Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանը Գագիկ Ծառուկյանի հետ չի հանդիպել

Հունվար 27,2017 15:40

«Անձամբ ես դեմ չեմ եղել հրամանագիրը ստորագրելու պահին և հիմա էլ դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը: Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները»,- երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ասաց  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, որ ինքն իրավական խնդիր չի տեսնում:

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը հակառակ կարծիքին է: «Միանշանակ, իրավական խնդիր կա: Մեծամասնությունն ինչ որոշի, մեզ համար ընդունելի կլինի, բայց եկեք իրար չխաբենք, նույնիսկ ամենապարզ հարցում իշխանությունները ճիշտ որոշում չեն կարողանում կայացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա`հավելելով, որ նախ պատերազմի օրը պետք չէ ընտրություն անցկացնել, ապա՝ ապրիլի 2-ին ընտրությունների նշանակումը Սահմանադրության կոպտագույն խախտում է:

Վարդան Օսկանյանը մասնակցում էր ՀԴԿ համագումարին:

Հարցին`ճշտվե՞ց, Սեյրան Օհանյա՞նն է ղեկավարելու դաշինքը, ասաց. «Երբ հստակեցվեց`առաջինը դուք կիմանաք»:

Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքի հետ համագործակցության մասին տարբեր հարցերին, Վարդան Օսկանյանն ասաց, որ իրենք ի սկզբանե էլ հայտարարել են`որեւէ քաղաքական ուժի, բացառությամբ իշխող ուժի հետ, համագործակցությունը չեն բացառում: Անձամբ Օսկանյանը Ծառուկյանի հետ չի հանդիպել, չի խոսել, բայց քննարկումներ գնում են, իրենք դեմ չեն համատեղ մասնակցությանը. «Բոլոր ուղղություններով բոլորի հետ խոսում ենք, ուզում ենք, որ դաշինքը հնարավորինս լայն լինի, որպեսզի հաղթանակի հնարավորությունն ավելի մեծ լինի»:

Վարդան Օսկանյանը նորմալ է վերաբերվում, որ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը դեմ էր արտահայտվել, որպեսզի դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը: «Մեր կուսակցությունում տարբեր կարծիքներ կան, ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքն արտահայտել»,- ասաց Վարդան Օսկանյանը: Նա չի կարդացել Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ սա օլիգարխիկ հեղափոխություն է լինելու, ուստի կարծիք չհայտնեց:

Հարցին`միայն Կարեն Անդրեասյա՞նն է դեմ, որ Սեյրան Օհանյանը գլխավորի դաշինքը, Վարդան Օսկանյանն ասաց, որ չի ուզում մեկնաբանել որեւէ մեկի կարծիքը, որ իրենց կուսակցությունում տարբեր մարդիկ կան, յուրաքանչյուրն էլ կարող է իր կարծիքն ունենալ:

Վարդան Օսկանյանը տեղյակ չէ նաեւ Սեյրան Օհանյանի երեկ արած այն հայտարարությանը, որ եթե ոչ ընտրություններով, ապա գուցե հեղափոխական գործընթացներն անխուսափելի են լինելու: «Չգիտեմ`ինչ է ասվել: Մեր առաջ կա ընտրություններ, ընտրություններով…»:

Aravot.am-ի հարցին`ՀՀԿ-ից օրերս հեռացած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ համագործակցության եզր տեսնո՞ւմ է, Վարդան Օսկանյանն ասաց, որ դեռ չգիտի, թե Հովիկ Աբրահամյանն ի՞նչ է անելու, կհստակեցնի`կերեւա: Հետաքրքրվեցինք`ինքն է՞լ է կարծում, որ Հովիկ Աբրահամյանի դուրս գալով ՀՀԿ-ն փլուզվում է, Վարդան Օսկանյանն ասաց. «Ինձ դա չի հուզում»:

Լրագրողներից մեկն էլ նկատեց`մամուլը գրում է, որ Սամվել Բաբայանը, փոխարենը Սեյրան Օհանյանի, իր լոբբինգն է անում եւ իր անունից բանակցություններ է վարում: «Ես դա չեմ նկատել»,- ասաց նա: Նաեւ ասաց, որ վերջին զարգացումները Ռոբերտ Քոչարյանի հետ չի քննարկել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031