Լրահոս
Օրվա լրահոսը

44 զինվորին՝ հազիվ 20 հատ ավտոմատ. Վաղարշակ Հարությունյանը պատմում է, թե ինչ բանակ ենք ունեցել

Հունվար 27,2017 15:43

ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի էր եկել մի շարք պատմական փաստաթղթերով, թե ինչպես է ձեւավորվել բանակը, 91-ին ինչ կառուցվածք է ունեցել, որ ջոկատին քանի փամփուշտ են կարողացել տալ, քանի զինվորին քանի զենք է հասել եւ այլն:

Նրա բացատրելով՝ այդ ամենը իմանալով միայն կարող ենք հասկանալ հաղթանակի իրական գինը, թե ինչպես, ինչ միջոցներով ենք հասել հաղթանակի:

Վաղարշակ Հարությունյանի խոսքերով՝ «Ես որ ռազմական օպերացիաներ էի կազմակերպում, օգտագործում էի Հրշեջ վարչության կապի միջոցները….Ամեն ինչի պակաս ունեինք՝ սպայական կազմի, զենքի, զինամթերքի: Օրինակ,Սիսիանի ջոկատը կազմված էր 57 հոգուց եւ ուներ 27 ավտոմատ: Մեղրիի ջոկատը 44 հոգի էր՝ 20 հատ ավտոմատ: Տավուշի ջոկատը 55 հոգի էր, ուներ 29 ավտոմատ: Մենք չունեինք սպայական կազմ, հիմնական սպայական կազմը ՀՀ վերադարձավ 92-ին՝ Սովետական միության փլուզումից հետո: Երբ շտաբը ես ձեւավորեցի, ունեի բանակի 4 սպա»:

Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ զորակոչիկները սկզբում մարտական գործողություններին չէին մասնակցում: Առաջին զորակոչն անցկացվեց Ազատության հրապարակում:

Պարոն Հարությունյանը հիշեց, թե ինչ մեծ ոգեւորություն կար բանակ գնալու, ընդ որում՝ բանակը սկզբնական շրջանում ձեւավորվել է կամավորական սկզբունքով:

Պարոն Հարությունյանը վստահեցրեց, որ լուրջ ճանապարհ ենք անցել եւ բանակն այսօր մասնագետների այն խնդիրը չունի, ինչ ուներ 91-ին: Նախկինում դասակի, վաշտի հրամանատարը սերժանտ է եղել, քանի որ սպաներ չեն ունեցել. «Պատկերացնո՞ւմ եք դա ինչ է նշանակում: Մարտական պատրաստությունը, կարգապահությունը այդ օղակն է իրականացնում, եթե սպա չկա, ո՞վ պետք է զինվորին սովորեցնի: Գնդի հրամանատարը դրանով չի զբաղվում: Մենք չունեինք: Հետո բացեցինք Վազգեն Սարգսյանի ինստիտուտը եւ բացը լրացրեցինք: Այն ժամանակ մեծ քանակի զոհեր ունեինք, որովհետեւ ներքին օղակի վերահսկողությունը շատ թույլ էր՝ սպաների բացակայության պատճառով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031