Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոչ պատշաճ բժշկական զննության հետեւանքով խախտվում են զորակոչիկների իրավունքները

Հունվար 27,2017 18:14

Ինչպես նախորդ զորակոչերի ժամանակ, 2016 թ.-ի ձմեռային զորակոչի ընթացքում ևս շարունակվում են ոչ պատշաճ բժշկական զննության վերաբերյալ զորակոչիկների եւ նրանց ծնողների ահազանգերը: Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, անուշադրության մատնելով առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը, մերժում է կրկնակի փորձաքննության համար անհրաժեշտ ուղեգրերի տրամադրումը, հաշվի չի առնում բժշկական հաստատությունների կողմից տրված առողջական վիճակի մասին եզրակացությունները, առանց հիմնավորումների փոխում է վերջնական ախտորոշումները, անտեսում երիտասարդների մոտ առկա լուրջ հիվանդությունների հնարավոր զարգացումները եւ անօրինական կերպով զորակոչիկներին ճանաչում է զինվորական ծառայության համար պիտանի:

ՀՀ տարբեր զինվորական կոմիսարիատները չեն տրամադրում զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման ակտերի պատճենները: ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հրահանգավորում է տարբեր բժշկական հաստատությունների, այդ թվում՝ քաղաքացիական բժշկական հաստատությունների, չիրականացնել բժշկական հետազոտություն, կամ բժշկական հետազոտության դեպքում պահանջում են տեղեկանք զորակոչային տարիքի երիտասարդներից՝ նրանց զորակոչիկ լինելու կամ չլինելու վերաբերյալ:

Հարկ է նշել, որ վերջին երկու զորակոչերի ընթացքում որոշ զորակոչիկներ եւ նրանց հարազատները որոշել են բողոքարկել ԿԲՀ որոշումները վերադասության կամ դատական կարգով: Ի դեպ՝ Կազմակերպությունն արդեն վերադասության կամ դատական կարգով բողոքարկման գործընթաց է սկսել 10 զորակոչիկների գործերով, որոնցից մեկը գտնվում է վարչական, իսկ մյուսը՝ վարչական վերաքննիչ դատարաններում: Այս փաստերը վկայում են զորակոչի ընթացքում բժշկական զննությունից քաղաքացիների աճող դժգոհության մասին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը վերստին արձանագրում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը չի հրաժարվում առողջական խնդիրներ ունեցող եւ զինծառայության համար ոչ պիտանի քաղաքացիներին զորակոչելու գործելաոճից եւ գտնում է, որ զորակոչի գործընթացի բարեփոխումների մասին հայտարարությունները կրում են ձեւական բնույթ եւ միտված չեն համակարգային փոփոխությունների իրականացմանը։

Պաշտպանական գերատեսչությունը չի ցուցաբերում կամք՝ վերացնելու զորակոչիկների մարդու իրավունքների շարունակական խախտումները: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է նման վարվելակերպը, պահանջում է անհապաղ դադարեցնել արատավոր գործելակերպը, առողջական խնդիրներ ունեցող բոլոր զորակոչիկների զորակոչը, ապահովել զորակոչիկների պատշաճ բուժզննության իրականացումը, զորակոչի ընթացքում հիմնվել միայն հիվանդության լրջության աստիճանի, օբյեկտիվ տվյալների եւ օրինականության, այլ ոչ թե՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի կամային մոտեցումների վրա:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031