Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Էդիկ Մինասյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի գնահատականը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Հունվար 27,2017 18:09

«Մենք ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը, որն իրեն փառքով պսակեց նաեւ ապրիլյան պատերազմի ընթացքում»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

Նրա խոսքերով՝ մեր բանակը զինված է լավ զինատեսակներով: Անկախության գործընթացի ամենամեծ ձեռքբերում հանդիսացող բանակն այսօր մեր անվտանգության երաշխավորն է: Բանակի կայացման գործում մեծ դերակատարում ունեցավ, իհարկե, Վազգեն Սարգսյանը:

Էդիկ Մինասյանը հիշեց այն ժամանակ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի գնահատականը, որ Վազգենը, իրոք, դարձավ մեր պետականության անկյունաքարային դեմքերից մեկը:

Նա հիշեց մյուս ՊՆ նախարարներին՝ Վազգեն Մանուկյանին, Սերժ Սարգսյանին, որոնք, ըստ դեկանի, բանակի շարժունակության հարցում մեծ դերակատարում ունեցան:

Քաղաքագետ Արթուր Ղազարյանի խոսքերով՝ որքան էլ գովերգենք, բանակում նաեւ կան խնդիրներ՝ կապված ինֆորմացիոն դաշտում տեղեկատվական պատերազմի հետ, սպառազինությունների արդիականացման հետ: Իհարկե, այս չնչին ռեսուրսներով փորձում է պետությունը խնդիրները լուծել:

Այն, որ բանակը համարվում է ամենակոռումպացված ոլորտներից մեկը եւ կան միջազգային կազմակերպությունների գնահատականներ այդ մասին՝ քաղաքագետը արձագանքեց. «Մենք՝ Հայաստանի քաղաքացիներս եկեք չընդունենք նրանց այդ գնահատականները, որովհետեւ դրանք միտված են մեր բանակի թուլացմանը, միտված են հասարակությանն անորոշության մեջ գցելուն: Կան խնդիրներ, եւ հասարակությունը քաջատեղյակ է այդ խնդիրներին, այդ թվում՝ կոռուպցիոն դրսեւորումներին»: Մեր դիտարկմանը, որ որքան էլ չուզենանք ընդունել, բայց հասարակությունն առնչվում է եւ տեսնում է, որ, օրինակ, առաջնագիծ գնում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, իսկ սա խոսում է կոռուպցիոն երեւույթների մասին՝ Արթուր Ղազարյանն արդարացրեց, որ հիմա էլ վիճակահանությամբ են գնում, նվազագույնի է հասցված կոռուպցիոն ռիսկը:

Էդիկ Մինասյանն էլ հիշեց, որ Առաջին հանրապետության տարիներին, օրինակ, վարչապետի՝ Քաջազնունու որդիները երկուսն էլ զոհվեցին. «Հիմա կան բանակից խուսափողներ, դեմ չեմ, բայց եկեք չբացարձականացնենք սրանք եւ չդարձնենք որակական երեւույթ: Դրանք առանձին երեւույթներ են, որոնց դեմ պայքարը ամեն դեպքում կազմակերպվում է: Բանակի զորակոչն այսօր թափանցիկ է, հետեւողական են, կարգապահության հարցում, կաշառքի դեմ պայքարը որոշակի նվազագույն աստիճանի է հասցված արդեն»:

Մեր մտահոգությանը, որ երբեմն այնպիսի մարդիկ են մեդալներ ու շքանշաններ ստանում, որոնք պատերազմի դաշտում չեն եղել, արժեզրկվում են իսկական հերոսների ստացած մեդալները՝ Արթուր Ղազարյանն արձագանքեց, որ հասարակությունը լավ գիտի նրանց եւ բոլորին իրենց գնահատականը տալիս են. «Պատմության ընթացքում միշտ էլ անարժաններ ստացել են մեդալներ, բայց հասարակությունը նրանց ճանաչում է եւ պատմությունը իր գնահատականը կտա: Ժամանակ է անհրաժեշտ»: Իսկ Էդիկ Մինասյանն ասաց, որ նման երեւույթներ, որոնք որակ չեն կազմում: Պատմությունը մի օր նրանց իրենց տեղը կդնի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031