Մինսկում Ալեքսանդր Լապշինի ձերբակալման վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված է ակտիվ աշխատանք մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների եւ այլ գործընկերների հետ:
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պաշտոնական նամակով ներկայացրել է իր դիրքորոշումը Լապշինի գործով:
Դ. Միյատովիչը, մասնավորապես, տեղեկացրել է, որ հետեւում է ռուսաստանցի բլոգեր եւ լրագրող Ալեքսանդր Լապշինի գործին Մինսկում նրա ձերբակալման օրից՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած:
Ըստ Դունիա Միյատովիչի՝ ինքն ամբողջությամբ տեղեկացված է, որ Ա.Լապշինին Ադրբեջանում սպասվում են ծանր պատիժներ, եթե նրան Բելառուսի իշխանություններն արտահանձնեն: Ուստի, բազմիցս դիմել է ԵԱՀԿ-ում Բելառուսի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, ինչպես նաեւ նամակ է ուղարկել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ հայտնելով մտահոգություններ այն մասին, որ հանձնելու դեպքում Լապշինը կարժանանա անարդար վերաբերմունքի՝ որպես վրեժխնդրություն իր լրագրողական գործունեության եւ իր տեսակետները արտահայտելու համար, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մարդու իրավունքների կարեւոր հիմնահարցերի հետ:
Կարդացեք նաև
Դունիա Միյատովիչը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հավաստիացրել է, որ դիմել է Բելառուսի իշխանություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելու այդ գործին այն առումով, որպեսզի Լապշինի իրավաչափ լրագրողական գործունեություն իրականացնելը չսահմանափակվի: Դ. Միյատովիչը նաեւ վստահեցրել է, որ ուշադրությամբ հետեւելու է այս գործի հետագա զարգացումներին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ