Լրահոս
Օրվա լրահոսը

«Հողերը վերցնենք ու հիմա հանձնե՞նք, որ ի՞նչ». ՊՆ նախկին նախարարը՝ Տեր-Պետրոսյանի խորհրդականին

Հունվար 27,2017 20:42

1991-97 ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը 1997-ին կառավարական ամառանոցներում գտնվող լողավազանի մոտ տեղի ունեցած մի պատմական հանդիպման ուշագրավ դրվագ էր ներկայացրել: Նա պատմում էր, թե ինչպես է ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության խորհրդի համատեղ նիստի նման այդ հանդիպմանը առաջին անգամ ղարաբաղյան կողմը հայտարարել, որ կողմ են ԼՂ հարցի լուծման ոչ թե փաթեթային, այլ փուլային տարբերակին: Ժիրայր Լիպարիտյանի դիտարկմամբ՝ «Ժամանակի ընթացքում կորցրել ենք ու տակավին կորցնում ենք այն, ինչ կարող էինք ստանալ: Այն, ինչ սեղանի վրա է այսօր՝ ԵԱՀԿ/Մադրիդյան սկզբունքներով (կամ նրան հաջորդող նույնանման տարբերակներով) թե զուտ ռուսական ներշնչմամբ, ավելի լավը չէ, քան 1997-ի սեպտեմբերի առաջարկությունը: Այն պնդումները, թե Մադրիդյան սկզբունքները ավելի լավն են, քան 1997-ի սեպտեմբերի փաստաթուղթը կամ նախկինում ներկայացված միջազգային որեւէ առաջարկ, նման հայտարարությունների հեղինակների վարկը փրկել փորձող գործարք են կամ քաղաքական կամավոր կուրություն»:

Aravot.am-ի հետ զրույցում ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը չհամաձայնեց Ժիրայր Լիպարիտյանի հետ. «Այն ժամանակ, ինչ ինքն է ասում, որ առաջարկվում էր տարածքներ, կարգավիճակը՝ հետո, իսկ մադրիդյան սկզբունքները, ի տարբերություն այն փաստաթղթի, նախագիծ է եւ քննարկման մեջ է, իսկ նա արդեն պիտի ընդունվեր: Այստեղ տարբերություն կա: Բայց այս պարագայում նույնն է ասվում, բայց նաեւ ասվում է, որ անցկացվում է հանրաքվե, ինչը նշանակում է, որ Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ինքնորոշման՝ հանրաքվեի միջոցով»:

Մեր դիտարկմանը, որ Ժիրայր Լիպարիտյանն ասում է, որ «97»-ով ԼՂ եւ Լաչինի ամբողջական տարածքը պահում էինք մեր հակակշռի տակ, իսկ երբ այդ փաստաթղթի բանակցությունները ավարտվեին, դա պիտի հաստատվեր ԵԱՀԿ եւ դրանից հետո՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից, այսինքն՝ իրենք երաշխավոր էին՝ Վաղարշակ Հարությունյանն արձագանքեց. «Միջազգային կազմակերպությունները հասկանում էին, որ լուծումը մեկն է՝ դա պիտի լուծվեր ՀՀ-ի հաշվին. ՀՀ-ն տալիս է տարածքներ, վերադառնում է 88-ի կարգավիճակին՝ դրա դիմաց ոչ մի բան չստանալով: Լուծվում էր տարածաշրջանի խնդիր, խաղաղապահ ուժերը ո՞վ էր մտնում՝ ՆԱՏՕ-ի ուժերը հիմնականում, միջազգային ուժեր: Բնական է, որ ՌԴ-ն այստեղից դուրս էր գալիս, եւ այդ առաջարկի հեղինակները լուծում էին մի խնդիր իրենց համար՝ Հայաստանի հաշվին»:

Վաղարշակ Հարությունյանը վստահ է, որ այն, ինչ այսօր բանակցությունների սեղանին է, ավելի լավ տարբերակ է, քան այն ժամանակ էին առաջարկում. «Այն ժամանակ խաղաղության դիմաց էինք տալիս տարածքներ, հիմա՝ կարգավիճակի դիմաց: Տարբերություն կա, իհարկե: Եթե քո հաշվին է հարցը լուծվում, իմաստը ո՞րն էր էլ պատերազմել, այդքան կորուստ տալ, որ այդ հողերը վերցնենք ու հիմա հանձնե՞նք, որ ի՞նչ: Եթե հիմա, երբ որ այդ տարածքները մեր ձեռքի տակ են, ապահովում են մեր շփման գծի լավագույն առավելությունները, դա տալիս է մեզ առավելություն, որ մեր քաղաքները՝ շրջկենտրոնները, գտնվում են շփման գծից հեռու, հրետանին չի հասնում, ճանապարհներ կան, որ կարող ես զորքը արագ տեղափոխել, եթե դու այդ տարածքները հանձնես եւ ռազմաքաղաքական բալանսը հօգուտ իրեն գնա, շփման գիծը երկու անգամ կավելանա, դու պիտի ավելացնեքս քո զենքը, քո անձնակազմը, քո քաղաքները գտնվում են հարվածի տակ՝ շփման գծին շատ մոտիկ, կորցնում ես ճանապարհներ, որի մեջ գումարներ ես դրել, դա կբերի պատերազմի: Տարածքների հանձնումը բերելու է պատերազմի՝ առանց կարգավիճակի: Նախկինում այդ պայմանագիրը որ կնքվեր՝ երաշխավոր չկար, խաղաղապահ ուժերը երաշխավոր չեն, դա հարյուրավոր տեղերում ենք տեսել ինչի է բերել: Խաղաղապահ ուժերը կանգնած են եղել, բայց ջարդ է եղել, ցեղասպանություն է եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031