Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. այսօր էլ պատրաստ եմ փորձության ժամին կանգնելու խրամատում արիաբար մարտնչող զինվորի կողքին (Տեսանյութ)

Հունվար 27,2017 22:21

Պարոնա՛յք գեներալներ, սպաներ, զինվորներ

Ազատամարտի փառապա՛նծ մարտիկներ

Հայրենիքին կյանքը նվիրած հայորդիների սիրելի՛ հարազատներ

Շնորհավորում եմ Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ:

Հայ ժողովրդի նորօրյա պատմության ամենամեծ ձեռքբերումը հայկական բանակն է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման միակ երաշխավորը, հենարանը, ով իր անցած փառահեղ ճանապարհով, մեծ հաղթանակներով ձեռք է բերել տարածաշրջանի ամենամրցունակ բանակի համբավը: Սրանք լոկ խոսքեր չեն, և բոլորիս կողմից մեծագույն ջանքեր են ներդրվել մեր բանակը կառուցելու ու զարգացնելու նպատակով՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդի, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և Արցախի հայորդիների, մտավորականների, կամավորականների, հրամանատարների, զինվորների հետևողական գործունեության, մաքառումի շնորհիվ: Այսօր բոլորս հպարտություն ենք ապրում մեր հայրենիքի հզոր պաշտպանի՝ Հայոց բանակի համար:

Մեր երիտասարդ բանակի կազմավորման ակունքներում հայ ժողովրդի ամբողջ պատմությամբ մեզ փոխանցված համաշխարհային ռազմական գիտության իմացությունն է՝ ամրագրված պայքարով, մարտական գործողություններով, և ոչ միայն մեր ազգային, այլև համաշխարհային պատմության ամենահզոր աշխարհամարտերին հաղթանակ պարգևած հայազգի նշանավոր զորավարների գիտելիքներով և բարձր օպերատիվ պատրաստվածությամբ:

Մեզ պարտադրված պատերազմը, նույնիսկ շրջափակումն ու երկրաշարժի ավերածությունները չկարողացան խոչընդոտել մեր միասնությանը, դժվարագույն պայմաններում մեկս մյուսին օգնության հասնելու պատրաստակամությանը, և մենք ազգային համախմբման, զարթոնքի վառ արտահայտված օրինակներ ունեցանք. երբ Գյումրիում ավերիչ երկրաշարժ էր, իսկ Արցախում՝ պատերազմ, Արցախից կամավորականների ջոկատները Գյումրիում էին ՝ օգնելու իրենց հայրենակիցներին, իսկ Գյումրիի ազատամարտիկները, փլատակների տակ թողնելով իրենց հարազատներին, ջոկատներով մեկնում էին Արցախ՝ ազատագրելու հայոց պատմական հայրենիքի սուրբ մասնիկը:

Մեր սերունդը, տոգորված մեր պապերի և հայրերի հերոսություններով, պատվով կատարեց իր առաքելությունը՝ Արցախի ազատագրման և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության հետ մեկտեղ իրականացնելով բանակաշինության ողջ գործընթացը:

Ետպատերազմյան տարիներին ազգային և միջազգային երաշխիքների ձևավորմամբ է՛լ ավելի հզորացավ հայկական բանակը, ավելացան մեր մարտական կարողությունները, ամրապնդվեց հրամանատարների, զինվորների վարպետությունն ու ոգին, և ինչպես Արցախյան պատերազմի տարիներին, այնպես էլ այսօր, ամեն օր գերազանց կերպով է հանձնում քննությունը՝ լուծելով իրեն վստահված մարտական խնդիրը:

Մենք ժողովրդի հետ ընդմիշտ միասին ենք, և ըստ այդմ, ինձ համար սահմանին կանգնած զինվորն ու սահմանամերձ գյուղի բնակիչը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի և զինծառայող նույն հարթության վրա են, որովհետև նույն առաքելությունն են իրականացնում՝ հերոսաբար անառիկ պահելով և շենացնելով մեր հայրենիքը:

Ուրեմն հերոս է մեր ողջ ժողովուրդը, որովհետև ողջ ժողովուրդն է պայքարել, հաղթել, և այսօր էլ նրա որդիներն են ծառայում բանակում, և նա է ականատեսը իր զավակների հմուտ, ինքնավստահ և խիզախ գործողությունների, դրանց վերջնարդյունքում՝ անվիճելի հաղթանակներին:

Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են: Ուրեմն մենք միասնաբար և ազնվորեն պետք է շարունակենք մեր՝ համաժողովրդական բանակի ձևավորման ճանապարհը: Մեր երբեմնի ավանդական մարտական ոգին, համահայկական համերաշխությունն ու միասնությունը վերականգնելու և ազգային-գաղափարական զարթոնքի համար՝ 1988 թվականի մտավորական-կամավորական շարժումը այսօր մտավորականների հետ պարտավոր է նորից շարունակել մեր բանակի սպան, ովքեր էլ, կարծում եմ, միասին հայ ազնվականության հիմքը պետք է կազմեն:

Հայաստանի Հանրապետության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ մեր հայրենակիցները հիացմունքով էին նայում մեր հայրենիքի քաջ պաշտպաններին՝ զինծառայողներին, Ազատամարտի փառապանծ մարտիկներին: Նրանց հպարտ, խրոխտ, արժանապատիվ կեցվածքը, իրավամբ, հիացմունքի էր արժանի: Հոգիս ցնծում էր ու հպարտանում, որ մեր ժողովուրդը այդպիսի որդիներ ունի. նրա՛նք էին զորահանդեսի ուժն ու գեղեցկությունը:

Ես հպարտ եմ, որ իմ գիտակցական կյանքը նվիրել եմ հենց բանակին, և այսօր էլ պատրաստ եմ փորձության ժամին կանգնելու խրամատում արիաբար մարտնչող զինվորի կողքին:

Անշուշտ, բանակը, ինչպես ցանկացած օրգանիզմ, խնդիր ունի է՛լ ավելի կատարելագործվելու: Ժամանակակից աշխարհում գերակա է դառնում արհեստավարժ բանակի գաղափարը, և մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրի հզորացմամբ ապահովենք բանակի այդ հատվածի տեսակարար կշռի ավելացումը:

Համոզված եմ, որ ճիշտ կառավարելով մեր ռեսուրսները՝ հետագայում նույնպես ունակ կլինենք պատշաճ կերպով ապահովելու մեր անվտանգությունը, մանավանդ որ երկրի պաշտպանությունը պետության ամենակարևոր և գլխավոր գործառույթն է:

Սիրելի՛ հայրենակիցներ

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ՝ կցանկանայի իմ խորին երախտագիտությունը հայտնել Արցախյան ազատամարտի փառապանծ մարտիկներին, մեր արհեստավարժ, քաջ ու պատվախնդիր զինծառայողներին, մեր ողջ ժողովրդին՝ բանակին մշտապես սատարելու համար:

Խոնարհվում եմ այն տղաների պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը պատարագեցին հայրենիքի փրկության զոհասեղանին: Նրանք այսօր էլ մեր շարքերում են:

Փա՛ռք ու պատիվ:
Իսկ ես Ձեզ՝ հավերժ զինակից ընկեր…

Սեյրան ՕՀԱՆՅԱՆ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031