Հունվարի 27-ին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կայացավ մշակութային զարգացման ցուցիչների (ՄԶՑ) ազգային զեկույցի նախնական ներկայացումը:
ԵՄ Արեւելյան գործընկերության «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրի մշակույթի եւ արվեստի ոլորտի փորձագետ Ռագնար Սիիլը նշեց, որ ներկայացված փաստաթղթում որեւէ տվյալ սուբյեկտիվ չէ, քանի որ ցանկացած տեղեկատվություն ստուգվել է տարբեր աղբյուրներից: Նրա ձեւակերպմամբ, գուցե հայտնաբերվել են ճշմարտություններ, որոնք հարմար չեն այս կամ այն երկրին, սակայն դա են փաստում տվյալները:
Ծրագրի թիմի ղեկավար Թիմ Ուիլիամսը նշեց, որ երբ վերջին անգամ հոկտեմբեր ամսին Հայաստան էր եկել, իրեն տարել էին Գառնու տաճար:
«Ես նկատեցի, որ Գառնու սյունազարդ տաճարը նման է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպին: Մենք հասարակությունն էլ ենք դիտարկում մի քանի սյուներով` կրթություն, մշակույթ եւ այլն…Ինձ համար կարեւոր է, որ կա տանիք եւ հիմք, որոնց վրա կարելի է կանգնեցնել հիմնական սյուները: Կարծում եմ, որ աշխարհում խաղաղություն հաստատելու համար բոլորը պետք է ունենան նույն հիմքերը` Իրանը, Նորվեգիան, ԱՄՆ-ը, պետք է նույն բանի շուրջ համաձայնության գան»,-ասաց Թիմ Ուիլիամսը:
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում անընդհատ շեշտադրվում էր, որ մշակույթը եւս չափելի է, եւ ներկայացվող թվերն էլ փաստում են, թե մշակութային ոլորտը ինչ դերակատարում ունի այս կամ երկրի զարգացման մեջ: Վաղուց կոտրվել է կարծրատիպը, որ մշակույթի ոլորտը մուրացկանի կարգավիճակում չէ, այն կարող է առանցքային դեր ունենալ տնտեսության մեջ:
Միջազգային փորձագետ Նաիմա Բուռգոն նշեց, որ քառամյա գործունեության ընթացքում ստեղծել են մի մեթոդաբանություն, որը թույլ կտա գտնել մշակութային տեղեկատվության համապատասխան աղբյուրները`7 ձեւաչափերում 22 ցուցիչներով:
«Ջեներեալ Ստանդարտ Քընսալթինգ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները խոսեցին ՄԶՑ տվյալների հավաքագրման մասին եւ ծանոթացրին վերլուծությանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային զարգացման ցուցիչները 7 ձեւաչափերում խմբավորվող 22 քանակական եւ որակական ցուցիչների ընդգրկուն համակարգ է: ՄԶՑ-ի նպատակն է ազգային եւ միջազգային զարգացման ռազմավարության, ինչպես նաեւ մշակութային քաղաքականության ձեւավորման համար տրամադրել փաստերի վրա հիմնված մոտեցում:
Փաստաթղթից երեւում է, որ օրինակ, տարրական դպրոցում ուսումնական ժամերի 16 տոկոսն է նվիրվում արվեստին, միջնակարգ դպրոցի առաջին երկու տարիների ընթացքում այդ արդյունքը կազմում է 8,33 տոկոս: Պարզվում է նաեւ, որ Հայաստանում չկան հատուկ ուսումնասիրություններ, որոնք կարող են ամբողջությամբ ներկայացնել ինքնության ձեւավորմանն ուղղված մշակութային իրադարձությունները: Ըստ փաստաթղթի, 2015-ի տվյալներով ՀՀ 1000 քաղաքացիներից միայն 170,6-ն են այցելում թատերական ներկայացումներ, 60,9-ը`համերգներ:
Փաստաթղթի ներկայացումից հետո լայն քննարկումներ ծավալվեցին, եղան անհամաձայնություններ մշակութային որոշ հ/կ-ների կողմից:
Ռագնար Սիիլը նշեց, որ քննարկումները օգտակար են հետագա վիճակագրության, մշակութային քաղաքականության գնահատման եւ մշակման պրոցեսը բարելավելու առումով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ