Տուլայի տարածաշրջանում 2015 թ. աշնանը Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի
փաստը վերահաստատեց, որ միջազգային ուղևորափոխադրումների ոլորտի
կանոնակարգումը մեր երկրում հրատապ վերանայման կարիք ունի: Դեռ 2006թ.
ընդունված և մինչև վերջերս որևէ լուրջ փոփոխության չենթարկված
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում անհրաժեշտ էին փոփոխություններ և լրացումներ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից առաջարկվեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Մոտ 1 տարի անց` 2016 թվականի դեկտեմբերին, Ազգային ժողովում այն ընդունվեց, իսկ այս տարվա
հունվարին վավերացվեց ՀՀ նախագահի կողմից: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը նշեց, որ
իրավական բարեփոխումների նպատակը միջազգային ուղևորափոխադրումների
անվտանգության բարձրացումն ու սպասարկման որակի բարելավումն է: Խոսքը
վերաբերում է և՛ կանոնավոր, և՛ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին:
Նախկինում գործող օրենքի համաձայն՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներից
պահանջվում էր ուղևորների անվանացուցակ և վճարման անդորրագիր, որոնք
ներկայացվում էին Հայաստանի սահմանից դուրս գալիս: Այդ պահանջները
չբավարարելու դեպքում սահմանված էր տույժ` 20.000 դրամի չափով: Նախարարի տեղակալ Արամ Արսենյանը նշեց, որ փոխադրողների մեծամասնությունն
այս պայմաններում ոչ կանոնավորի անվան տակ փաստացի իրականացնում է
կանոնավոր փոխադրումներ:
«Այս օրենքով խստացրել ենք այդ պահանջը` վարչական պատասխանատվությունը
հասցնելով մինչև 300.000 դրամի: Բացի այդ, որպեսզի անվանացուցակը ձևական
բնույթ չկրի, այն պարտադիր պետք է ներկայացվի ինչպես Հայաստանից դուրս
գալիս, այնպես էլ հանրապետություն մուտք գործելիս։ Պետք է լինի նույն
անվանացուցակը` առավելագույնը 10 տոկոս տարբերությամբ»,- ասաց նախարարի
տեղակալը: Ոչ կանոնավոր ուղևորափոխադրողների համար սահմանվել է նաև 150.000 դրամի չափով պարտադիր տուրք:
Կարդացեք նաև
Դրանից բացի, խստացվել են տոմսերի իրացման կանոնները: Միջազգային
փոխադրումների ուղետոմսերը կվաճառվեն կա՛մ ավտոկայաններում, կա՛մ այն
կազմակերպությունների կողմից, որոնք պայմանագիր ունեն «Հայավտոկայարան» ՓԲ ընկերության հետ: Այն երկրներից, որոնց հետ Հայաստանը տրանսպորտային ոլորտը կարգավորող համաձայնագրեր չունի, դեպի Հայաստան ուղևորներ փոխադրողի վերջին կանգառը պետք է լինի Հայաստանում գործող որևէ ավտոկայան:
«Այդ ավտոկայանում տվյալ տրանսպորտային միջոցն անպայման կենթարկվի
տեխնիկական, իսկ վարորդները՝ բժշկական զննության»,-պարզաբանեց Արսենյանը։ Խստացվել է անվտանգության ևս մեկ բաղադրիչի վերահսկողություն. այսուհետ միջազգային փոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցներում պարտադիր է տախոգրաֆի առկայությունը: «Ավելի վաղ արտադրության մեքենաներում նախատեսվում է անալոգային
տախոգրաֆների տեղադրում, իսկ նոր մեքենաներում թվային տախոգրաֆները
սովորաբար ներկառուցված են լինում։ Դրանք հնարավորություն կտան վերահսկել
վարորդի աշխատանքային ռեժիմը Հայաստանի տարածքում և դրա սահմաններից
դուրս»,- ասաց տրանսպորտի վարչության պետի տեղակալը։
Հյուսիսային ավտոկայանի բուժկետը վերջերս նորոգվել է: Դեռ չեն հասցրել
կահավորել, բայց առողջությունից գանգատվող վարորդներին և ուղևորներին
սպասարկում են: Ավտոկայանի բուժքույր Քրիստինե Ասատրյանն ասաց, որ վատառողջ վարորդներին ղեկին մոտ չի թողնում:
«Վարորդների ճնշումն ենք չափում, հարցուփորձ անում ինքնազգացողությունից,
եթե գանգատներ են ունենում, համապատասխան բուժօգնություն ենք տրամադրում,
իսկ եթե գնահատում ենք, որ ինքնազգացողությունը բավարար չէ, փոխարինվում է
ուրիշ վարորդով»,- նշեց բուժքույր Քրիստինեն։
Շուտով այստեղ բժշկական զննություն կանցնեն նոր երթուղիների վարորդները:
Նախատեսվում է ներդնել 6 կանոնավոր երթուղի` դեպի Ռուսաստանի տարբեր
քաղաքներ: Կշահագործվեն ինչպես խոշոր, այնպես էլ միջին տեղատարողությամբ
ավտոբուսներ: Նախարարությունն արդեն հայտարարել է փոխադրողների մրցույթ։
Դավիթ Մելքոնյանը տեղեկացրեց, որ հայտատուների թիվը բավական մեծ է: Օրենքի
փոփոխությունները կանոնավոր-ոչ կանոնավոր վերադասավորումները դարձրել են
անխուսափելի:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում…
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն