«Ադրբեջանն անընդհատ աշխատում է: Օրինակ, իրենք ինչ-որ խաղաղության հարթակ են ստեղծել, ինչ-որ հայերի են տանում Բաքու, Բելառուսի միջոցով ձերբակալեցին հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, այդպիսով փորձելով վախեցնել այն մարդկանց, ովքեր եկել են ԼՂՀ: Իրենք գտան մի երկիր, որտեղ պարզվում է վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր եղել են ԼՂՀ-ում: ԵԽԽՎ-ում օրերս հաջողվեց անցկացնել խոսքի ազատությանը վերաբերող բանաձեւ, որը Հայաստանի համար բացասական էր եւ այլն: Սա էլ մտնում է Ադրբեջանի այդ ընդհանուր ծրագրի մեջ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն` անդրադառնալով Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի առաքելությունը երկարաձգելու համար առաջացած խնդիրներին:
Այսօր ԵԱՀԿ կենտրոնակայանում տեղի ունեցած կազմակերպության Մշտական խորհրդի նիստում`օգտագործելով վետոյի իր իրավունքը, Ադրբեջանը դեմ է արտահայտվել առաքելության մանդատի երկարաձգմանը: Մինչ այդ, Հայաստանը որոշ զիջումների էր գնացել` հրաժարվելով մարդասիրական ականազերծման ծրագրի իրականացումից, թեեւ ծրագիրը գրասենյակի մանդատի շրջանակներում էր :
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Ադրբեջանը հաջողում է խոչընդոտել Հայաստանի գործունեությունը նաեւ հարթակներում, որոնց անդամ չէ: Խոսքը ՀԱՊԿ-ի մասին է եւ այդ կառույցում Հայաստանի նախագահության հաստատման շուրջ արդեն երկրորդ տարին առաջացող խնդիրների:
Քանի որ ԵԱՀԿ-ում իրականում վետոյի իրավունք ունեն միայն ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը, որոնք վճարում են այդ կառույցի ծախսերի հիմնական մասը, Ստեփան Գրիգորյանը մտավախություն ունի, որ Ադրբեջանի այդ կեցվածքը ևս ՌԴ-ի հետ համաձայնեցված է: «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ հայկական կողմը չի պատասխանում: Ադրբեջանական կողմն էլ իր դրսեւորումներում օրեցօր լկտիանում է»,- ասում է մեր զրուցակիցը` առաջարկելով` ի պատասխան Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի չերկարաձգման, Հայաստանն էլ դեմ արտահայտվի Թուրքիայում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը. «Ուղղակի, օդից թող դեմ արտահայտվեն: Չենք ուզում եւ վերջ»: Հայաստանի կողմից նման քայլի դեպքում, քաղաքագետը վստահ է`եվրոպական շատ երկրներ դրական կարձագանքեն. «Չենք պատասխանի, վաղն Ադրբեջանն այլ քայլեր կանի»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը մեկ առաջարկ էլ ունի Ալեքսանդր Լապշինի գործի հետ կապված`Հայաստանում հավաքել բոլոր այն բելառուս ընդդիմադիրներին, ովքեր դեմ են Ալեքսանդր Լուկաշենկոյին եւ ցրված են աշխարհով մեկ եւ համաժողով անցկացնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինձանից հարցնեք՝հարևանի վրա,,տղա,,բերելը սխալ է:Մի օր այդ ,,տղայի,,հետաքրքրությունները կփոխվեն և մենք կմնանք դեմառդեմ հարևանի հետ:Հո դարերով թշնամի չենք մնալու?:Եթե այո,ապա մեր ապագա կյանքը շատ անտանելի կլինի:Իսկ Բելոռուսի հարցում՝պետք է դուրս գալ բոլոր այն կառույցներից,որտեղ նա կա՝ԵՏՄ-ից,ՀԱՊԿ-ից,ԱՊՀ-ից,մեկ է նրանից ոչ մի օգուտ չունենք:Ռուսաստանի ,,խանդն,,էլ չշարժելու համար ավելի ,,սերտացնենք,,անմիջական կապերը: