Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական բանակում մեզանից ավելի են զոհվում». ՊՆ նախկին նախարարը՝ մեր բանակում զոհերի մասին

Հունվար 27,2017 16:07

Այսօր ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը «Հենարան» ակումբում հարցին՝ օրինաչափությո՞ւն եք համարում, որ բանակում հիմնականում ծառայում են եւ առաջնագիծ են գնում աղքատ ընտանիքների երեխաները՝ պատասխանեց. «Երբ որ ես առաջին զորակոչն անցկացրեցի, ես պահանջեցի, որ ներկայացնեն ինձ, թե ինչ ընտանիքներից են նրանք զորակոչվել: Ես ցուցակը մի օր ձեզ ցույց կտամ, ինձ մոտ կա: Պետք է դա վերահսկել»:

Aravot.am-ի հարցին՝ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ տվյալներով՝ Հայոց բանակում անցյալ տարի եղել է 82 մահվան դեպք, որից 7-ը սպանություն է, 12-ը՝ ինքնասպանություն, 14-ը՝ դժբախտ պատահար, 2-ը մահացել են առողջական խնդիրներից, 1-ը մահացել է էլեկտրահարումից 13-ը՝ անհայտ պատճառներով, իսկ միայն այս տարվա 25 օրերի ընթացքում արդեն 5 մահվան դեպք ունենք, սա վտանգավոր չէ՞ այսքան մեծ թիվը զոհերի՝ Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ չի վստահում այդպիսի տվյալներին. «Ադրբեջանական բանակում մեզանից ավելի են զոհվում, համեմատենք իրենց հետ: Իրենք փակել են տվյալները: Այն օրը նայում եմ՝ ԶԼՄ-ները ասում են՝ հերթական զոհը՝ հայկական բանակում: Սա ի՞նչ է, դուք պատկերացնո՞ւմ եք այն ծնողների վիճակը, որոնք նայում են ու իրենց երեխաները ծառայում են, ամեն օր այդպիսի բաներ են գրվում: Սա աջակցո՞ւմ է բանակին, սա բարձրացնո՞ւմ է մարտական ոգին: Մենք ճի՞շտ ենք անում, երբ որ գտնվում ենք պատերազմական իրավիճակում եւ այդպիսի բաներ են ասվում: Ես հասկանում եմ, մի կողմից պետք է վերահսկողություն լինի, որ չկոծկեն այդ դեպքերը, մյուս կողմից էլ պետք է գիտակցենք, որ սա նաեւ ռազմական գաղտնիք է, նաեւ ազդում է բարոյահոգեբանական վիճակի վրա: Ես կարող եմ միանշանակ ասել, որ մեր բանակի զոհերը շատ չեն, այդ թիվը բարձր չէ: Պետք է ամեն ինչ անել, որ դա ավելի քիչ լինի»:

ՊՆ նախկին նախարարը հորդորեց գնալ խրամատ, զգալ հոգեբանական վիճակը. «Տանը, որ մարդիկ նստած են, հեռուստացույց են դիտում, խորովածը կա, բան կա, իրար հետ երեխեքը կռվում են, դա՝ տանը: Բանակում ինչ է լինում»:

Անդրադառնալով զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների համար 1000 դրամ պետտուրքին՝ Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ եթե մարդը զոհվում է պետության համար, հայրենիքի պաշտպանությանն է նվիրում կյանքը, ապա պետությունը իրեն եւ իր ընտանիքին պետք է ապահովի համապատասխան արժանապատիվ ապրելակերպ: Ես համարում եմ դա ճիշտ որոշում, նույնիսկ համարում եմ ուշացած: Դա պետք է ավելի շուտ ընդունվեր: Դա պետության եւ մեր պարտավորությունն է, մարդիկ գնում են իրենց կյանքը զոհում են, մենք այստեղ հանգիստ ապրում ենք: Այստեղ ես չեմ կարծում, որ որեւէ մեկի մոտ առաջացնի բացասական բան: Հետագայում այս համակարգից պետք է անցնել այլ համակարգի, որտեղ հիմնադրամի ծախսերը պետք է իր վրա վերցնի պետությունը: Սա ես համարում եմ ճիշտ որոշում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031