«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում հունվարի 27-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստան տեղափոխված սիրիահայերի ինտեգրմանն ու նրանց կարիքների գնահատմանը նվիրված հանդիպում:
IDeA հիմնադրամի, «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի, «Առաքելություն Հայաստան» կազմակերպության համատեղ ջանքերով և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցեցին ավելի քան 50 սիրիահայեր, որոնցից 16-ը Հայաստան են տեղափոխվել IDeA հիմնադրամի նախաձեռնության շրջանակներում:
Հանդիպմանը հրավիրված էին նաև վերջին տարիների ընթացքում Հայաստան մշտական բնակության տեղափոխված սիրիահայերը, ովքեր նոր ժամանած սիրիահայերին պատմեցին հայրենիքում հաստատվելու, աշխատելու, գործարարությամբ զբաղվելու իրենց հաջողության պատմությունները:
Հանդիպման մասնակիցներին ներկայացվեցին և տրամադրվեցին IDeA հիմնադրամի աշխատակիցների կողմից պատրաստված տեղեկատվական նյութեր, որոնք կօգնեն սիրիահայերին կողմնորոշվել Հայաստանում ընտանեկան բյուջե կազմելու, բիզնես հիմնելու և վարելու հարցում:
Կարդացեք նաև
«Սիրիահայերի համար շատ կարեւոր է հաղթահարել ինտեգրման հետ կապված հոգեբանական դժվարությունները: Այդ պատճառով մենք որոշեցինք փորձի փոխանակում կազմակերպել Հայաստան վերջերս տեղափոխված եւ ավելի վաղ հայրենադարձված սիրիահայերի միջեւ: Մեր կազմակերպությունն անհատապես աշխատում է Սիրիայից Հայաստան տեղափոխված յուրաքանչյուր ընտանիքի հետ՝ տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն եւ աջակցելով նրանց ինտեգրման ու աշխատանքի տեղավորման գործում», – ասաց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ղեկավար Վարդան Մարաշլյանը։
Սիրիահայերին աշխատանքով ապահովելու նպատակով հանդիպմանը հրավիրած էին նաև հայաստանյան մի շարք ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նրանք սիրիահայերին ներկայացրին իրենց կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերը:
«Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության ղեկավար Արմեն Մինասյանի խոսքով, IDeA հիմնադրամի ուշադրության կենտրոնում են գտնվում ոչ միայն Հալեպում բնակվող, այլեւ Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրները:
«Մեր գործընկերների հետ համատեղ ջանքերով կազմակերպված այս հանդիպումը յուրահատուկ հնարավորություն է ընձեռում քննարկել սիրիահայերի ինտեգրմանն առնչվող խնդիրները, ճիշտ գնահատել նրանց կարիքները եւ ուղիներ գտնել՝ նրանց աշխատանքով ապահովելու համար: Մենք նախատեսում ենք նմանատիպ հանդիպումները դարձնել պարբերական»,-ընդգծեց «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության ղեկավարը:
Հանդիպումը եզրափակվեց հարց ու պատասխանով, որից հետո սիրիահայերը գործատու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ զրուցելու հնարավորություն ունեցան։
Մամլո հաղորդագրություն