Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխապտույտ արագությամբ մեր ընդդիմադիր դաշտը ընդլայնվում է. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 27,2017 11:49

Գլխապտույտ արագությամբ մեր ընդդիմադիր դաշտը ընդլայնվում է։ Ավելի ճիշտ՝ պայմանական ընդդիմադիր դաշտը։ Առավոտյան արթնանալով, առաջին հերթին լրահոսն ենք նայում, թե էլ ով է իշխանությունից դուրս գալով՝ իրեն ընդդիմադիր հայտարարում։ Այս տեմպերով իշխանությունում շուտով ընդամենը 2 հոգի կմնան. Սերժ Սարգսյանն ու Հրանտ Մարգարյանը։

Քանի որ ընդդիմադիր կոչվող դաշտը խիստ խայտաբղետ է, ստիպված ենք մի փոքր այն դասակարգել։ Ուրեմն, կա ընդդիմության «իշխանություն» հատվածը, որը ներկայացնում են դեռ օրեր առաջ իշխանության մեջ գտնվող մարդիկ, որոնք զրկվելով իշխանությունից, կամ՝ պարտվելով ներիշխանական պայքարում, հանկարծ հայտնաբերել են, որ երկիրը կործանվում է, ու ոնց որ թե անարդարություն կա։ Սակայն մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրների, մարտահրավերների շուրջ այս հատվածը որեւէ տարաձայնություն իշխանության հետ չունի։ Ընդամենը ասում են՝ սա վատ իշխանություն է, եթե մենք լինենք իշխանություն, մենք ավելի լավը կլինենք։ Թեպետ տարիներ շարունակ իշխանություն են եղել եւ այդպես էլ չենք տեսել, թե ինչով են լավը։

Ահավասիկ, երեկ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել հերթական ուղերձով, որտեղ բացատրել է, թե ինչու է դուրս եկել պետական համակարգից։ Պատմական մի քանի էքսկուրս է արել դեպի ԽՍՀՄ-ը, հիշեցրել վերջինիս դրական ու բացասական կողմերը։ Խոսել է Հայաստանում ձեւավորված անարդարության, հարուստների եւ աղքատների, քայքայված տնտեսության մասին։ Վերջում էլ եզրափակել է. «Հերի՛ք է միայն խոսել համակարգային փոփոխությունների մասին, բայց կոնկրետ ոչինչ չառաջարկել։ Պետք է մարդկանց ցույց տալ, թե ինչը ինչով է փոխարինվելու եւ ինչպես է կյանքը փոխվելու»։

Հիմա շատ օրինական եւ նորմալ հարց պետք է տալ Սեյրան Օհանյանին. 2008 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր գլխավորած ընդդիմադիր շարժումով ոչ միայն խոսեց համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին, այլեւ պատրաստ էր կոնկրետ քայլեր անել, մարդկանց ցույց տվեց, թե ինչը ինչով է փոխարինվելու եւ ինչպես է կյանքը փոխվելու։ Եղե՞լ է նման բան։ Եղել է։ Ի՞նչ է արել Սեյրան Օհանյանը. տանկերով ու սնայպերներով ճզմել է այդ շարժումը։ Թույլ չի տվել, որ տեղի ունենան համակարգային փոփոխություններ։ Հիմա ինչպե՞ս նա պետք է համակարգային փոփոխությունների տեղը ցույց տա, եթե դրանց դեմ ամենաբիրտ մեթոդով պայքարել է։ Չենք ասում, որ 2008-ի մարտի 1-ի հիմնական պատասխանատուն է, բայց պատասխանատվության իր բաժինն ունի։

Դրա համար էլ այսպիսի ուժերին անվանում ենք իշխանություն ընդդիմադիր դաշտում։ Եվ կա ընդդիմության «ընդդիմադիր» հատված, այսինքն, այն ուժը կամ ուժերը, որոնք տարիներ շարունակ ընդդիմություն են եղել, այդ դիրքերից են հանդես եկել, իշխանության մաս չեն կազմել, ունեցել են իրենց գաղափարական արժեքները, պետության զարգացման վերաբերյալ սեփական տեսակետները, որոնք տրամագծորեն տարբերվել են իշխանության մոտեցումներից եւ հիմա էլ են իրենց գաղափարներով հակադրվում իշխանությանը։

 

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031