Դեռ հստակ չէ` Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող դաշինքը եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքը կհամագործակցե՞ն, թե`ոչ: Այսօր, ՀԴԿ համագումարին մասնակցող «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը պատասխանելով այդ հարցին, հիշեցրեց իրենց կուսակցության համագումարի որոշումը եւ կոչը`ուղղված քաղաքական ուժերին, անհատ գործիչներին եւ հանրությանը`համախմբվել եւ հասնել դրական արդյունքի: «Ես մնում եմ այն կարծիքին, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր հաղթահարել բոլոր սպառնալիքները եւ մարտահրավերները, որոնք կանգնած են ՀՀ-ի առջեւ»,-ասաց նա:
Լրագրողների բոլոր ճշտող հարցերին ի պատասխան, Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ պարբերաբար հանդիպումներ է ունեցել տարբեր կուսակցությունների եւ գործիչների հետ. «Նաեւ ես այն քաղաքական գործիչն եմ, որը ողջունել է Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն եւ ընդգծել, որ նա լուրջ անելիքներ ունի մեր երկրի եւ ժողովրդի համար: Նաեւ ասեմ, որ 2003 թվականից մենք ունենք անձնական ջերմ հարաբերություններ, պարբերաբար հանդիպում ենք, նաեւ հանդիպում ենք այս ժամանակահատվածում: Եթե դուք թույլ կտաք, ես ավելի մանրամասներ չեմ ներկայացնի: Բայց կարող եմ ասել, որ այդ հանդիպումները իմ եւ պարոն Ծառուկյանի միջեւ շատ արդյունավետ են»:
Միավորվել-չմիավորվելու ի՞նչ ազդակներ է ստացել Գագիկ Ծառուկյանից`հարցն այսպիսի պատասխան ստացավ. «Կան անձնական ջերմ կոնտակտներ իմ եւ Ծառուկյանի միջեւ: Թույլ տվեք մանրամասներ ձեզ չներկայացնել»:
Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ միայն համախմբումն ու կոնսոլիդացիան իրավիճակը կփրկեն: Եթե հաջողվի ստեղծել լուրջ բեւեռ, ապա հնարավոր կլինի Հայաստանում արմատական, հեղափոխական բարեփոխումներ իրականացնել: Սա նա համարում է այս խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունը: Ներկա իրավիճակը, ըստ նրա, կարող է կրկնել 1999 թվականի «Միասնություն» դաշինքի նախադեպը, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, գործող նախագահի պարագայում, Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը տպավորիչ հաղթանակ տարավ`հույսեր արթնացնելով հայ ժողովրդի մոտ: Նման հնարավորություն ինքն այսօր տեսնում է:
Կարդացեք նաև
Aravot.am-ի ռեպլիկին`դրանից հետո «Հոկտեմբերի 27» եղավ, Վիկտոր Դալլաքյանը հակադարձեց, որ այդ ոճրագործությունը պետական մակարդակով դատապարտվել է եւ իր կատարած համեմատությունն այդ ոճրագործության հետ կապ չունի: Ինքը խոսում է Հայաստանում արմատական բարեփոխումներ իրականացնելու հույսերի մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ