Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ մեր բակում 3 հաղթանդամ տղամարդու տեսա, հասկացա, որ անուշ բալես էլ չկա». նահատակված Սիմոն Ճավռշյանի տատիկ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 27,2017 20:01

Այսօր Փանիկի դպրոցի ռազմագիտության դասարանում նշվեց Հայոց բանակի հիմնադրման 25 ամյակը ու այս առիթով բացվեց նախորդ տարվա փետրվարի 4-ի գիշերը Հադրութում զոհված 20-ամյա Սիմոն Ռաֆիկի Ճավռշյանի հուշատախտակը:

Հերոսին մեծարեցին հայրենասիրական երգերի ու բանաստեղծությունների կատարմամբ, ընդ որում նրան հիշատակին բանաստեղծություններ էին ձոնել արցախյան պատերազմին մասնակցած փանիկցի ազատամարտիկները:

Հերոսի տատիկը՝ Ռիմա Ճավռշյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ Սիմոնը երբեք չի դժգոհել ծառայությունից, ծառայել է մեծ սիրով: «Ասում էր տատիկ ջան, էդքան մի կարոտի, քիչ մնաց, հո կգամ, մնաց հինգ ամիս: Փետրվարի 5-ին պատրաստվում էինք գնալ Սիմոնիկիս մոտ, եղբորս տղայի զինվորական երդման արարողությունն էր, նույն զորամասում էր:  Սիմոնիկիս էլ 4 ժամ էր մնացել, որ իջներ դիքերից ներքև, 15 օրը կլրանար: Ամսի 5-ի առավոտ շուտ վեր էինք կացել, որպեսզի հարսս գնար Սիմոնիկիս մոտ, առավոտ շուտ մեր հարազատներից եկան մեր տուն, տեսա երեք հաղթանդամ տղամարդ էլ դուրսն էին կանգնած, միանգամից բղավեցի՝ հո Անդոյիս բան չի եղել. Սիմոնիս տանն Անդո էինք կանչում՝ ի պատիվ  ամուսնուս քրոջ տղայի, որը 1994 թվականին զոհվեց արցախյան պատերազմում: Տղաս՝ Սիմոնի հայրն այդ ժամանակ մյուս թոռնիկիս՝ Սիմոնիս եղբոր հետ արտագնա աշխատանքի էր գնացել: Սիմոնս առաջին զոհը դարձավ, անուշ բալա էր, հանգիստ բնավորությամբ տղա էր, ես եմ մեծացրել իրեն: Երկու եղբայրները իրար 1,5 տարի  չտեսան, մեծ թոռնիկս մինչև վերադարձավ ծառայությունից, Սիմոնն արդեն բանակում էր: Իմ կողքից գնաց, իմ սրտից, երազիս անգամ չի գալիս, որովհետև անընդհատ լացում եմ, լաց լինող մարդուն երազ չեն գալիս»,-արտասվելով պատմում էր տատիկը:

Սիմոնի ծնողները հիշում են, թե ինչպես նա փոքր հասակից հագնում էր զինվորական շորեր ու ման գալիս: «Մանկապարտեզի հանդեսին իրեն բաժին էր ընկել զինվորականի դերը, այդ օրվանից սիրում էր հագնել այդ շորերը: Դա եղավ իր ճակատագիրը: Ուզում էր արհեստավոր դառնալ, ուսման հետ սեր չուներ, ուզում էր իմ արհեստը սովորել: Ես ընկեր եմ եղել Սիմոնի հետ, չեմ զգացել, որ ծնող եմ, ինձ պապա չէր ասում: Ես Ռուսաստան էի գնացել աշխատելու, մեծ տղայիս հետս տարա,  չէի կարող իրեն անընդհատ զանգել, ինքը ինձ պիտի բուդոկ տար, որ ես զանգեի իրեն, վերջին խոսելս եղավ դեկտեմբերի վերջին… Չէր բողոքում ծառայությունից, բայց ասում էր՝ պապ ջան, սրբություն չկա հարաբերություններում: Բանակին վերաբերող հարցերում պարտիզան էր, ոչ մի բան չէր ասում»,-պատմում էր հայրը՝ Րաֆֆիկ Ճավռշյանը:

Հայրը պատմում է, որ Սիմոնի բանակ գնալուց ոչ թե քեֆ էին արել, այլ մատաղ էին արել ու տարել Գյումրու ծերանոց, բաժանել ծերերին:

Մայրն էլ՝տիկին Կարինեն իր տղային բնութագրում է այսպես. «Ցանկացած աղջիկ կարող էր Սիմոնից բարոյական դասեր վերցնել, շատ պարզ ու շիտակ էր, կեղծիքն ու անարդարությունը չէր հանդուրժում, շատ Աստվածապաշտ էր: Ես շատ կվիրավորվեմ նրանցից, որոնք կասեն՝ Սիմոնը չկա, իր ձայնը, իր խոսքերն անընդհատ ականջիս մեջ են, մտնում էր, հարցնում ՝ մամ ինչ ես եփել, ցանկացած մայր կվիրավորվի, եթե ասեն քո տղան չկա, նա հավերժ է»:

Նա նաև ասաց, որ անչափ վիրավորված է նրանից, որոնք իր ընտանիքը ներկայացրել են որպես սոցիալապես անապահով:

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031