Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մկրտչյան. «Լինելու եմ խիստ եւ պահանջկոտ»

Հունվար 28,2017 13:30

Երեկ Ատլանտայի օլիմպիական խաղերի արծաթե, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արմեն Մկրտչյանը նշանակվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Արայիկ Բաղդադյանին: Արմեն Մկրտչյանը մինչ այդ մարզչական գործունեություն էր ծավալում Գերմանիայում եւ Բելգիայում:

«Առավոտը» բացառիկ հարցազրույց է անցկացրել նորանշանակ մասնագետի հետ:

-Ի՞նչ է նշանակում ձեր համար Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելը:

-Մեծ պատիվ է եւ մեծ պատասխանատվություն: Շնորհակալություն եմ հայտնում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին ինձ վստահելու եւ հրավիրելու համար: Անկեղծ ասած, դա անակնկալ էր ինձ համար:

-Առաջարկը միանգամի՞ց ընդունեցիք:

-Քո երկրի ազգային հավաքականը գլխավորելը բարդ առաջադրանք է, բայց չընդունել չէի կարող: Ճիշտ է, վերջնական համաձայնությունս տվեցի ընտանիքիս հետ խորհրդակցելուց հետո միայն: Մարզչի աշխատանքն ամեն տեղ էլ դժվար է, առավել եւս հարազատ երկրիդ ընտրանիում: Բայց կարծում եմ՝ ամեն բան կստացվի, եթե ֆեդերացիայի, մարզչական խորհրդի եւ ըմբիշների հետ աշխատենք միասին, նպատակաուղղված ու ճիշտ:

-Այս պաշտոնն առաջարկելով՝ ՀԱՕԿ-ի նախագահը եւ ֆեդերացիան ձեր առջեւ կոնկրետ պահանջներ դրե՞լ են:

-Հայկական ազատ ըմբշամարտը դեռ խորհրդային տարիներից միշտ էլ առաջատար դիրքեր է զբաղեցրել՝ տալով օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, մեդալակիրներ ու միջազգային մրցաշարերի հաղթողներ ու մրցանակակիրներ: Անկախության տարիներին էլ այդ ավանդույթը շարունակվել է ու հասել մինչեւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյան: Վերջին տարիների ձեռքբերումների ու կատարած աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում Արայիկ Բաղդադյանին: Ինչ վերաբերում է իմ առջեւ դրված պահանջներին, իհարկե կան: Ճիշտ է, միանգամից ամեն ինչ հնարավոր չէ, բայց նշանակետը հաջորդ օլիմպիական խաղերում ոչ միայն վարկանիշեր նվաճելն է, այլեւ մեդալների համար պայքարելը, այդ թվում նաեւ՝ ոսկե:

-Հավաքականին արդեն ծանոթացե՞լ եք:

-Դեռ ոչ: Սպասում էի պաշտոնապես նշանակվելուս:

-Ինչի՞ց եք սկսելու:

-Առաջին հերթին կարգապահությունից: Լինելու եմ պահանջկոտ եւ խիստ: Առանց կարգապահության ոչինչ չի ստացվի: Մնացածի մասին կարող ենք ավելի ուշ խոսել:

-Համաձա՞յն եք այն կարծիքի հետ, որ գլխավոր խնդիրներից մեկը մարզադպրոցներում ըմբշամարտի ճիշտ դրվածքում եղած թերություններն են:

-Ամեն ինչ կախված է սկսնակների մոտ հիմքը ճիշտ դնելուց: Դեռ չգիտեմ, թե այստեղ ինչ վիճակ է: Ես Գերմանիայում եւ Բելգիայում նաեւ պատանիների հետ աշխատելու լավ փորձ ունեմ: Մտադիր եմ հնարավորին չափ շատ այցելել մարզադպրոցներ, շփվել մարզիչների հետ եւ իմ փորձն ու գիտելիքները փոխանցել նրանց:

-Երբվանի՞ց եք անցնում աշխատանքի:

-Այս գիշեր կարճ ժամանակով վերադառնում եմ Բելգիա: Պայմանագրեր ունեմ ստորագրած, որոնցից պետք է հրաժարվեմ: Այլ գործեր էլ կան, որ պետք է կարգավորել:

-Ընտանիքո՞վ եք վերադառնալու:

-Առայժմ ոչ: Աղջիկներս սովորում են: Ուսումնական տարին չենք ուզում կիսատ թողնել:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

27.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031