ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ընթացիկ տարվա ծրագրերում կարևոր տեղ է գրավում մասնագիտական գրականության հրատարակության խթանումն ու հայկական ճարտարապետության հանրահռչակումը:
Մասնավորաբար, այս տարի, ապրիլին արդեն պատրաստ կլինի հրատարակության ավստրիացի գիտնական Յոզեֆ Ստրժիգովսկու «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր աշխատության երկրորդ գիրքը, որի հրատարակչական աշխատանքներն ու տպագրությունն իրականացվում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և ԳԱ արվեստի ինստիտուտի համատեղ ջանքերով:
Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը գտնում է, որ գրքի ռուսերեն տարբերակի տպագրությանն աջակցություն ցուցաբերելով մենք նաև ռազմավարական խնդիր ենք լուծում. Ստրժիգովսկու՝ մեզ համար չափազանց կարևոր այս աշխատությունը մինչ օրս մատչելի էր միայն գերմանալեզու աշխարհին, մինչդեռ այժմ ռուսերեն տարբերակը շատերին հասանելի կարող է լինել: Այն հայ ճարտարապետության իրական տեղն ու դերը հավուր պատշաճի ներկայացնելու, ոտնձգություններից պաշտպանելու համար կարևոր գիտական սկզբնաղբյուր է:
Աշխատությունը հրատարակվել է դեռեւս 1918 թվականին Վիեննայում: Ստրժիգովսկին օտարազգի առաջին գիտնականն էր, որն ի լուր գիտական աշխարհի՝ փաստեց հայկական ճարտարապետության ինքնուրույն երևույթ լինելու, այլ երկրների ճարտարապետության վրա ազդեցության մասին:
Ընթացքի մեջ է նաև ճարտարապետ Էդմոն Տիգրանյանի՝ «Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում» մենագրության ռուսերեն թարգմանության և տպագրության աշխատանքը, որը ռուսերեն ընթերցող հանրությանը բացառիկ կարևոր տեղեկատվություն կտա 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին, ընդհուպ մինչև 30-40-ականները, Բաքվում հայ մեծահարուստների (Ա. Մանթաշյան, Պ. Տեր-Ղուկասյան, Մ. Արամյան, եղբայրներ Բուդաղյաններ, Ադամյաններ և այլն) միջոցներով և հայ ճարտարապետների (Գաբրիել Տեր-Միքելյան, Միքայել Օհանջանյան, Ղազարոս Սարգսյան, Քրիստափոր Տեր-Սարգսյան, Պողոս Զուրաբյան, Դավիթ Չիսլյան, Վարդան Սարգսյան, Նիկողայոս Բաև, Վասիլի Միրզոյան, Հովհաննես Քաջազնունի, այլք) ձեռամբ կառուցված բազմաթիվ բարձրարժեք հուշարձանների, հասարակական և բնակելի շենքերի վերաբերյալ:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե