Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախընտրական պաշտոնազրկում ոստիկանությունում. Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկեց Արթիկի ոստիկանապետին

Հունվար 27,2017 21:38

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնազրկվել է Արթիկի երկարամյա ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանը: Նրա փոխարեն պաշտոնի է նշանակվել ծնունդով արթիկցի, երիտասարդ Խորեն Բարխոյանը: Վերջինս մի կարճ ժամանակահատված զբաղեցրեց Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետի պաշտոնը, սակայն չարդարացրեց իրեն, ու Վլադիմիր Գասպարյանը նրան մայրաքաղաք տեղափոխեց՝ նշանակելով ավելի ցածր պաշտոնի:

Թե ո՞րն է Արթիկի երկարամյա ոստիկանապետին պաշտոնազրկելու պատճառը, պաշտոնական պատասխան դեռ չկա, սակայն կան ենթադրություններ, որ կապված է առաջիկա ԱԺ ընտրությունների հետ: Բանն այն է, որ Տիգրան Պետրոսյանը համարվում է «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր Արթուր Բաղդասարյանի մտերիմներից: Ոստիկանապետի եղբայրը՝ Հունան Պետրոսյանը, որն Արթիկի տարածաշրջանի Մեղրաշեն գյուղի գյուղապետն է, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ է, նա ևս պատրաստվում է մասնակցել ԱԺ ընտրություններին: «Հայկական վերածնունդն» ամենայն հավանականությամբ նրան թեկնածությունը կառաջադրի վարկանիշային ցուցակով, ու որպեսզի Տիգրան Պետրոսյանը այդ տարածքում չսատարի «Հայկական վերածննդին», նրան, այսպես ասած, չեզոքացրեցին դաշտից:

Նշենք, որ նախկին ոստիկանապետի ու ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանի ջրերն էլ մի առվով չեն հոսում: Նախորդ ԱԺ ընտրություններում Մուշեղ Պետոյանն ու ոստիկանապետի եղբայրը՝ Հունան Պետրոսյանը, Արթիկն ու Մարալիկն ընդգրկող թիվ 36 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պայքարում էին միմյանց դեմ: Մուշեղ Պետոյանն այդ ժամանակ այդ տարածքի ԲՀԿ պատասխանատուն էր, Հունան Պետրոսյանն էլ՝ ՕԵԿ-ի:

Այսօր էլ, որպեսզի ՀՀԿ վարկանիշային ցուցակով առաջադրվող Մուշեղ Պետոյանին կամ Խաչատուր Վարագյանին խանգարողներ չլինեն, Արթիկի ոստիկանապետին ազատեցին աշխատանքից: Նկատենք, որ թեև տեղացիներից շատերը չեն համակրում Տիգրան Պետրոսյանին, սակայն միաժամանակ ակնածանքով են խոսում նրա եղբոր՝ Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանի մասին, որն ամենահաջողված գյուղապետերից է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. henri says:

    Մէկն ալ զինք պէտք է պաշտօնազրկէ -երկիրնիս գազանազուսպներու կարիք չունի ,,,

    • ruzanna says:

      Ի պատասխան Նունե Արևշատյանի այն գրառմանը,որ«տեղացիներից շատերը չեն համակրում Տիգրան Պետրոսյանին »՝ ասեմ, որ միայն Տիգրան Պետրոսյան անձով և նրա նվիրված աշխատանքով է պայմանավորված քաղաքացիների վստահությունը ոստիկանության հանդեպ:Նրա և նրա աշխատակիցների շնորհիվ է,որ Արթիկ քաղաքը և նրա հարակից գյուղերը հանրապետության մյուս համայնքների նման չեն դարձել հանցագործության որջ: Ի գիտություն Ձեզ՝ նրա ղեկավարած ժամանակաշրջանում Արթիկի բաժինը իր բոլոր ցուցանիշներով, միշտ եղել է հանրապետության լավագույն բաժիններից մեկը: Տիգրան Պետրոսյան անձի, պրոֆեսիոնալ ոստիկանի աշխատանքը միշտ էլ գնահատվել է,նրա կարիքը միշտ էլ կզգացվի: Իսկ Հունան Պետրոսյանի հաղթանակը պայմանավորված չէ և երբեք էլ չի եղել ո ոստիկանության օժանդակությամբ, ժողովրդի մոտ նրա ունեցած հեղինակությունն ու հարգանքն էլ բավական է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031