը. «Եթե հիշում ենք, երախտապարտ ենք, ուրեմն հաջողություն կունենանք»:
ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ.- Էմիլ Մարկոսի Դիլանյանի քրոջ դուստրը՝ Սեդա Թոխմախյանը, եւ հերոսի որդին՝ միջազգայնագետ Վլադիմիր Էմիլի Դիլանյանը, սիրով մեզ տրամադրեցին ընտանեկան արխիվում դեռեւս ռազմաճակատային տարեգրությունից խնամքով պահպանվող նյութերը: Հրապարակման որոշ նյութեր տրամադրվել են Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիայի մայոր Ֆելիքս Մուրադյանի, ԴՕՍԱԱՖ-ի Աերոակումբի վերջին պետի, այժմ ՀՀ ՊՆ ավիացիայի մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան Ռազմական ավիացիայի պետ, գնդապետ Դանիել Բալայանի կողմից:
«Առավոտ»
27.01.2017