ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ այսօր հերթական հանդիպումն է անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա էր նաև 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու նպատակով ստեղծված Ազգային ժողովի ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի նախագահ Համլետ Աբրահամյանը:
Վերջինիս կողմից ներկայացվել է տեղեկատվություն` ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերում քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը տեսանկարահանող, հատուկ ստեղծված կայքի միջոցով գործընթացի ուղիղ հեռարձակում իրականացնող մասնագիտացված կազմակերպության` մրցութային կարգով անցկացված ընտրության վերաբերյալ. պարզաբանվել են գործընթացի հետ կապված առանձին գործառույթներ և հանգամանքներ:
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև ընտրական գործընթացներին առնչվող առանձին այլ իրավակարգավորումներ:
Կարդացեք նաև
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ ներկայացված տեսակետները և մոտեցումներն իրենց արտահայտումը կստանան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներում:
ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն