Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինվորը չի կարող 15 րոպեի ընթացքում որոշում ընդունի ինքնասպան լինել, ուրեմն միջադեպ է եղել». Վաղարշակ Հարությունյան

Հունվար 27,2017 17:36

Aravot.am-ը այսօր «Հենարան» ակումբում ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին հարցրեց՝ բանակից այսօրվա դժգոհությունները ձեր ժամանա՞կ էլ կար, այն ժամանա՞կ էլ էին սեւազգեստ մայրերը բողոքի ակցիաներ անում ու դժգոհում, որ իրենց որդու սպանությունը ինքնասպանություն են ուզում սարքել եւ այլն: Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց, որ իր օրոք էլ սպանությունները փորձել են կոծկել ու սարքել ինքնասպանություն, այդ խնդիրը եղել է. «Բայց ես միշտ գնահատում էի, որ ինքնասպանությունն ավելի ծանր հանցագործություն է եւ պատժում էի ավելի խիստ, քան սպանությունը, որովհետեւ զինվորը չի կարող 15 րոպեի ընթացքում որոշում ընդունի ինքնասպան լինել: Ուրեմն այդտեղ միջադեպ է եղել, հասցրել են դրան, իսկ եթե հրամանատարը դա չի նկատել, ուրեմն ինքն իր տեղում չէ»:

Վաղարշակ Հարությունյանը վստահեցրեց, որ այսօր մեր բանակը մարտունակ է եւ կարողանում է կանխել լայնածավալ պատերազմը. «Եթե Ադրբեջանը մի վայրկյան իմացավ, որ ինքը կարող է առաջ գնալ, կգնա դրան: Ալիեւի ելույթները լսեք՝ ասում է՝ Ղարաբաղը իմն է, Երեւանը, Զանգեզուրը, Մեղրին մերն է, մենք դա կվերցնենք: Մենք նման բան չենք ասում, որովհետեւ դա մեզ պետք չի, չենք ասում Բաքուն կվերցնենք: Ինքը ասում է, սա իրողություն է, որ պետք է հասկանանք: Մենք ինչ պետք է անենք՝ երկու տարբերակ կա: Կամ մենք պետք է մեր շահերը պաշտպանենք կամ…հանձնվենք: Մենք այդ տրամաբանությամբ պետք է շարժվենք եւ խոսենք ոչ թե նրա մասին, որ բանակում զոհվում են, այլ պիտի խոսենք նրա մասին՝ ինչ անենք, որ ավելի քիչ զոհվեն»:

Ըստ պարոն Հարությունյանի, Ադրբեջանը, որն ունի նավթադոլար, իրականում չի կարողանում մեզ հետ մրցավազքի մեջ մտնել սպառազինության առումով, ավելի թույլ սպառազինություն ունի գումարային, քան մենք. «Ադրբեջանի զենքի 80 տոկոսը 80 թվականի է: Դա չի նշանակում, որ վատ զենք է, մեր հրթիռային համակարգը 60 թվականների համակարգ է, որը կանխում էր պատերազմը 96-ից՝ մինչեւ Իսկանդերի այստեղ գալը: Ինքը չունի այդպիսի համակարգ, հիմա ուզում է Իսրայելից վերցնի, չի կարողանում, չունի նման համակարգ: Հակահրթիռային համակարգ է ուզում, ուզում է ծախսել հարյուրավոր միլիոններ, որ ապահովի իր քաղաքների պաշտպանությունը մեր այս համակարգից, բայց դա Ադրբեջանին չի հաջողվի , որովհետեւ այդպիսի հակահրթիռային համակարգեր ունեն ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն, չկա էլ նման համակարգ»:

Հարցին՝ ինչն է պատճառը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցը հետաձգում են, Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքական դրդապատճառնե՞րը կան, նրա՞նք են արգելակում՝ Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց, որ այդպիսի միջազգային կառույցներում ինքը ծառայել է եւ նման հարցեր միշտ էլ առաջանում են, երբ տարբեր պետություններ չեն գալիս կոնսենսուսի. «Նույնը հիմա է: Որոշում կա, որ պետք է ռոտացիոն կարգով գնա, ժամանակ է պահանջում այս հարցը, որ այս համակարգը սկսի գործել: Միջազգային կառույցներում՝ կլինի Անվտանգության խորհրդում, ՄԱԿ-ում, ՀԱՊԿ-ում, շատ հարցերի շուրջ համաձայնության չեն գալիս»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031