Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԱՀՀԿ-ը հրապարակեց 2016 թվականն ամփոփող իր ավանդական տարեգիրքը

Հունվար 27,2017 16:42

27 հունվարի 2017թ., Երեւան: Ընթերցողի սեղանին դրվեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) 2016 թվականի գլխավոր հաշվետու գիրքը՝ ՌԱՀՀԿ փորձագիտական խմբի եւ հրավիրյալ մասնագետների միասնական ուժերով թողարկված «Հայաստան-2016. Չսերտած դասեր» աշխատությունը, որի շնորհանդեսն այսօր տեղի ունեցավ Կենտրոնի գրասենյակում: Միջոցառմանը մասնակցում էին ժողովածուի հեղինակները, վերլուծաբաններ, քաղաքագետներ, մամուլի եւ քաղաքացիական հանրության ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ՌԱՀՀԿ հետազոտությունների տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը ողջունեց ներկաներին՝ նշելով, որ սույն հրատարակությունը ծավալով փոքր, բայց բովանդակությամբ ու թեմատիկ ընդգրկումներով բավական ծանրակշիռ է: «Քանի որ 2016 թվականը համընկել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի հետ, տարեգրքի որոշ նյութեր մատուցված են երկուսուկես տասնամյակի կտրվածքով: Եվ հետադարձ մի հայացք ձգելով անկախության անցած ուղուն, ցավով պետք է արձանագրել, որ քառորդ դարի ընթացքում մեզանում չարմատավորվեց այն հիմնական մեխանիզմը, որով ստեղծվում է իրավական պետությունը»,- ասաց Սարգսյանը:

Ներկայացված փորձագիտական-վերլուծական ուսումնասիրությունները, ինչպես շեշտվեց շնորհանդեսի ընթացքում, նվիրված են մի շարք բնագավառներում ժամանակի օրախնդիր պահանջների, մարտահրավերների վերհանմանը, քաղհասարակության, հոգեւոր դասի, ներքին ու արտաքին քաղաքականության չլուծված խնդիրներին, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազմի չսերտված դասերին եւ այդ համատեքստում մեր երկրի անվտանգության ու պաշտպանունակության ամրապնդման հրամայականներին:

Տարեգրքում իրենց արծարծած թեմաների հիմնական դրույթներին հակիրճ անդրադարձան տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, Իրավաբանների հայկական ասոցիացիայի եւ Շվեյցարիայի շրջանավարտների ասոցիացիայի խորհուրդների անդամ Մարատ Ատովմյանը, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը, Երեւանի պետական համալսարանի դասախոս Մերուժան Հարությունյանը եւ ուրիշներ՝ ուրվագծելով այն օրակարգի շրջանակները, որն այսօր Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտամշակութային կյանքում կարոտ է ավելի խորն ու համակողմանի լուսաբանման:

«Հայաստան-2016. Չսերտած դասեր» աշխատության շնորհանդեսին ներկա էր եւ ամփոփիչ խոսքով հանդես եկավ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանը՝ կարեւորելով ՌԱՀՀԿ-ի բարձրարժեք, անաչառ ուսումնասիրությունների տրամադրման ավանդույթը, որը նպաստում է հասարակական կարծիքի ու ազատ կամարտահայտման միջավայրի ձեւավորմանը: «Եթե մեր պետական այրերը ջանային գոնե ժամանակ տրամադրել եւ մի փոքր խորամուխ լինել այս գրքի առաջարկած գաղափարների, մտքերի, դեղատոմսերի էության մեջ, հայ ժողովուրդն այսօր մի մեծ քայլ մոտեցած կլիներ իր երազած Հայաստանին»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը Երեւանում գտնվող առաջատար վերլուծական հաստատություն է: Որպես շահույթ չհետապնդող հիմնարկություն, որը հանձնառու է իրականացնելու բազմագիտակարգ, արհեստավարժ հետազոտություններ ու վերլուծություններ, այն ձգտում է բարձրացնել համազգային դիսկուրսի մակարդակը եւ ընդլայնել քաղաքականության կայացման գործընթացում քաղաքացիական ներգրավվածությունը՝ խթանելով առավել համապարփակ հանրային գիտելիքները: Հիմնադրված լինելով 1994թ. ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ՌԱՀՀԿ-ն տարիների ընթացքում ձեռք է բերել ազգային եւ միջազգային քաղաքականության հարցերի լայն շրջանակը փորձագիտական վերլուծության ենթարկող առաջնային աղբյուրի նշանակալի համբավ:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031