Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է հանրակրթության և սպորտի ոլորտներում Երևանի քաղաքապետարանի ծրագրերով նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև խոսել 2017թ. ծրագրերի մասին:
Անդրադառնալով ձմռանը հանրությանն ամենահուզող` կրթօջախներում ջեռուցման ապահովման խնդրին` Արամ Սուքիասյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ձեռնարկվել են հնարավոր բոլոր քայլերը՝ մանկապարտեզներում և դպրոցներում ջեռուցման համակարգերի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր կրթօջախներն ապահովված են ջեռուցման համակարգերով, որոնք լիարժեք շահագործվում են: Բայցևայնպես ունենք որոշ դպրոցներ, որտեղ մեծ դժվարությամբ է ապահովվում սահմանված ջերմային ռեժիմը, ինչը պայմանավորված է այդ դպրոցների շենքային պայմաններով: Այսօր հանրակրթական ոլորտի ամենամեծ խնդիրներից մեկը դպրոցների հիմնանորոգումն է: Այս հարցը քննարկվել է նաև կառավարության հետ: Հուսով ենք, որ առաջիկայում կկարողանանք որոշ դպրոցներում նորոգման աշխատանքներ իրականացնել, ինչը որոշակիորեն կլուծի նաև ջեռուցման համակարգերի արդյունավետության և անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմի ապահովման խնդիրը», – նշել է քաղաքապետի տեղակալը:
Խոսելով ընթացիկ աշխատանքների և կրթական ծրագրերի մասին՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին հատուկ ուշադրություն է դարձվում «Ֆիզիկական կուլտուրա» և «ռազմագիտություն» առարկաներին: Ըստ դրա էլ նոր, անհրաժեշտ գույքով են համալրվել հանրակրթական դպրոցները: Աշակերտական հաջողությունների առումով էլ նշվել է, որ հանրապետական և միջազգային մրցույթներում և օլիմպիադաներում արձանագրվել են մի շարք հաջողություններ, ինչը կրթության որակի վկայությունն է:
Կարդացեք նաև
Անդրադառնալով մայրաքաղաքի մարզական կյանքի աշխուժացմանը՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ 2016թ. հիմնանորոգվել է 7 մարզադպրոց, այդ թվում՝ շախմատի 2 դպրոց:
«Մենք այս տարի ամբողջությամբ ավարտեցինք մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շախմատի դպրոցների հիմնումը: Երևանի քաղաքապետարանը պարբերաբար հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, որոնք միտված են առողջ ապրելակերպի քարոզմանն ու սպորտի զարգացմանը: Հաշվի առնելով այս գաղափարի կարևորությունը՝ բակերի բարեկարգման ժամանակ հատուկ ուշադրություն դարձվեց մարզական անկյունների ստեղծմանը: Դրա շնորհիվ այսօր կազմակերպվում են ինչպես բակային, այնպես էլ քաղաքային նշանակության առաջնություններ և մրցումներ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետի գավաթի ամենամյա խաղարկությունը: Առավել աչքի ընկած ընտանիքները Երևանի թիմի կազմում մասնակցում են նաև «Լավագույն մարզական ընտանիք» մրցմանը», – նշել է Արամ Սուքիասյանը:
Վերջին երկու տարիներին մեծացել է նաև հետաքրքրությունը գեղասահքի նկատմամբ: Դրան նպաստել է նաև Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի բացումը, որտեղ արդեն հաճախում են նաև մարզաձևի տասնյակ սիրահարներ: Քաղաքապետի տեղակալը շեշտել է, որ մայրաքաղաքի մարզական և կրթական կյանքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ծրագրերի իրականացմանն ինչպես այս, այնպես էլ քաղաքային տնտեսության այլ ոլորտներում:
Երևանի քաղաքապետարան