Հունվարի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը նշեց ստեղծման 1-ամյակը։ Ի դեպ, հենց այդ սրահում էր մոտ մեկ տարի առաջ կայացել քառյակի առաջին բեմելը։ Քառյակը ստեղծվել էր մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 95-ամյակի առթիվ։
Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլներից է։ Այն եզակի է իր կազմով՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա)։
Հարությունյանի անվան քառյակի համերգն ինքնատիպ հաշվետվություն էր՝ մեկամյա գործունեության ամփոփում։ Իսկ գործունեության մեկ տարին քառյակի համար շատ հագեցած է եղել։ Այն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել աշխարհում՝ իր եզակիությամբ և կատարողական բարձր արվեստով։
Քառյակի երաժիշտները նկատում են, որ նպատակ ունեին նոր խոսք ասել երաժշտական աշխարհում։ Եվ ուրախ են, որ իրենց նոր խոսքն ընդունվեց ու սիրվեց, և այսօր շատ կոմպոզիտորներ ստեղծագործություններ են գրում հատուկ իրենց կազմի համար։
Կարդացեք նաև
Երեկոյին ներկա էր նաև կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի դուստրը՝ Նարինե Հարությունյանը, ով բարձր գնահատեց այն աշխատանքը, որ քառյակն արել է մեկ տարվա ընթացքում։ «Երաժիշտները բավականին մեծ գործ են արել՝ համերգներ Հայաստանում, հյուրախաղեր Չինաստանում, Լիբանանում, Ռուսաստանում։ Ձայնագրել են ձայնասկավառակ, կոմպոզիտորները հատուկ նրանց համար գործեր են գրում։ Կարծում եմ՝ սա մեծ ձեռքբերում է առաջին տարվա համար, և հույս ունեմ՝ այդպես էլ կշարունակվի»,- ասաց Նարինե Հարությունյանը։
Համերգի ընթացքում հնչել են Պյոտր Չայկովսկու, Ալեքսանդր Հարությունյանի, Սերգեյ Պրոկոֆևի, Լեոնարդ Բերնսթայնի գործերից։ Դրանք բոլորը փոխադրումներ են հատուկ այս քառյակի համար։
Երեկոյի ընթացքում տեղի է ունեցել նաև Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի ձայնասկավառակի շնորհանդեսը։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին