Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենի եզերքի գեղեցկությունը օտարամետ դրսեւորումներով չեմ պաճուճում»

Հունվար 28,2017 13:00

Զրույց ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչիկ Աբրահամյանի հետ

– Արդիական կերպարվեստի մեջ Ձեր ստեղծագործական արարումները բարձրարժեք են, եւ միշտ` արվեստասերների կողմից ցուցասրահներում հետաքրքրություն առաջացնող: Արդյոք դրանք աստվածահաճո շնորհներ չե՞ն…

– Մանկությանս տարիներից ի վեր, կարելի է ասել` չորս տարեկանից` նկարիչ եմ: Եվ այն, ինչ իմ արվեստում եմ արտացոլում` իրական կյանքի պատկերներ են, որոնց ես ցանկանում եմ տեսնել միայն պայծառության մեջ. դրանք գույներ, ձեւեր, պատկերներ, սյուժետային գործեր են, որոնք բացում են ներշնչանքիս հոգեխորքը… գեղագիտական արտահայտչական մտածողություն են, եւ կարեւորը` հուզական են… ու ինչ խոսք, վերուստ տրված են Տիրոջ` Տիեզերական Բարձրյալի կողմից:

– Որպես հայտնի նկարիչ՝ Դուք ինչ թեմաների եք առավել շատ անդրադառնում:

– Ժանրային առումով՝ արվեստի տարաբնույթ ուղղությունների միջեւ երբեւէ սահմաններ չեմ դնում: Ճաշակի բազմակողմանի մոտիվացիաները, զգացումների շռայլության հարստությունն ու աշխարհայացքի միախառնումը տաղանդին գումարած՝ բերում են բարձրամակարդակ արարումներ, որոնք ի վերջո դառնում են կտավաշարեր: Թերեւս ստեղծագործելու ընթացքում կարեւորվում է նկարչի ընկալումները ընդհանրապես իրական աշխարհի, մարդկանց, բնության, շրջակա միջավայրի հանդեպ: Զարմանալի կթվա գուցե, երբեմն գունեղ, հուզական են նույնիսկ կյանքի թախծոտ երեւույթները, որոնք նկարչի վրձնի առաջ դառնում են էմոցիոնալ, զգացմունքային գունապատկերներ…եւ ա՛յ դրանք դիտողին հետաքրքրում են, որովհետեւ, ի վերջո՝ թափանցում են նայողի ներաշխարհը: Ի դեպ, նկարչի ստեղծագործական մոտեցման ոճը յուրահատուկ պիտի լինի, մտահորիզոնը, աշխարհայացքը զարգացած շերտերով պիտի պարփակված լինեն: Այն, ինչ նկարիչն է տեսնում՝ մի փոքր հեռու է ու անընկալելի սովորական մարդու ներաշխարհից… բանաստեղծական են նկարչի ընկալումները եւ բոլորովին յուրահատուկ` ստեղծագործողի հուզական մոտեցումները, որոնք դրսեւորվում են նույնպես յուրօրինակ: Ինձ առավել շատ հետաքրքրում են առեղծվածներով լի բնությունն ու իրական աշխարհը. պատմական անցյալ ունեցող մեր ժողովրդի մշակութային կոթողները, մեր հարուստ արվեստը…ինքս հաճախ իմ արվեստի մեջ «տեսնում եմ» երաժշտություն, թատրոն, գրական, ճարտարապետական, հայրենասիրական թեմաներով առլեցուն մոտիվներ, որոնք, թեեւ լուռ, բայց ասես խոսուն են: Ես ամեն-ամենի գեղեցկությունն եմ սիրում եւ կտավներումս հոգուցս պոկված այդ պատկերները դարձնում եմ կերպարվեստ, որոնց տալիս եմ «հանդերձավորում»՝ միտք, էություն, հոգեբանություն, անցյալ… փիլիսոփայական մոտեցումներով են հագեցած հատկապես կանանց նվիրված գեղանկարներս. չափազանց խորիմաստություն եմ դնում, իհարկե, հիմնականում կանանց կերպարների վրա, չէ՞ որ կանայք հիմք են հանդիսանում կյանքի զարգացմանը. Կլեոպատրա, Նեֆերտիտի, Փառանձեմ, Անահիտ աստվածուհիներ: Անուններ են, իմ անդրադարձած գունեղ կերպարներ, որոնք էությամբ պատմական խորիմաստություն են արտահայտում՝ ունեն ողջ մարդկությանը հավետ պատմելու թեմաներ: Լուսավոր կերպարներ են նաեւ Օմար Խայամի, «Հազար ու մի գիշեր» -ի մոտիվներով գեղանկարային այլեւայլ արծարծումներ: Արդ, հարկ է նշել, որ հայ կանանց նվիրված գեղանկարներիս կողքին հետաքրքիր են բազմաթիվ այլազգի կանանց կերպարներ, որոնք եւս յուրատիպ խառնվածք ու կեցվածք ունեն, կրում են իրենց ազգային մշակույթի առանձնահատուկ տարրեր` տարազներ, հագուկապ, ավանդույթներ…Դրանց մեջ բանաստեղծական նրբություններ կան, հոգեբանական երեւույթներ, որոնց մեջ կան խորասույզ պատմական թեմաներ: Ասորեստանի, Բաբելոնի, Արեւելքի, Հայկական թագավորությունների, հեթանոսական շրջանի հետ աղերսվող կտավներ ունեմ, որտեղ հին աշխարհից մինչ օրս եկող քաղաքակրթությունների եւ տարբեր ժամանակահատվածների թագուհիների եմ կերպավորել: Օրինակ, «Երեք թագուհիների հանդիպում» կտավը ցուցասրահներում դիտողներին շատ բան կպատմի:

– Կանանց պատկերած Ձեր կտավները հագեցած են շարժուն, կենդանի շեշտադրումներով, այդ կերպարները լուսավոր ու պայծառ են: Հետաքրքիր է, նրանց արարման ընթացքում ինչն եք կարեւորում՝ ձեւ՞ը, թե՞ բովանդակությունը:

-Կանանց հոգեբանության մեջ առանձնացնում, ընդգծուն եմ դարձնում նրանց ազնիվ, կանացի ու բարի լինելը, որպեսզի իրենց ներաշխարհում բացառվեն նախանձությունը, անկամությունը, նենգ հատկանիշները …

-Դուք Ձեր արվեստում մեծածավալ տեղ եք տալիս պատմականության թեմատիկային…

– Ուսումնառությանս ընթացքում ես հիմք դրեցի իմ արվեստում պատմական առումով` հնի եւ նորի ընտրությունը, որը ժամանակակից է, գաղափարներն ազգային են, նաեւ` համամարդկային… հայերս Հին աշխարհի ժողովուրդ ենք, ամեն օրվա ապրածով միշտ սովորում ենք նորը. կերպարվեստում էլ արտահայտում ենք առավել` արդիականը:
– Նկատելի է` կոմպոզիցիոն աշխատանքներին մոտենում եք վերլուծական խորությամբ, նոր բացահայտումներով. դուք ամենեւին «հարմարվող» դիլետանտություն կրող գեղանկարիչ չեք, կտավներից նկատվում են եւ՛ ազատախոհություն, եւ՛ հուզական ուժ, դրանց առկայությունը, արդյոք, գեղանկարչության մեջ պատկերային, խոր ըմբռնումներ, ոչ մտացածին բովանդակություն չե՞ն ավելացնում սյուժետային «անցուդարձերում»:
– Կարելի է ասել` արվեստը մի խոհանոց է, ուր պիտի ճիշտ, ճաշակով ընտրել այն, ինչը գործ է. ճիշտ մոտեցում պետք է լինի նկարչության մեջ … Ես որպես նկարիչ եւ ցուցահանդեսների կազմակերպիչ եմ ասում այն, ինչը ընթերցողի համար նույնպես կարծում եմ` հետաքրքիր կլինի: Արվեստագետի աշխատանքի խորքում կան բարի, ազնիվ արտահայտումներ: Այնուամենայնիվ, ինքս շրջապատում ամեն ինչ տեսնում եմ անկրկնելի եւ կյանքը ընկալում գեղանկարչության միջոցով: Ես իմ հայրենի եզերքի գեղեցկությունը օտարամետ դրսեւորումներով չեմ պաճուճում. սիրում եմ հոգուս աչքերով տեսնել բարին, լավագույնը, մարդկայինը, գեղեցիկը… Գեղանկարչի արվեստը միայն ու միայն գեղեցիկով պիտի զարդարվի, այլապես ինչ հետեւություն անել, երբ կտավը փոխարեն գեղեցիկ կամուրջ ներկայացնի, երբեմն կտավներում անճաշակ արտահայտումներով, նեգատիվ, ոչինչ չասող երեւույթներով են շղարշում իրենց արվեստը…Նկարիչը, ինչ խոսք, պիտի ասելիք ունենա իր ստեղծագործության մեջ, նա պիտի կարեւորի, թե ինչ է ուզում ասել իր նկարը մարդուն: Եվ, կարծում եմ, նկարները պիտի արդիական հնչեղություն ունենան, այսինքն՝ կտավն ունենալով ներքին ասելիք, պիտի նկարչի հոգու փոթորկումները տաղանդին միահյուսված` մի ամբողջություն լինի, որպեսզի այսօրյա գեղանկարչությունը հագեցած լինի ժամանակի, իրականության գունեղությամբ:

Հարցազրույցը`
ԼՈՒՍԻՆԵ ԹՈՓՈՒԶՅԱՆԻ

Լուսանկարը՝ armeniabusiness.am-ի:

 

«Առավոտ»

27.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031