Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին Մայր թատրոնի մասին

Հունվար 28,2017 14:00

Շատ անգամներ իմ հոդվածներում անդրադարձել եմ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, կարծիք հայտնել ու, մտահոգված նրա ճակատագրով՝ հորդորներ արել: Վերջին շրջանում թատրոնը արձակուրդի մեջ էր, վերջերս էլ իմացա, որ վերաբացվել է արդիականացված եւ եվրաչափանիշներին հնարավորինս նմանեցված վիճակում: Խոսելով թատրոնի մասին՝ ուզում եմ սկսել նրա կազմավորումից: Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի 1921 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ եւ Ալ. Մյասնիկյանի ստորագրած պետական հատուկ դեկրետով Երեւանում հիմնադրվեց առաջին պետական թատրոնը: Թատրոնի կազմավորումը հանձնարարվեց Լեւոն Քալանթարին, Մամիկոն Գեւորգյանին եւ Պողոս Մակինցյանին: Մայր թատրոնի առաջին տնօրեն նշանակվեց Մ. Գեւորգյանը, իսկ ռեժիսոր՝ Լ. Քալանթարը, նրանցից յուրաքանչյուրը նախանձելի եւ հիացմունքի արժանի ուղի էր անցել եւ, վստահաբար, նրանցից լավ ոչ ոք չէր կարող կատարել առաքելությունը: Հայ մշակույթի, արվեստի եւ գրականության բազմավաստակ մշակ Մ. Գեւորգյանը բազմակողմանի զարգացած մարդ էր՝ իրավաբան, խմբագիր, թատերական գործիչ, կինոսցենարիստ, թարգմանիչ, բառարանագետ եւ բազմաթիվ պիեսների հեղինակ: Լեւոն Քալանթարը նույնպես, մինչ թատրոնի հիմնադրումը, հասցրել էր արգասաբեր գործունեություն ծավալել՝ Սուրեն Խաչատրյանի եւ ամերիկյան հայտնի կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հետ Թիֆլիսում կազմավորել էր դրամատիկական ստուդիա, Վահան Տերյանի հետ մասնակցել Գորկու խմբագրությամբ «Հայ գրականության ժողովածուն» կազմելու գործին: Անդրադառնանք ներկա ղեկավարներին, չնայած, ավելի լավ է շարունակեմ խոսել մեծությունների մասին, քանի որ ներկա իշխանավորները չունեն բավականաչափ կենսագրություն, որպեսզի համեմատականներ անցկացնեմ կամ ունեն, ես տեղյակ չեմ, թեպետ գիտեմ ով որտեղից է եկել Սունդուկյանում աշխատելու:

Ինչեւէ: Կազմավորելով առաջին պետթատրոնը, հիմնադիր-ղեկավարները կարողացան ոգեւորել եւ ոգեշնչել հայ նշանավոր արտիստներ Իսահակ Ալիխանյանին, Ավետ Ավետիսյանին, Հրաչյա Ներսիսյանին, Տիգրան Շամիրխանյանին, Օրի Բունիաթյանին, Մկրտիչ Գարագաշին, Հասմիկին, Արուս Ոսկանյանին, Օլգա Գուլազյանին եւ այլոց, որոնք եւ դարձան թատրոնի առաջին դերասանները եւ կարճ ժամանակում իրենց անզուգական կատարումներով դարձան հանդիսականի եւ ժամանակի մտավորականության սիրելիները եւ, ամենակարեւորը՝ գնահատվեցին: Մեծ պոետ Եղիշե Չարենցը Արուս Ոսկանյանի մասին գրել է. «Ամեն անգամ Արուսիս հանդիպելիս ինձ թվում է, թե կյանքս երկարում է»: Ոսկանյանին տրված ընծայագրում ժամանակի մեծագույն վիպասան-դրամատուրգ Ալ. Շիրվանզադեն գրում է. «Արուս, Մարգարիտ ես դու զորեղ տաղանդով, զմայլելի Սոնա՝ քո սիրուն տեսքով, երկու դերի մեջ էլ դու դիցուհի ես քո աննման խաղով»: Հետաքրքիր է՝ ինչ կասեին մեծերը՝ տեսնելով մերօրյա կատարումները: Կարծում եմ՝ վերանորոգումն այս հարցում չի օգնի: Պետթատրոնի առաջին առավելությունը դա Լ. Քալանթարի կողմից մշակված խաղացանկային քաղաքականությունն էր, որը այսօր իսպառ անհետացել է ու նոր սերունդը նույնիսկ չգիտի, թե ինչ ասել է խաղացանկային քաղաքականություն: Լ. Քալանթարի մշակած ծրագրի մասին Չարենցը գրել է. «Լեւոն Քալանթարն իմաստուն կերպով վարեց Երեւանի առաջին պետթատրոնի կազմակերպման գործը, գիտակցելով, որ դրվում են թատերական նոր մշակույթի հիմքերը»: Սրան էլ եթե հավելենք այն, որ տասը տարում թատրոնը հանդես եկավ 84 պրեմիերայով, ցուցադրեց ավելի քան 1300 ներկայացում, որից 80-ը Հայաստանի տարածքից դուրս, իսկ 2002-12թթ. թատրոնը ունեցել է շուրջ երեք անգամ պակաս ցուցանիշ՝ ընդամենը 30-ը, կհասկանանք, որ համեմատականի տեղ չկա եւ թատրոնի վերանորոգումն ու 1000 տեղանոց դահլիճը 800 դարձնելը չի փրկի:

Տեղին է հիշատակել մեծ դերասան եւ ռեժիսոր, իսկական սունդուկյանցի եւ այդ թատրոնի երկարամյա ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի խոսքը. «Մեծ արտիստները հեռանում են, իսկ դերերը մնում՝ դրանք պետք է ուրիշները կատարեն, դա ակնհայտ է»: Սա մի մարդու խոսք է, որ ամեն հեռացող մեծության թողած ծանր «բեռ» պատրաստ էր «շալակել» ու չտրտնջալ, իսկ նրա նմաններն այսօր, ցավոք, չկան, միայն նմանակողներն են մնացել:

Մտահոգիչ հարցերը չեն ավարտվում, Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը եւ մյուս բոլոր մշակութային կրթօջախները տարեկան ունենում են հարյուրավոր, հնարավոր է հազարավոր շրջանավարտ դերասան-կատարողներ, սակայն թատրոններում 50-60 տարեկան դերասանները դեռեւս խաղում են այն դերերը, որոնք խաղացել են 20, 30 տարի առաջ, երբ բեմադրվում էր ներկայացումը. հարգելիներս, թողեք սերնդափոխություն լինի, դա ամենեւին էլ սարսափելի չէ: Եթե երեսուն տարեկանում խաղացել եք արքայազն, ապա 50-60-ում վաղուց պիտի արքա դարձած լինեիք…

 

ՄԽԻԹԱՐ ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆ
Երեւանի Յանուս արտիստական թատրոնի հիմնադիր, բեմադրիչ,
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր

«Առավոտ»

27.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գովելի է, որ մարդիկ, անկախ իրենց կարգավիճակից հավատարիմ են մնում իրենց ինքնությանը և զբաղվում են մասնագիտական գործունեությամբ, ծառայեցնելով այն հանրօգուտ գործի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031