2017 թ. հունվարի 27-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մելքոնյանի, շարունակվեց Լիա Միսակյանի մահվան գործի քննությունը՝ ըստ մեղադրանքի Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դատական նիստին ներկա էին մեղադրողը, ամբաստանյալներ Լ. Վարդանյանը և Զ. Այվազյանը, ամբաստանյալ Լ. Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը, գործով տուժող երկու տարեկան երեք ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդ Գեորգի Միսակյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը: Նախագահող դատավոր Մ. Մելքոնյանն ստուգեց կողմերի ինքնությունը, բացարկի և ինքնաբացարկի հիմքերի բացակայությունը: Այս անգամ դատական նիստին չէր ներկայացել Զ. Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ և միջնորդել էր հետաձգել դատական նիստը: Գործով մեղադրողը չառարկեց դատական նիստը հետաձգելու դեմ, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե արդյոք առողջական վիճակի վերաբերյալ որևէ ապացույց ներկայացվել է դատարանին:
Նախագահող դատավորը հայտնեց, որ նման ապացույց չի ներկայացվել, սակայն պաշտպանը գրավոր միջնորդությամբ հայտնել է, որ անկողնային հիվանդ է: Տ. Սիրադեղյանը նշեց, որ քանի որ նախորդ դատական նիստին Լ. Վարդանյանի պաշտպանը նույնպես, առանց ապացույց ներկայացնելու, միջնորդել էր դատական նիստը հետաձգել, որոշակի միտում է տեսնում, և համապատասխան ապացույցի բացակայության պայմաններում միջնորդությունը հիմնավոր չհամարեց՝ առարկելով դրա դեմ: Դատական նիստը հետաձգելու դեմ առարկեց նաև տուժողի իրավահաջորդ Գ. Միսակյանը:
Լ. Վարդանյանի պաշտպանը գտավ, որ դատական նիստը պետք է հետաձգել՝ նշելով, որ ամբաստանյալն ունի պաշտպանության իրավունք, իսկ Ե. Սարգսյանը հետագայում դատարանին կներկայացնի համապատասխան ապացույց: Տ. Սիրադեղյանը հայտնեց, որ Գ. Հովհաննիսյանը ևս պետք է դատարանին համապատասխան ապացույց ներկայացնի նախորդ դատական նիստին չներկայանալու վերաբերյալ: Ինչին Գ. Հովհաննիսյանը հակադարձեց, որ վիրուսային հիվանդության պատճառով է բացակայել դատական նիստից և բուժօգնության չի դիմել: Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել՝ այն նշանակելով 2017 թ. փետրվարի 21-ին, ժամը 15:00-ին:
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ