Վարույթն իրականացնող մարմինն ստացել է պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի մահվան պատճառի վերաբերյալ նախնական ախտորոշումը։ Ըստ դատաբժիշկների՝ Ս.Ափինյանի մոտ ախտորոշվել է «սուր սրտային անբավարարություն՝ չճշտված, թոքային այտուց», ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 26.01.2017 թվականին` ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Սամվելի Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Ս.Ափինյանը տեղափոխվել է զորամասի բուժկետ, որտեղ ժամը 17:35-ի սահմաններում վերջինիս մոտ գրանցվել է կենսաբանական մահ:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին