Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես իրենց համար եղել եմ անհուսալի տարր, քանի որ հակադրվել եմ մեր մարզի վերադասի կամքին». լոռեցի մտավորականները լքում են ՀՀԿ-ի շարքերը

Հունվար 27,2017 19:04

Վերջին օրերին անընդհատ լսում ենք, որ Հանրապետական կուսակցության շարքերը գնալով նոսրանում են: Հունվարի 25-ին ՀՀԿ-ին անդամակցությունը կասեցնելու մասին հայտարարեց նաեւ Վանաձորի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը, այդ մասին գրելով ֆեյսբուքյան իր էջում:

Նա հայտարարեց. «այսուհետ իմ կուսակցությունը գրականությունն է, ազատ ու անկախ հայ մարդու և մտավորականի կոչումը», միաժամանակ հավելելով. «անպատվաբեր է մնալ մի կուսակցության շարքերում, որի հիմքում ազգային գաղափարաբանությունն է, սակայն իրականում ազգը պառակտող ու խառնակիչ գործունեություն է իրականացնում` հարազատին հանելով հարազատի, բարեկամին` բարեկամի, հային` հայի դեմ»:

Հայտարարության վերաբերյալ Aravot.am-ը փորձեց կապ հաստատել Վ. Եղիազարյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ. «Ինձ թվաց գրքիս համար եք ուզում հարցազրույց վերցնել: Եթե ձեզ իբրեւ գիտնական հետաքրքրում է կարող եմ հարցազրույց տալ: Ես իբրեւ քաղաքական գործիչ չկամ եւ ինձ հարցեր մի ուղղեք»:

Հունվարի 26-ին էլ ՀՀԿ-ից հեռանալու մասին հայտարարեց Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրեն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կարինե Ստեփանյանը: Վերջինս բաց նամակով դիմել էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին՝ նրան մեղադրելով մի շարք հարցերում:

Իսկ բաց նամակի վերջում, հայտարարել նաեւ ՀՀԿ-ից հեռանալու մասին. «Գիտակցումը, որ այլևս չեմ աշխատելու Ձեր և Սայադյանի ենթակայությամբ, վերադարձնում է հարգանքս անձիս նկատմամբ: Հ.Գ. Պարոն մարզպետ, սույն նամակը խնդրում եմ ընդունել նաև որպես ՀՀԿ շարքերից դուրս գալու դիմում»:

Aravot.am-ի հետ զրույցում, Կ. Ստեփանյանը նշեց, ՀՀԿ-ի կազմում ընդգրկվելով, այս տարիների ընթացքում իր կյանքում ոչինչ չի փոխել: Հանրապետական կուսակցությանն էլ ինքը ոչնչով չի աջակցել.

«ՀՀԿ-ում ես ընդամենը ցուցակագրված եմ եղել: Իմ մասնակցությունը անդամավճար տալու մեջ է եղել: 1999 թվականին դարձել եմ տնօրեն, իսկ 2003 թվականի ամռանն էր, թե աշնանը, լավ չեմ հիշում, որ բոլոր տնօրեններին ասեցին, որ պետք է դառնան ՀՀԿ-ի անդամ: Չմոռանամ ասեմ, որ ՀՀԿ-ն էն ժամանակ, այսօրվա ՀՀԿ-ն չէր, մենք ինչ-որ հույսեր ունեինք, որ առաջատար կուսակցություն է, Նժդեհի գաղափարախոսություն, ես կրթությամբ պատմաբան եմ, չվախենամ ասեմ ցեղակրոն գաղափարախոսության համախոհն եմ: Ու ես հանգիստ խղճով չմերժեցի ու չհրաժարվեցի: Բայց, եթե ես այսօրվա օրը տեսնեի, ես այն ժամանակ խույս կտայի, չէի լինի կուսակցության անդամ: Դա ինձ համար ոչ ապրուստի միջոց դարձավ, ոչ էլ իրենց համար իմ ներկայությունը որոշակի դեր խաղաց այն առումով, որ ես ընտրությունների հանձնաժողովի անդամ, քարտուղար կամ նախագահ չեմ եղել: Ինձ չեն ընդգրկել, որովհետեւ ես իրենց համար եղել եմ անհուսալի տարր, քանի որ հակադրվել եմ մեր մարզի վերադասի կամքին»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Վանո Եղիազարյանի եւ Կարինե Ստեփանյանի լուսանկարները իրենց ֆեյսբուքյան էջերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031